Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ ութերորդ համարը
Ընթերցողին է ներկայացւում «Դրօշակի» 2025 թուականի օգոստոսեան համարը։ Պաշտօնաթերթի այս համարի յօդուածների մեծ մասը նուիրուած է Վաշինգտօնում ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցութիւնների արդիւնքներին եւ ընդունուած փաստաթղթերին, որոնց առանցքում է, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Ամերիկեան ուսումնասիրութիւնների հայկական կենտրոնը, այս առիթով «Դրօշակին» տրամադրած յօդուածում, անդրադառնում է հայութեան համար մի շարք կարեւոր հանգամանքների, որոնք բխում են վաշինգտոնեան հանդիպումից, ինչպէս եւ արտացոլուած են շրջանառութեան մէջ դրուած երկու փաստաթղթերից։
Մոսկուայի Սեւծովեան-Կասպիական տարածաշրջանի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սարգիս Սարգսեանը վերլուծում է հաւանական միջանցքի խնդիրը աշխարհաքաղաքական համատեքստում՝ անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին, որոնք էլ բխում են դերակատար երկրների շահերից։
Ինչպէս վերեւում ակնարկեցինք նոյն թեմային անդրադարձ կայ նաեւ «Դրօշակում» հրապարակուած միւս յօդուածներում, որոնց ասելիքը գլխաւորապէս Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական եւ ոչ միայն քաղաքական խիստ տագնապալի իրողութիւններն են՝ հակազգային իշխանութիւնների արկածախնդրական գործունեութեամբ պայմանաւորուած։ Մասնաւորապէս «Առաջնորդողում» խօսւում է այն մասին, որ երկիրը ներքաշելով ճակատագրական գործընթացների մէջ օրուայ իշխանութիւնները, առաջնորդուելով սոսկ սեփական իշխանութեան վերարտադրութեան նպատակով, փորձում են պղտոր գործընթացներից, աճպարարի պէս, դուրս բերել Խաղաղութեան հասնելու կեղծ պատկերը առաջիկայ ընտրութիւններում հերթական անգամ ժողովրդին մոլորեցնելու համար։
Պատմաբան Անի Մելքոնեանը անդրադարձել է օգոստոս ամսին հայ ժողովրդի համար տեղի ունեցած պատմական կարեւորութեան երկու իրադարձութիւնների՝ 1920 թ․օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագրի ստորագրմանը եւ 1990 թ․օգոստոսի 23-ին ՀՀ խորհրդարանի կողմից Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի ընդունմանը։ Այս յօդուածի խորագիրը յուշում է, թէ որն է հրապարակման ասելիքը՝ «Սեւրի սինդրոմը կամ հայոց պահանջատիրութեան ուրացման փաշինեանական քաղաքականութիւնը»։
