Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը
Յունիսի 16-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիը: Իշխան Սաղաթելեանը նախ ընթերցեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան 28-րդ Գերագոյն ժողովի յայտարարութիւնը ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Մասնակցելու ենք ԱԺ այդ նիստին եւ այդ ժամանակ կը համոզուէք, որ դա ամբողջութեամբ ապօրինի, կեղծ գործընթաց է. ասաց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով Գլխաւոր դատախազի միջնորդագրին՝ թոյլ տալու Սեյրան Օհանեանի եւ Արծուիկ Մինասեանի նկատմամբ քրէական գործ յարուցել։
«Այս իշխանութեան ձեռագիրն է, եթէ նայենք անցնող ժամանակահատուածը՝ սրանց իշխանութեան հիմնական յենարանն ուժային կառոյցներն են, որոնք շարունակում են դիմադրութեան բոլոր օջախները․ ազգային ուժերին, անհատ գործիչներին թիրախաւորել, քրէական գործերով փորձել կաշկանդել, որպէսզի պահէն իրենց իշխանութիւնը»,-ասաց նա։
Սաղաթելեանը շարունակեց. «Գլխաւոր դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինեանին օգնականի կարգավիճակում եւ այդ կերպարից չի կարողանում դուրս գալ»։
Ըստ նրա՝ նա ոչ թէ քրէական հետապնդում պէտք է յարուցեր Արծուիկ Մինասեանի դէմ, այլ պէտք է ընթացք տար Արծուիկ Մինասեանի կողմից դատախազութիւն ներկայացուած Նիկոլ Փաշինեանի պետական դաւաճանութիւն կատարելու մասին հաղորդմանը։
«Այդ ժամանակ կստացուեր, որ դատախազը իրօք զբաղւում է պետական շահերով»,-ասաց նա։
Իրանում մեր ազգային կառոյցի ներկայացուցիչների հետ կապի մէջ ենք, վսահեցնում եմ՝ մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրութիւն առնվզան այս պահին չկայ, բայց երկիրը գտնւում է լայնածաւալ պատերազմի մէջ, ունենք մեծ թուով հայրենակիցներ, ազգային կառոյցներ, եւ կայ շատ մեծ մտահոգութիւն. յայտարարեցԻշխան Սաղաթելեանը ՝ անդրադառնալով հարեւան Իրանում պատերազմին եւ ՀՀ-ի համար հնարաւոր վտանգների մասին հարցին։
«Արդյօք այս իշխանութիւնները ձեռնարկում են քայլեր այդ սպառնալիքները չէզոքացնելու կամ մեղմելու ուղղութեամբ. նայելով սրանց անցնող 7 տարուայ գործունէութիւնը՝ ձախողման, պարտութեան եւ անյաջողութիւնների պատմութիւն է։ Այս առումով քայլեր ձեռնարկում են թէ ոչ՝ հանրային կերպով չի երեւում, եւ դժուարանում եմ ասել՝ ներքին կարգով կայ, թէ ոչ»,-ասաց նա։
Ըստ Սաղաթելեանի՝ այդ վտանգը առնուազն Սիւնքի մասով կայ եւ մտահոգութիւնն է, որ Ադրբեջանը կօգտուի Իրանում տեղի ունեցող իրադրութիւններից։
Ըստ Իշխան Սաղաթելեանի Իմպիչմենտի նախաձեռնողներից ոմանք չափը կորցրել են. «Ի՞նչ են նշանակում ձեւակերպումները, որոնք տալիս են «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներին: Այստեղ արդէն կոնկրէտ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխաններն ումի՞ց ենք ուզելու: Մեր գործընկերներն այս մակարդակով եւ այս ձեւո՞վ են խօսում մէզ հետ, շանտաժի այս լեզուով»,-ասաց նա։
Սաղաթելեանը նշեց, որ իրենք «Պատիւ ունեմ» խմբակցութեանը պարզ հարցադրումներ են արել՝ արդեօ՞ք պակասող երկու ստորագրութիւնը կայ գործընթաց սկսելու համար եւ փողոցային գործընթաց լինելո՞ւ է, թե՞ չէ։ Նա նշեց՝ քանի որ կոնկրէտութիւն չի եղել, իրենք բոլոր պատգամաւորների ստորագրութիւնները հրապարակել են՝ ցոյց տալու համար, որ համաձայն են Դաւիթ Համբարձումեանի թեկնածութեանը։
«Ասել ենք՝ քանի որ նաեւ յայտնի չէ, թէ երբ է այս գործընթացը սկսւում, հրապարակային կան ստորագրութիւնները, մի կենտրոնացեք մէզ վրայ, եկեք մենք էլ ձեզ հետ աշխատենք պակասող ստորագրութիւնները բերելու համար, յատկապէս, եթէ գնում ենք 54-ի հետեւից: Դրանից յետոյ ինչի՞ ենք արժանացել»,-ասաց նա։
2026 թուականի խորհրդարանական ընտրութիւններից առաջ Հայաստանը պէտք է պատրաստ լինի իրադարձութիւնների ցանկացած զարգացման, այդ թւում՝ փողոցային պայքարի. ասաց Իշխան Սաղաթելեանը։
«Մենք պէտք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ի վերջոյ, ընտրութիւններից առաջ շատ բան կպատահի։ Միթէ հնարաւոր չէ, որ կնքուի կապիտուլեացիայի համաձայնագիր, որն այժմ ներկայացւում է որպէս խաղաղութեան պայմանագիր», – ասել է Սաղաթելեանը։
Այս համատեքստում պատգամաւորը չի բացառել իշխանափոխութեան համար փողոցային պայքարի սկիզբը՝ յաւելելով, որ նախեվառաջ անհրաժեշտ է պատրաստուել դրան։
Մամուլի ասուլիսը՝ տեսանիւթում