Վերաքննիչ քրէական դատարան ներկայացրել էինք բաւականին ծաւալուն բողոք, ինչպէս նաեւ անդրադարձել էինք մի շարք հիմնահարցերի ու ապօրինութիւնների, որոնք տեղի են ունենում գործարար Սամուել Կարապետեանի գործով, եւ, իհարկէ, հիմնական պահանջը նրանում էր, որ կալանքը րոպէ շուտ վերացուի։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է գործարարի փաստաբան Արամ Վարդեւանեանը։
Ցաւօք սրտի, ըստ նրա, քաղաքական հետապնդման անասելի ճնշման պայմաններում Վերաքննիչ դատարանը չի կարողացել ամբողջութեամբ բաւարարել պաշտպանների կողմից ներկայացուած բողոքը։
«Բայց, մի կարեւոր իրաւական դիրքորոշում է ներկայացուել, որը բաւականին խոցելի է դարձնում նոյնիսկ այս աբսուրդի պայմաններում եւ այս ճնշումների պայմաններում ամբողջ վարոյթը։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ այլեւս այս գործի ձգձգումը յանգեցնում է մարդու իրաւունքների հիմնարար խախտման։ Տեսեք, 2025 թուականի հոկտեմբերի 16-ին Սամուել Կարապետեանի գործով հերթական ակնյայտ անհիմն եւ ապօրինի միջնորդութիւնը, որը ներկայացուել էր կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերեալ, բաւարարուել էր մասնակի, միայն 1 ամսով էր երկարաձգուել։ Իրականում պատճառը նրանում էր, որ այս վարոյթն ունի որոշակի ժամկէտներ։ Կոչի դրուագով մեղադրանքն ունի ժամկէտ, դա 5 ամիսն է, բացառիկ դէպքերում անհրաժեշտ փորձաքննութիւն իրականացնելու համար կարող է երկարաձգուել եւս 1 ամսով, դրանից աւելի ժամկէտ նախատեսուած չէ այդ մեղադրանքի համար։ Վերաքննիչ դատարանը փաստացի այդ խնդիրը այլեւս արձանագրել է, եւ այդ խնդիրը մենք մեր նախաձեռնութեամբ բարձրաձայնել ենք թէ՛ գրաւոր միջնորդութիւններով, թէ՛ բանաւոր միջնորդութիւններով»,- նշել է փաստաբանը։
Վարդեւանեանի խօսքով՝ Սամուել Կարապետեանի դէպքում Քրեական դատաւարութեան օրէնսգիրքը կարելի է փակել, քանի որ այն չի գործում։
«Վերաքննիչ դատարանը փաստացի արձանագրել է, որ ժամկէտներն արդէն տրամաբանութիւնից դուրս են, ինչ-որ իմաստով, նաեւ օրէնքից են դուրս, դրանում է առաջանում մարդու իրաւունքների հիմնարար խախտման հանգամանքը։ Մենք քանիցս քննչականին եւ դատախազութեանը դիմել ենք, որ 53 քննիչներից բաղկացած խումբն ինտենսիւ գործողութիւններ կատարի, թող այս գործը կարճէն կամ ուղարկէն դատարան, որպէսզի մենք այլեւս կաշկանդուած չլինենք նախաքննական գաղտնիքով, եւ հանրութիւնը տեսնի, թէ իրապէս սա ինչ աբսուրդային եւ շինծու գործ է»,- եզրափակել է Վարդեւանեանը։
