Քաղբանտարկեալների երկիր «ժողբաստիոնը»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այնպէս չէ, իհարկէ, որ հայրենի հասարակական-քաղաքական միջավայրում «քաղբանտարկեալ» եզրոյթը նոր է գործածուում: Նախորդ տասնամեակներում էլ ժամանակ առ ժամանակ ընդդիմութիւնը, հասարակական ակտիւիստները, առանձնապէս՝ գրանտային սնուցմամբ «իրաւապաշտպան» ներկայացողները գործածել են «քաղբանտարկեալ» տերմինը: Այո, եղել են քաղաքական գործիչներ, որոնք ազատազրկուել են այս կամ այն պատճառով: Նրանց մի մասի պարագայում, իհարկէ, շատ դժուար է եղել այդ բնորոշումը տալ: Բայց, ամէն պարագայում, եղել են:
Սակայն այ թէ ինչն է շատ աւելի ուշագրաւ: Տեսեք, 2018 թուականից այս կողմ «քաղբանտարկեալ» եզրոյթը դարձել է գրեթէ ամենօրեայ քննարկման թեմա, լրահոսային շրջանառման առարկայ: Այն օրից, ինչ Նիկոլ Փաշինեանը հասաւ իշխանութեան, Հայաստանում ծայր առան քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական բանտարկութիւնները: Ամէնից վատն այն է, որ փաշինեանական իշխանաւարման 7 տարուայ ընթացքում այդ յոռի երևոյթը տարեցտարի աւելի է արմատաւորուել, մետաստազները տարածուել են, դրսևորումները դարձել են շատ աւելի ցինիկ, ակնառու և ընդգրկուն:
Երբ խօսում ենք փաշինեանական ռեժիմի քաղաքական բանտարկեալների մասին, ապա ամէնից ակներև օրինակները երևակուում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարենի, ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանեանի օրինակներով: Ամէնից ողբերգականը պրոդիւսեր Արմէն Գրիգորեանի դէպքն էր. մարդն իր հարցազրոյցում արած արտայայտութեան, պարզ ասած՝ Փաշինեանի իշխանութեան դէմ արտայայտուելու համար կալանաւորուեց և մահացաւ հենց դատարանի դահլիճում:
Այդ իմաստով Արմէն Գրիգորեանը, անկասկած, փաշինեանական չարաղէտ իշխանավարման ևս մէկ զոհ է ու քաղբանտարկեալութեան իւրատեսակ խորհրդանիշ:
Հարկաւ, պրոֆեսիոնալ փաստաբանները, իրաւապաշտպանները թերևս մեզ կուղղեն՝ նշելով, որ Արմէն Գրիգորեանը աւելի շուտ «խղճի կալանաւոր» էր, քան քաղբանտարկեալ: Բայց դա զուտ մասնագիտական նրբերանգ է, որից յոռի երևոյթն ու դրա ողբերգականութիւնը չեն փոխուում:
Կարելի է յիշատակել նաև զանգուածային քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, երբ իշխանութիւններն իրենց ռեպրեսիւ մարմինների միջոցով մարդկանց հետապնդում էին, ձերբակալում, «բերման ենթարկում», խուզարկութիւնների ու ճնշումների, տոյժ-տուգանքների ենթարկում բացառապէս այն պատճառով, որ մասնակցել են ընդդիմադիր կամ հակաիշխանական օրինական ակցիայի (ցոյցի, երթի, պիկետի և այլն):
Պէտք է արժանին հատուցել Փաշինեանին ու ՔՊ-ին. նրանք իրօք կարողացել են իրաւապահ համակարգը դնել իրենց կրնկի տակ, դարձնել իրենց քաղաքական շահերի կոյր սպասարկուն: Հիմա, թէ դա ինչպէ՞ս են արել, հարցի մի կողմն է: Էականը փաստացի հետևանքն է: Եւ միայն իրաւապահ ու քննչական կոչուող մարմինները չեն այդ «քաղսպասարկման» վիճակում:
Ոչ պակաս վտանգաւոր ու աւերիչ է այն, որ արդարադատութեան համակարգը, դատական իշխանութիւնն է արդէն մեծամասամբ դրուած Փաշինեանի կրնկի տակ: Անպատկառությունն ու ցինիզմն այնտեղ են հասել, որ Փաշինեանը ֆեյսբուքեան գրառում անելով՝ կալանաւորման ուղիղ հրահանգներ է տալիս, իսկ ինչ-ինչ դատաւորներ «դակում» են այդ ստատուսները, իսկ գլխաւոր դատախազն էլ հանրային հեռուստաընկերութեան եթերից… գործնականում դատավճիռ է կարդում:
Աւելին, Փաշինեանի իշխանավարման շրջանում ոչ միայն «քաղբանտարկեալը» դարձել է ամենօրեայ գործածման բառ, այլև կալանաւորումը դարձել է քաղաքական հակառակորդներին «շարքից հանելու», մեկուսացնելու ռեպրեսիվ միջոց: Պատժի միջոց, ինչպէս նշում են իրաւաբանները: Ընդ որում, գնալով աւելի ու աւելի յաճախակի են դառնում դէպքերը, երբ կալանքն իսկապէս ոչ թէ խափանման միջոց է սոսկ, այլ հենց պատժելու միջոց: Հաշուի առնենք՝ ժամանակը ցոյց տուեց, որ քրէական գործերի մեծ մասը պարզապէս «ջուր» է, կարուած է, աւելին՝ մեծ մասի դէպքում դատարանի որոշում չի էլ եղել, եղածն էլ արդարացնող է եղել, բայց մարդիկ ամիսներով, տարիներով մնում են անազատութեան մէջ, որ Նիկոլի սիրտը փառաւորուի:
Որքան էլ միջազգային իրավակիրառ պրակտիկայում յատուկ շեշտուում է դրա անընդունելի լինելը, Նիկոլ Փաշինեանը նոյնքան յամառութեամբ դա դարձրել է իր սիրելի գործիքը՝ ընդդիմադիրներին ազատութիւնից զրկելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու համար:
Այստեղ ուշագրաւ է այն հանգամանքը, որ Արևմուտքը, միջազգային կառոյցները, «ժողովրդավարական» երկրների դեսպանատները, որ նախկինում նման դէպքերում վայնասուն կդնէին ու դնում էին, հիմա աչք են փակում այս կարգի անօրինականութեան վրայ: Լռում են: Թէպէտ, կարելի է նաև ենթադրել, որ Փաշինեանից այս կամ այն զիջումը կորզելու համար, փակ դռների ետևում, նրան կարող են և ճնշել՝ սպառնալով աղմկել քաղբանտարկեալների, խղճի կալանաւորների մասին… Այսինքն, այս լռութիւնն էլ իր գինն ունի:
Իսկ քաղբանտարկեալների թիւն աւելանում ու աւելանում է, քաղբանտարկեալլների շարքերը խտանում են: Քաւ լիցի, միայն վերջին մէկուկէս ամսուայ ընթացքում Փաշինեանի հրահանգով անազատութեան մէջ են յայտնուել գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանը, ՀԱԵ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանեանն ու Միքայէլ Աջապահեանը, ՀՅԴ-ական Իգոր Սարգսեանը, ԱԺ ընդդիմադիր պատգամաւոր Արթուր Սարգսեանը, տասնեակ ընդդիմադիրներ…
Ու դժուար չէ պատկերացնել, որ ինչքան ընտրութիւնները մօտենան, այնքան աւելի կատաղի թափով է Փաշինեանը թքած ունենալու օրէնքների ու Սահմանադրութեան վրայ: Դժուար չէ պատկերացնել, թէ Փաշինեանն ինչ կատաղի թափով է կալանքը գործածելու որպէս քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու գործիք, որպէս իր իշխանութիւնը պահելու գործիք:
Թէ ինչու է Փաշինեանը ուզում պահել իր իշխանութիւնը, պարզ է ու հասկանալի: Անհասկանալին այն է, թէ ինչու է հանրութիւնը շարունակում «պահել» նման իշխանութիւն: Գուցէ նրա համար, որ ՀՀ քաղաքացիների, ասենք, 95 տոկոսը «քաղբանտարկեալի» կարգավիճակ ունենա՞յ: Թէ գուցէ այլ՝ աւելի վատ կարգավիճակ»։