Յունուարի 21-ին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել յատուկ ինքնաթիռ, որում արտաքսուած քաղաքացիներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրուարի – Sputnik, Դաւիթ Գալստեան.
ՀՀ կառավարութիւնը հրաժարւում է հրապարակել ԱՄՆ-ից արտաքսուած քաղաքացիների թիւը։
Աւելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ-ն յատուկ չուերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։
Արտաքսուած քաղաքացիների վերաբերեալ մանրամասներ իմանալու համար մենք գրաւոր մի քանի հարց էինք ուղղել ՀՀ ներքին գործերի նախարարութեանը. Նշուած չուերթով քանի՞ քաղաքացի է ժամանել Հայաստան, ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք, արդյօք բոլորն ունեն ՀՀ քաղաքացիութիւն,
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրուելուց յետոյ քանի՞ նոյնանման չուերթ է եղել դէպի ՀՀ, քանի՞ քաղաքացի է տեղափոխուել Հայաստան,
ԱՄՆ-ն տեղեկացրե՞լ է, թէ քանի քաղաքացի է նախատեսում հարկադիր վերադարձնել ՀՀ։
Նոյն հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ նաեւ ԱԳՆ–ից։ Արձագանքել է ՆԳՆ–ն, բայց մենք մեր հարցերի պատասխանն այդպէս էլ չենք ստացել։
«Յայտնում ենք, որ օտարերկրեայ պետութիւններից Հայաստանի Հանրապետութիւն, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութիւնից օտարերկրեայ պետութիւններ վերադարձուող քաղաքացիների վերաբերեալ տեղեկատուութիւնը հանդիսանում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրէնքի 3-րդ յօդուածի 1-ին մասի 2-րդ կէտով նախատեսուած սահմանափակ տարածման ծառայողական տեղեկութիւն, որը ենթակայ չէ հրապարակման»,– ասուած է ՆԳՆ–ի պատասխանում։
Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է անօրինական միգրանտներին արտաքսելու խոշոր գործողութիւն իրականացնելու մտադրութեան մասին։ ԱՄՆ ներքին անվտանգութեան նախարար Քրիստի Նոեմն աւելի ուշ յայտնեց, որ երկրի տարածքից 3 միլիոն միգրանտ է արտաքսուել, որոնցից 2,2 միլիոնը կամաւոր հեռացել են «ինքնաարտաքսման» ծրագրով։
