Հայոց եկեղեցին պէտք է անյապաղ կարգալոյծ անի բոլոր ապստամբ հոգեւորականներին. Յարութ Սասունեան

Հայոց եկեղեցին պէտք է անյապաղ կարգալոյծ անի բոլոր ապստամբ հոգեւորականներին. Յարութ Սասունեան

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտէրեանն անցեալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարոյց յայտարարութիւն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինեանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ առկայ լարուած յարաբերութիւնները։

Վերջերս արքեպիսկոպոս Տերտէրեանը նաեւ համատեղ յայտարարութիւն էր ստորագրել ինն այլախոհ այլ բարձրաստիճան հոգեւորականների եւ Փաշինեանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական տալ՝ Եկեղեցու բարեփոխման պատրուակով: Անհեթեթ է հաւատալ, որ այս ապստամբ հոգեւորականներն ի զօրու են բարեփոխել Եկեղեցին, քանի որ նրանցից ոմանք ծանր անբարոյական եւ քրէական արարքներ են կատարել:

Ազգային անվտանգութեան ծառայութիւնը շանտաժի է ենթարկել նրանց՝ սպառնալով հրապարակել նրանց յանցագործութիւններն ու ապօրինի գործերը, ինչի հետեւանքով նրանք հարկադրուած են եղել միանալ Փաշինեանի հակաեկեղեցական արշաւին: Վեց ամիս շարունակ Կաթողիկոսի հրաժարականը պարտադրելու անյաջող արշաւից յետոյ, վարչապետը փոխել է մարտավարութիւնը՝ ճնշում գործադրելով մի խումբ հոգեւորականների վրայ, որպէսզի Կաթողիկոսին պաշտօնանկ անելու գործում նրանք միանան իրեն, այդպիսով պառակտում առաջացնելով Եկեղեցու ներսում։ Կան մի քանի լուրջ խնդիրներ այն քայլերում, որոնք փորձում են իրականացնել Փաշինեանը եւ դժգոհ հոգեւորականները.

1) Վարչապետը խախտում է Սահմանադրութեամբ ամրագրուած Եկեղեցու եւ պետութեան բաժանման սկզբունքը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։

2) Վերջին կիրակի օրերին Փաշինեանն աջակցել է կարգալոյծ արուած որոշ «հոգեւորականների»՝ մասնակցելով նրանց կողմից Հայաստանի մի քանի եկեղեցիներում մատուցուած չարտօնուած Պատարագներին:

3) Մասեացոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գեւորգ Սարոյեանը դատական ​​հայց է ներկայացրել Կաթողիկոսի դէմ՝ իրեն փոխարինելու համար։ Դատաւորը, Փաշինեանի հրամանով, վերականգնել է առաջնորդին՝ այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրութիւնը եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) դրոյթները։ Հայ առաքելական եկեղեցին պէտք է ՄԻԵԴ բողոք ներկայացնի Հայաստանի կառավարութեան դէմ՝ Եւրոպական դատարանի այն դրոյթները խախտելու համար, որոնք արգելում են պետութեանը միջամտել Եկեղեցու ներքին որոշումներին։

Արքեպիսկոպոս Տերտէրեանն անցած շաբաթ իր յայտարարութեան մէջ թուարկել է Կաթողիկոսին դէմ լինելու 11 պատճառ։ Ահա իմ հակափաստարկները․ Հիսուս Քրիստոսն ասել է. «Թող առաջինը քարը նետի նա՛, ով անմեղ է» (Հովհաննես 8։7): Հիսուսը նաեւ ասել է. «Կեղծաւոր, նախ քո աչքից գերանը հանի՛ր եւ ապա կը տեսնես, թէ ինչպէս եղբորդ աչքից շիւղը հանես» (Մատթէոս 7։5): Այս աշխարհում ոչ ոք կատարեալ չէ, ներառեալ Կաթողիկոսը, բայց նրանք, ովքեր քննադատում են նրան, պէտք է մաքուր ձեռքեր ունենան եւ, ամէնից առաջ, ճշմարտութիւնն ասէն: Արքեպիսկոպոս Տերտէրեանը Կաթողիկոսին մեղադրում է հետեւեալում.

1-Պարտակելէ Արշակ արքեպիսկոպոսի ենթադրեալ անպարկեշտ արարքը․նա հերքել է այս անհիմն մեղադրանքը: Նրան անարդարացիօրէն ձերբակալել եւ բանտարկել են: Բարոյական անպարկեշտութեան մեղադրանքը, նոյնիսկ եթէ ճիշտ է, յանցանք չէ, որի համար անձը կարող է օրինականօրէն հետապնդուել կառավարութեան կողմից:

2-Յորդորել է կարգալոյծ վանականին եւ նրա մօրը՝ մասնակցել կառավարութեան դէմ բողոքի ցոյցին։ Սա բացարձակ սուտ է։

3-Չի արձագանքել կուսակրօնութեան երդումը խախտելու վերաբերեալ մեղադրանքներին։ Բամբասանքներն ապացուցուած փաստէր չէն, իսկ լուրերը չհերքելը մեղաւորութեան ապացոյց չէ։ Արեւմտեան թեմի առաջնորդի շուրջ եւս բամբասանքներ են շրջանառւում, սակայն նա դրանցից որեւէ մէկը չի հերքել։

4-Լռութիւն է պահպանել այն բանից յետոյ, երբ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը իր եղբօրը՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, մեղադրել է օտարերկրեայ գործակալ լինելու մէջ: Սա եւս մէկ կեղծ մեղադրանք է՝ հիմնուած կեղծ փաստաթղթի վրայ: Այնուհանդերձ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը հերքել է այդ մեղադրանքը:

5-Չի բացայայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսները: Արքեպիսկոպոս Տերտէրեանը պէտք է աւելի շատ մտահոգուած լինի այն փաստով, որ Արեւմտեան թեմը Սուրբ Ղեւոնդի տաճարի համալիրը Կալիֆորնիայի Բըրբանքում քաղաքում կառուցել է հանրութիւնից հաւաքագրուած տասնեակ միլիոնաւոր դոլարներով, սակայն չեմ յիշում, որ տեսած լինեմ հաշուետուութիւն այն մասին, թէ ինչպէս են ծախսուել այդ գումարները:

6-Արքեպիսկոպոս Տերտէրեանի գլխաւորած բարեփոխումների յանձնաժողովի կողմից մշակուած եկեղեցական կանոնադրութիւնները մնացել են թղթի վրայ։ Ինչո՞ւ նա այս բոլոր տարիներին չի բողոքել այս անգործութիւնից, եւ ինչո՞ւ է իր ձայնը բարձրացնում միայն հիմա՝ վարչապետի կողմից Եկեղեցու դէմ քաղաքական արշաւին միանալուց յետոյ։

7-Միանձնեայ գործելաոճը։ Նմանատիպ մեղադրանքներ կան նաեւ արքեպիսկոպոս Տերտէրեանի գերիշխող ղեկավարման ոճի վերաբերեալ։ Օրինակ՝ ոչ ոք չի համարձակւում բարձրաձայնել, երբ նա հոգեւորականներին նշանակում է պաշտօնների՝ առանց Թեմական խորհրդի հետ խորհրդակցելու։

8-Եկեղեցու քաղաքականացումը եւ «պետութեան խաղաղութեան օրակարգին» հակադրուելը։ Եկեղեցին չի կարող լուռ մնալ՝ ականատես լինելով Փաշինեանի կործանարար գործողութիւններին։ Նա չի կարող խաղաղութիւն հաստատել՝ անվերջ զիջումներ անելով Հայաստանի թշնամիներին։ Եկեղեցին դէմ է ոչ թէ պետութեանը, այլ գործող իշխանութիւնների պարտուողական քաղաքականութեանը։

9-Իր քննադատներին վարկաբեկելու համար ընդյատակեայ լրատուական արշաւ է մղում: Արքեպիսկոպոս Տերտէրեանը Կաթողիկոսին սխալ կերպով ներկայացնում է որպէս հասարակայնութեան հետ կապերի մասնագէտ:

10-Եկեղեցու թուլացումը, «ժողովրդին աղանդների ճիրաններում թողնելը»։ Սա շարունակական խնդիր է Հայաստանի անկախացումից ի վեր։ Սխալ է մեղադրել միայն գործող Կաթողիկոսին։ Արքեպիսկոպոս Տերտէրեանը պէտք է աւելի շատ մտահոգուած լինի Լոս Անջելեսում առկայ խնդիրներով, որտեղ լայնօրէն տարածուած է աղանդաւորական գործունէութիւնը, մարմնավաճառութիւնը եւ թմրամոլութիւնը։

11-«Հակապետական ​​​​եւ առճակատման ​​​​քաղաքականութիւն» վարելը: Սա 8-րդ կէտի կրկնութիւնն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դէմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը: Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտէրեանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատութիւններում։ Որպէս 36 տարուայ առաջնորդ (Կանադայ՝ 1990-2003թթ․եւԱրեւմտեանԱՄՆ՝ 2003թ-իցմինչօրս) եւ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ՝ն ահնազանդորէն ծառայելէԿաթողիկոսին՝ առանցորեւէ բողոքի մինչ օրս։ Արքեպիսկոպոս Տերտէրեանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թէ սխալ, պէտք է քննարկուեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատուած ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լուացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն եւ օտարացնում հաւատացեալներին: Հայոց Եկեղեցու եւ հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտէրեանը միանայ Փաշինեանի քաղաքական արշաւին, որի միակ նպատակը ոչ թէ Եկեղեցու բարեփոխումն է, այլ յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից յետոյ իր վարչապետի պաշտօնի երկարաձգումը։ Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտէրեանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինեանը նրան խոստացել է դարձնել յաջորդ Կաթողիկոս։ ԱՄՆ-ի Արեւմտեան Թեմական խորհուրդը պէտք է քննարկի արքեպիսկոպոս Տերտէրեանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրութիւններ անցկացնելով։ Ժամանակն է, որ Հաեոց Եկեղեցին կարգալոյծ անի Տերտէրեանին եւ միւս բոլոր հոգեւորականներին, որոնք խախտել են իրենց կրօնական երդումները եւ միացել վարչապետ Փաշինեանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու եւ պետութեան շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։

Յարութ Սասունեան

Share