ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն յայտարարութիւններով, այլեւ ֆիզիկապէս. Իշխան Սաղաթէլեան.

ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն յայտարարութիւններով, այլեւ ֆիզիկապէս. Իշխան Սաղաթէլեան.

 Փաշինեանի՝ Վեհարանը «ազատելու», ընդդիմութեան հնարաւոր քայլերի, Դաշնակցութիւնը փակելու եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր  Իշխան Սաղաթէլեանի հետ:  

Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ:

– Պարո՛ն Սաղաթէլեան, վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինեանն արդէն բացայայտ կոչեր է անում Վեհափառին հեռացնելու մասին, իր ասուլիսին էլ յայտարարեց, թէ Վեհարանն «ազատելու է» այնպէս, ինչպէս ՀՀ-ն Սերժ Սարգսեանից. արդեօք սա նշանակում է, որ իրօք պատրաստւում է նորից մարդկանց խմբով յարձակւել Վեհարանի վրայ, ի՞նչ է սպասւում։

– Սրբապիղծ, անհայրենիք այդ մարդուց լաւ բան պէտք չէ սպասել։ Ակնյայտ է՝ նա սելջուկների կամ երիտթուրքերի նման փորձում է յարձակւել Հայ Առաքելական Եկեղեցու վրայ։ Չեմ կարծում, որ հանրային աջակցութիւն ունի այդ հարցում, բայց կարող է իր ստրուկների, ուժային կառոյցների միջոցով ինչ-որ բան փորձել։ Չեմ կարող ասել՝ ինչպէս, երբ, ինչ եղանակով, բայց ակնյայտ է՝ նպատակ ունի վարկաբեկել ու ճնշել Եկեղեցին եւ հնարաւորութեան դէպքում փոխել հոգեւոր բարձր դասը։ Նա երեւի կուզենար մի կաթողիկոս ունենար, ասենք՝ Վահագն Խաչատրեանի նման։

– Կան խօսակցութիւններ, որ Փաշինեանը կարող է մինչեւ կիրակի մտնել Եկեղեցի: Ինչպիսի՞ հակազդեցութիւն է հնարաւոր ընդդիմութեան կողմից։

– Շատ կարեւոր է, որ այս պահին Վեհափառ Հայրապետն ու Եկեղեցու եպիսկոպոսները կոչով դիմեն ժողովրդին։ Սա լուրջ ազդակ կը լինի։ Բացի այդ՝ անհրաժեշտ են քաղաքական ուժերի, ազգային գործիչների, հասարակական շրջանակների յստակ դիրքորոշումներ ի պաշտպանութիւն Եկեղեցու։ Բայց պէտք են նաեւ գործնական քայլեր՝ յարձակումը կանխելու, Վեհարանը պաշտպանելու համար։

– Ի՞նչ գործուն քայլեր պէտք է արւեն:

– Ես պատկերացում ունեմ, բայց այս պահին նպատակայարմար չեմ համարում հրապարակել։ Ակնյայտ է, որ նա այդ ուղղութեամբ գնում է՝ կը լինի վաղը, մի շաբաթ յետոյ, թէ մէկ ամիս անց։ Ու դրան պէտք է պատշաճ արձագանք լինի՝ այդ թւում գործնական։

– Այսինքն, Դուք վստահ էք, որ ընդդիմութիւնը, այդ թւում՝ Դաշնակցութիւնը, պատրաստ է պաշտպանել Եկեղեցին ու Վեհափառին։

– Ես վստահեցնում եմ՝ Դաշնակցութիւնը լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն յայտարարութիւններով կամ դատապարտելով, այլեւ ֆիզիկապէս՝ իր համակիրներով, իր շարքերով։ Մենք գտնում ենք, որ Եկեղեցին պէտք է պաշտպանել։ Թէ դա ինչ ձեւերով ու մեթոդներով, եկէք թողնենք պահին՝ հասկանալու համար նաեւ ինչ են իրենք պատրաստւում անել։ Բայց նորից կրկնեմ՝ շատ կարեւորում եմ Եկեղեցու կոչը ժողովրդին։

– Ասացիք՝ Դաշնակցութիւնը եկեղեցու կողքին է, արդէն խօսւում է նաեւ Դաշնակցութեանը փակելու մասին, իր վերջին ասուլիսին էլ ասաց, եթէ իրաւական հիմքեր լինեն, այս մասով մտահոգութիւններ ունէ՞ք։

-Դաշնակցութեանը նա չի կարող փակել։ Կարող է ձերբակալել դաշնակցականներին, հալածել, բռնաճնշումներ իրականացնել։ Դա նորութիւն չէ։ Բայց մեր գործունէութիւնը կասեցնել չեն կարող։ Մեր դէմ տարիներ շարունակ պայքարել են տարբեր ռեժիմներ, բայց յաջողութիւն երբեք չեն ունեցել։ Նոյնն էլ հիմա կը լինի։ Իրենք իրենց գլուխը պատին կը տան, թէ կը կարողանան փակել Դաշնակցութիւնը։

– Եթէ, այդուհանդերձ, իսկապէս Փաշինեանը հասնի նրան, որ կարողանայ հեռացնել Վեհափառին՝ ինչ է լինելու յետոյ։

– Կանխատեսումներ չեմ ուզում անել։ Ժամանակը ցոյց կը տայ։ Նրա նպատակը պետութիւնը թշնամուն յանձնելն է։ Այո, այս պահին որոշ յաջողութիւններ ունեցել է։ Բայց կը յաջողի, թէ ոչ՝ կախւած է ոչ միայն մեզնից, այլեւ՝ Եկեղեցուց, ազգային ուժերից եւ մեր ժողովրդից։ Եթէ թոյլ տանք, կը յաջողի։ Եթէ չտանք՝ ոչ մի յաջողութիւն չի ունենայ։ Կոչեր շատերը կարող են հնչեցնել, բայց իրական արդիւնք տալիս են նախաձեռնութիւնն ու գործողութիւնը։ Ես մեր անունից կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք ու վերջին դէպքերով էլ նաեւ ցոյց ենք տւել:

– Ասում էք՝ պէտք է Կաթողիկոսը կոչ անի, ինչպիսի՞ կոչ պէտք է դա լինի:

– Կոչը պէտք է ուղղւած լինի ժողովրդին՝ Եկեղեցու պաշտպանութեան գաղափարի շուրջ համախմբելու համար։ Մեր հասարակութեան կողմից ակնկալիք կայ, մարդիկ սպասում են այդ խօսքին։ Քաղաքական ուժերն, իհարկէ, ունեն իրենց պատասխանատւութեան բաժինը։ Բայց սա միայն մէկ կուսակցութեան հարց չէ։ Սա այն օրակարգն է, որը կարող է իսկապէս լայն համախմբում ստեղծել՝ անկախ քաղաքական հայացքներից եւ տարաձայնութիւններից։

– Քննարկումներ եղե՞լ են այլ քաղաքական ուժերի հետ՝ ինչպէս պաշտպանել Եկեղեցին։

– Այո, որոշակի քննարկումներ կան։ Առնւազն մենք կապի մէջ ենք տարբեր ուժերի հետ, խօսում ենք, փոխանակւում մտքերով։

Share