ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը Բաքւում պահւող 23 հայ գերիների (ներառեալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրութեան տակ գտնւող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի յանձնառութիւնների համատեքստում գնահատելու օրէնսդրական եւ վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպէս նաեւ համապատասխան առաջարկներ եւ խորհրդատւութիւններ կատարելու համար։
ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտօնեաներին փոխանցւած են նաեւ մի շարք տեղեկութիւններ Ադրբեջանում դատական համակարգի թերութիւնների, ինչպէս նաեւ ի աջակցութիւն հայ գերիների՝ տարբեր պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների դիրքորոշումների մասին։
Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի կողմից ստեղծւած հարթակը՝ https://armeniancause.net/ հասցէով, որտեղ հնարաւոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղւած ԵԱՀԿ համապատասխան պաշտօնեաներին։
Իւրաքանչիւր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրութեան ու կեանքի համար։ Միջազգային հանրութիւնը պէտք է ճնշում գործադրի Ադրբեջանի եւ նախագհահ Իլհամ Ալիեւի վրայ, որպէսզի դադարեցւեն մարդու իրաւունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակւեն ապօրինի կերպով ձերբակալւած բոլոր հայ գերիները։
Ստորագրութիւնների թիւը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը, նրանց, ովքեր դեռեւս չեն միացել յիշեալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը եւ օժանդակել Բաքւում ապօրինի պահւող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
29 ապրիլի, 2025