Թաներ Աքչամը ներկայացրել է «Ցեղասպան պետութեան ակունքները» գիրքը

Թաներ Աքչամը ներկայացրել է «Ցեղասպան պետութեան ակունքները» գիրքը

Ապրիլի 29-ին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամում կազմակերպւել էր հանդիպում թուրք պատմաբան, ցեղասպանագէտ, Հայկական Հարցին առնչւող թեմաներով բազմաթիւ գրքերի հեղինակ, Լոս Անջելէսում գտնւող UCLA համալսարանի Promise հայկական ինստիտուտի Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների ծրագրի ղեկավար Թաներ Աքչամի հետ։

Թաներ Աքչամը ներկայացրել է «Ցեղասպան պետութեան ակունքները» գիրքը։ Մենագրութեան մէջ հեղինակն առաջարկում է նոր մօտեցում Թուրքիայի հիմնադրման պատմութեանը, ըստ որի՝ հանրապետութեան ստեղծման օրւանից ի վեր Թուրքիայում հաստատւած է ապարտեիդի համակարգ, որը մինչ այժմ դրսեւորւում է փոքրամասնութիւնների նկատմամբ։

«Թէկուզ բազմաթիւ փաստաթղթեր բերէք, որ Թալէաթ փաշան հրամայել է կոտորել հայերին, միեւնոյն է Էրդողանը կը շարունակի ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը։ Թուրքիայի կողմից ցեղասպանութեան ճանաչումը հնարաւոր կը լինի միայն քաղաքական պայքարով»,- ասել է Թաներ Աքչամը։

«Բացայայտել եմ փաստաթուղթ, որ հայերին ցեղասպանելու որոշումը ընդունւել է դեռեւս 1914 թ.-ի դեկտեմբերի 1-ին»,- նշել է նա։

Արցախում պատերազմի դէմ բազմաթիւ ստորագրահաւաքներ ենք արել, որին մասնակցել եմ. յայտարարել է Թաներ Աքչամը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։

Նա նշել է, որ Արցախում մարդկութեան դէմ մեծ ոճիր է իրագործւել. «Ես աջակցում եմ, որ Արցախի ժողովուրդը կարողանայ իրացնել իր իրաւունքները։ Մեծ յոյսեր չեմ փայփայում այդ հարցում, քանի որ դա յիշեցնում են Ցեղասպանութիւնից յետոյ իրենց իրաւունքները վերագտնել փորձող հայերի դէպքերը, յիշեցնում է նաեւ բազմաթիւ այն պաղեստինցիներին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Ամենակարեւորը, որ պէտք է նշեմ, մարդու վերադառնալու իրաւունքն է, որի համար պէտք է պայքարել»։

Նշենք, որ պրոֆեսոր Աքչամի «Ցեղասպան պետութեան ակունքները. 1918-1923 թթ. Թուրքիայի Հանրապետութեան ձեւաւորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը» գիրքը տպագրւել է Newmag հրատարակչութեան կողմից։ Թարգմանութիւնը կատարել է հայ թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի թուրքերէն բաժնի պատասխանատու Մելինէ Անումեանը։

Share