Կարգալոյծ հռչակուած Ստեփան Ասատրեանը (նախկինում՝ Տեր Արամ Ասատրեան) փոխել է Հովհաննաւանքի դռների փականները եւ խոչընդոտում է միւս քահանաների մուտքը եկեղեցի․ ABC Media-ի հետ զրոյցում ասաց Հովհաննաւանքի հոգեւորական Տեր Մանուկ քահանայ Զեյնալեանը։
Մոտ մէկ շաբաթ առաջ ԱԱԾ աշխատակիցները վանքի հոգեւորականներին ու աշխատակիցներին վստահեցրել էին, որ դռների փականների փոփոխութիւնները կապուած են Նիկոլ Փաշինեանի այցի հետ։
«Բոլոր մուտքի դռների միջուկները հանել են։ ԱԱԾ-ն ասել էր՝ Նիկոլ Փաշինեանի գալով է պայմանաւորուած, իբր որոշակի գործողութիւններ պիտի անէին ներսում։ Հիմա մէզ ասում են՝ մէզնից որեւէ մէկը չի կարող գալ եկեղեցի։ Իրաւաբանօրէն Հովհաննաւանքը պատկանում է Մայր Աթոռին ու հայ ժողովրդին։ Ոչ միայն Հովհաննաւանքը, ես որպէս հայ հոգեւորական պաշտօնապէս յայտարարում եմ՝ իւրաքանչիւր սրբավայր, եկեղեցի, մատուռ ու վանք, որոնք նոյնիսկ պետական վերահսկողութեան տակ են, Յուշարձանների պահպանութեան կոմիտէի վերահսկողութեան տակ են, պատկանում են Մայր Աթոռին ու հայ ժողովրդին»,- ասաց Տեր Մանուկ քահանայ Զեյնալեանը։
Ստեփան Ասատրեանը չի սահմանափակուել եկեղեցու դռների փականները փոխելով, նա նաեւ իր հետ տանում է եկեղեցուն պատկանող սուրբ իրեր։
«Առանց ամաչելու բաժանութիւններ են առաջացնում մարդկանց մէջ։ Սա պետական կառոյցի լիազօրութեան ներքոյ է, օրինակ, պատկանում է հնութեան կոմիտեին՝ վերջ, սա մերն է։ Այսպէս «մեր ու ձեր» արեցին, ժողովրդին սենց բաժանեցին, բաժան-բաժան արեցին։ Այնքան փոքրոգի են, որ նոյնիսկ միւռոնն է Ստեփան կոչուածն ամբողջութեամբ վերցրել, տարել հետը»,- ասաց նա։
Մայր Աթոռում տեղեակ են ստեղծուած իրավիճակի մասին։ Տեր Սարգիս քահանան, որը Հովհաննաւանքի միւս քահանան է, ասել է, որ վանքում մի քանի միջոցառումներ են յետաձգուել այդ պատճառով։
Մեզ հետ զրոյցում Տեր Մանուկը յորդորում է չպսակադրուել այն եկեղեցում, որը կիրակի պղծել են։
«Այնտեղ ուժայիններ կան կանգնած, գիւղի մի քանի բնակիչներ էլ կան, որոնք հարում են այդ մտածումներին, ասում են՝ չենք թողնելու հոգեւորականներին մտնել վանք, բայց ինչքա՞ն ժամանակ։ Ես խորհուրդ չեմ տա այդ եկեղեցում պսակադրուել, որովհետեւ կիրակի խորանը պղծուել է-ասաց քահանան։
