ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
Խստօրէն դատապարտում ենք Մերձաւան բնակավայրում տեղի ունեցած զինուած յարձակումը, որի հետեւանքով սպանուել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդեայ Գրիգորեանը եւ քրէական ոստիկանութեան ծառայող Կարէն Աբրահամեանը, եւ վիրաւորուել է մէկ քաղաքացի։
Մեր խորին ցաւակցութիւն ենք յայտնում զոհուածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը։
Վիրաւորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափոյթ ապաքինում։
Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետութիւնում տարիներ շարունակ թուլացւում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիութիւնը, իրաւապահ համակարգն իրականացնում է ընտրովի արդարադատութիւն, իսկ առկայ ներուժն օգտագործւում է քաղաքական հետապնդումների նպատակով:
Հետեւանքները չէն ուշանում՝ հասարակական անվտանգութիւնը գտնւում է լրջագոյն սպառնալիքի տակ։ Այս յանցագործութիւնը հարուած է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլեւ մեր պետութեան ու պետականութեան հիմքերին։
«Իրական Հայաստան» հռչակած իշխանութիւնը տարիներ շարունակ զբաղուած է մտացածին սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով քրէածին միջավայր: Աւելին, պարբերաբար հնչող բռնութեան ու հաշուեյարդարի կոչերով, հանրութեանը «սեւերի ու սպիտակների» բաժանելով՝ պարարտ հող են ստեղծել նման յանցագործութիւնների համար, որոնց թիւը թռիչքաձեւ աճում է:
Իշխանութիւնը քրէականացնում է այլախոհութիւնը, հալածում հոգեւորականներին ու ընդդիմախօսներին, միաժամանակ՝ քաղաքացիներին թողնելով անպաշտպան զինուած յանցագործների դէմ։
Սա արդէն ոչ թէ անգործութիւն է, այլ ուղղակի յանցակցութիւն։
Պահանջում ենք իրաւապահ մարմիններից՝ անյապաղ եւ ամբողջական բացայայտել դէպքը, ինչպէս նաեւ օրէնքի ողջ խստութեամբ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
24.09.25
Երեւան