ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի յայտարարութիւնը Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առթիւ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի յայտարարութիւնը Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առթիւ


Հայոց ցեղասպանութեան փաստը, որպէս մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ իրագործուած ոճիր, ճանաչուած է տասնեակ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանութեան մերժման փաստը, ինչն այդ յանցագործութեան ուղղակի շարունակականութեան դրսեւորում է։ Աւելին, Թուրքիայի Հանրապետութեան կողմից Ադրբեջանին տրամադրուող անվերապահ ռազմաքաղաքական զօրակցութիւնը յանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականութեան գործադրման՝ Թուրքիայի ուղղակի եւ անուղղակի ներգրաւմամբ։ Այդ գործողութիւնները լիովին համապատասխանում են «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնւենցիայի պահանջներին, որոնցով սահմանւում է ցեղասպանութիւն յանցագործութիւնը։

Ելնելով վերոգրեալից եւ կարեւորելով ցեղասպանութիւնների կանխարգելման գործում միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին պետութիւնների կոնւենցիոն պարտաւորութիւնները` ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը յայտարարում է.

1. Թուրքիայի Հանրապետութիւնն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականութիւնը, մնում է Հայաստանի Հանրապետութեան համար գոյութենական սպառնալիք՝ յետապնելով Հայաստանի անկախութեան, ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետութեան հետ բովանդակային եւ առանց նախապայմանների բանակցութիւնների մէջ ներգրաւուելու քաղաքական կամքը։

2. Հայոց ցեղասպանութեան իրողութեան ժխտման պետական քաղաքականութիւնը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլեւ հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողութիւն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրաւուած մնալ հայ ժողովրդի հանդէպ ցեղասպանական գործողութիւններում։

3. Ստեղծուած պայմաններում Հայոց ցեղասպանութեան ճանաչման միջազգային գործընթացի շարունակութիւնը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակուող ցեղասպանական գործողութիւնների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետութեան համար անվտանգային նշանակութիւն ունեցող խնդիր է։

4. Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան դէմ պայքարն ու Ցեղասպանութեան հետեւանքների վերացմանն ուղղուած միջազգային գործողութիւնները կարեւոր են հայ ժողովրդի նկատմամբ ապագայ ցեղասպանութիւնները կանխարգելելու համատեքստում։

5. Անհրաժեշտ է, որ միջազգային յարաբերութիւնների առանցքային դերակատարները՝ ինչպէս վերպետական կազմակերպութիւններ, այնպէս էլ առանձին պետութիւններ, շարունակաբար հետեւէն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդէպ ցեղասպանական գործողութիւններում այդ պետութեան ուղղակի կամ անուղղակի ներգրաւման հնարաւորութիւնը ու ձեռնարկէն համապատասխան քայլեր։

6. Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նուազագոյնը երկու անգամ լայն համախոհութեամբ յստակեցրել է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացներում իր ուղենիշները։ Աւելին, 2010թ. յունուարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժէքօրէն ընդունել է ՀՀ Անկախութեան մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրոյթի անբեկանելիութիւնը ՀՀ-Թուրքիա միջպետական յարաբերութիւններում։

7. Առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետութիւնը բացառում է Հայաստանի Հանրապետութեան հետ բնականոն յարաբերութիւնների հաստատման հաւանականութիւնը՝ հիմնուած փոխվստահութեան, փոխադարձութեան եւ հաւասարութեան վրայ։

8. Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութիւն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից ձեռնարկուող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմութիւնից։

9. Կարեւոր եւ արժէքաւոր է Հայկական սփիւռքի, դրա քաղաքական եւ համայնքային դերակատարների նպատակաուղղուած ջանքերը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դրա ամանորեայ դրսեւորումների հանրահռչակ ման գործում։

10. Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների պատմութեան եւ ներկայի արեւելահայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների հիմնազուրկ դատողութիւնները հեռու են պատմաքաղաքական հիմքերից եւ լեգիտիմութիւնից՝ ուղիղ հակասութեան մէջ մտնելով Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան մասին հռչակագրի հանրաճանաչ դրոյթների եւ մեր ժողովրդի հոգեմտաւոր ներաշխարհի հետ։

11.Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւններն ուղղակիօրէն ծառայում են Հայոց ցեղասպանութեան ոճրի նսեմացմանն ուղղուած թշնամական քարոզչութեանը՝ էլ աւելի ամրապնդելով Թուրքիայի եւ դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիութեան զգացումը։

12. Արցախի հայաթափումն ամբողջապէս տեղաւորւում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու եւ գոյութեան համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականութեան համատեքստում։ Արցախում կատարուածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսեւորում էր միայն։ Ուստի հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու հետեւանքների վերացմանն ուղղուած քայլերն անվտանգային նշանակութիւն ունեն՝ թուրքական ծաւալապաշտութեան եւ ցեղասպանական քաղաքականութեան կասեցման տեսանկիւնից։

Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առիթով, ոգեկոչելով մեր մէկ ու կէս միլիոն սրբադասուած նահատակների յիշատակը, մեր ժողովրդին թէ՛ Հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքում պայքարի շարունակման կոչ ենք անում՝ յանուն ազգային ինքնութեան պահպանման, հայրենի պետութեան զօրացման, արցախահայութեան լիարժէք իրաւունքների պաշտպանութեան ու վերատիրացման, առհասարակ յանուն Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման եւ արդարութեան վերականգման։ Սա է իրական խաղաղութեան դժուարին ուղին։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ
24 ապրիլ 2025

Share