Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանեան թեմերում սպասաւորող քահանաներս, գոհութիւն ենք յայտնում Երկնաւոր մեր Տիրոջը, որ բարձր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առիթն ունեցանք համախմբուելու Միածնաէջ Սուրբ Էջմիածնում, միասնաբար խորհրդածելու սրբազան մեր առաքելութեան շուրջ և աղօթք բարձրացնելու աշխարհասփիւռ հաւատաւոր մեր ժողովրդի և հայրենիքի համար։
Խորապէս մտահոգուած ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցաւալի զարգացումներով։
Աշխարհաքաղաքական բարդ իրողութիւնների պայմաններում ամենատարբեր պատճառաբանութիւններով երկրում իրականացուող քաղաքական հետապնդումները և այդ շրջագծում ՀՀ վարչապետի ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից սանձազերծուած արշաւը Հայոց Եկեղեցու և եկեղեցականութեան դէմ խաթարում են ազգային կեանքը, առկայ մարտահրաւէրներին յանդիման ջլատում մեր ժողովրդի միասնականութիւնը և տկարացնում մեր պետութեան դիրքերը աշխարհի համայնապատկերում։
Սուրբ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների դրսևորած անյարիր վարքագիծն ու անպարկեշտ խօսոյթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականութեան պառակտման անթաքոյց փորձերը վիրաւորում են ի սփիւռս աշխարհի մեր հաւատացելոց ազնիւ զգացումները, նաև ուղղակիօրէն ոտնահարում ՀՀ Սահմանադրութեան, «Խղճի ազատութեան և կրօնական կազմակերպութիւնների մասին» օրէնքի և միջազգային բազում պահանջներ։ Դատապարտելի է ի պաշտպանութիւն Հայոց Եկեղեցու հանդէս եկած ազգային բարերար տիար Սամուէլ Կարապետեանին ազատութիւնից զրկելը։ Անընդունելի է նաև կալանաւորուած Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի և նրա համախոհների պարագայում անմեղութեան կանխավարկածի սկզբունքի միտումնաւոր անտեսումը իշխանութիւնների կողմից։
Մեծ ընդվզումով և ցաւով ականատեսը դարձանք յունիսի 27-ին Տ․ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին ազատութիւնից զրկելու նպատակով Սուրբ Էջմիածին իրաւապահ մարմինների մեծաքանակ ուժերի ներխուժմանը։ Հակառակ տրուած հաւաստիացումներին, որ Սրբազան Հայրն ինքնակամ կներկայանայ Քննչական կոմիտէ քահանայից հաւաքի աւարտին՝ ժամը 16:00-ին, իրաւապահները նախընտրեցին ծրագրածն իրագործել անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ, ինչն արդարօրէն առաջ բերեց ամէնքիս բողոքը՝ նաև խոչընդոտելով ամէնամեայ մեր հաւաքի անցկացմանը։
Միքայէլ Սրբազանը Քննչական կոմիտէ մեկնեց ինքնակամ։ Համայն հայութեան Սրբութիւն Սրբոցի նկատմամբ սոյն ոտնձգութիւնը, սրբավայրի աղօթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստօրէն դատապարտելի և մերժելի են։
Թշնամանքի և ատելութեան խօսքը, խտրականութեան քարոզչութիւնը և տարատեսակ բռնութեան կոչերը վտանգաշատ ու կործանարար են և երբեք չեն կարող բարիք պարգևել ազգային և հայրենական մեր կեանքին։ Հայոց Եկեղեցու նուիրապետութեան, մեր նուիրական արժէքների ու սրբութիւնների թիրախաւորումը անընդունելի է և անհանդուրժելի՝ յղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկայ հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհաւիրքների առջև։
Քաջ գիտակցելով Հայոց Եկեղեցու առաքելութիւնը մեր ազգի միասնականութեան պահպանման, հանրային համերաշխութեան կերտման և հայոց պետականութեան զօրացման գործում՝ իբրև հոգևոր հովիւներ անսասան ենք մեր կոչման մէջ՝ ծառայելու Փրկիչ մեր Տիրոջը և Նրա կենսատու Սուրբ Աւետարանի քարոզչութեանը, հայ ժողովրդի հոգևոր կեանքի պայծառութեանը, ազգային անդաստանում տերունահաստատ ճշմարտութեան և արդարութեան պաշտպանութեանը։ Այս յարձակումների յորձանուտում մեր համայնքների հետ միասին պիտի անյողդողդ պաշտպանենք իրաւունքները մեր Սուրբ Եկեղեցու, նաև հետամուտ լինենք կալանաւորուած Սրբազան Հայրերի և ազգայինների նկատմամբ արդարութեան իրագործմանը ու ազատ արձակմանը։
Անդրդուելիօրէն պիտի շարունակենք մեր ժողովրդի մէջ առատացնել հաւատը, յոյսն ու սերը, ամրապնդել հաւատարմութիւնը մեր Սուրբ Եկեղեցու, ազգային-հոգևոր արժէքների նկատմամբ, որոնց շնորհիւ, ինչպէս դարերի հոլովոյթում, կարող պիտի լինենք յաղթահարել մեր կեանքի բոլոր դժուարութիւններն ու փորձութիւնները։
Հաւատարիմ միւռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զօրակցութիւնն ենք յայտնում Հայոց Հովուապետին՝ Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիւ, տերունաշնորհ իմաստութեամբ, հանդարտութեամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հաւատաւոր մեր ժողովրդին դէպի խաղաղ ու ապահով հանգրուաններ։
Առ Աստուած ապաւինութեամբ հայցում ենք, որ Տէրը Իր Ամենախնամ Աջը տարածի աշխարհասփիւռ մեր ժողովրդի վրայ՝ խաղաղ և անվրդով պահելով մեր հայրենիքը, աներեր և պայծառ՝ Իր Սուրբ Եկեղեցին։