Զօրակցութիւն ենք յայտնում կալանքի մէջ գտնուող հոգեւորականներին եւ բոլոր քաղբանտարկեալներին․ Ռումինիայի Հայոց թեմ

Զօրակցութիւն ենք յայտնում կալանքի մէջ գտնուող հոգեւորականներին եւ բոլոր քաղբանտարկեալներին․ Ռումինիայի Հայոց թեմ

Ռումինիայի Հայոց թեմի յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Վրդւուած սրտով ենք հետեւում Հայրենի մեր երկրում իրադարձութիւնների անցանկալի, ամօթալի, բայց նաեւ կանխատեսելի զարգացումներին: Մեր Սուրբ Եկեղեցու դէմ նախաձեռնուած արշաւը գրաւում է նորանոր ամօթալի բարձունքներ՝ խախտելով օրինականութեան պահանջները, անցնելով նաեւ ազգային մեր կեանքում գործող չգրուած օրէնքների եւ բարոյականութեան բոլոր սահմանները:

Մեզ համար խորապէս մտահոգիչ է ականատեսը լինել Ժողովրդավարական բարեփոխումների յայտ ներկայացրած ՀՀ իշխանութիւնների կողմից՝ տարուոյս հոկտեմբեր 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշեանի եւ թեմի քահանաների նկատմամբ անհամաչափ, անպատշաճ եւ թատերականացուած ուժի կիրառմանը: Հայոց Եկեղեցու հոգեւորականների դէմ յարուցուած քրէական գործերն ու դատաւարութեան ընթացքը բազմաթիւ տագնապներ եւ հարցեր են յարուցում թէ՛ իրենց աննախադէպութեամբ եւ թէ՛ դրանց ընթացքի արդարութեան եւ թափանցիկութեան առումով:

Այս դժուարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, մեր հոգեւոր եղբայրների եւ մեր հաւատացելոց կողքին, զօրացնելու մեր Եկեղեցու առաքելութիւնը, հեռու վանելու մէզանից ամէն պառակտում եւ ամրապնդելու սէրն ու միաբանութիւնը՝ ի շահ մեր ազգի եւ պետականութեան:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին՝ առաջնորդուելու արդարութեան, թափանցիկութեան եւ օրինականութեան սկզբունքներով եւ յանձնառութեամբ՝ հանդէպ հաւատքի ու հայրենասիրութեան այն անխախտ արժէքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր Ժողովրդին:

Խստօրէն դատապարտում ենք ՀՀ իշխանութիւնների նման գործելակերպը եւ մեր աղօթքն ու եղբայրական զօրակցութիւնը յայտնում Արագածոտնի բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշեանին եւ թեմի քահանայից դասին, ինչպէս նաեւ ամիսներ շարունակ կալանքի մէջ գտնուող Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահեանին, Գերշ․ Տ․ Բագրատ արք․ Գալստանեանին եւ բոլոր քաղբանտարկեալներին՝ վերստին յորդորելով. «Յոյսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, յաճախակի աղօթեցէք» (Հռոմ 12:12)»։

Share