Մեդիամաքսը թարգմանաբար ներկայացրել է National Interest պարբերականի կայքում հրապարակուած Մերձաւոր Արեւելքի ճշմարտութեան հիմնադրամի (Endowment for Middle East Truth) հետազօտութիւնների տնօրէն Ջոզեֆ Իփստայնի The Price of Peace in the Caucasus յօդուածը«Վաշինգտոնը պէտք է ապահովի Փաշինեանի քաղաքական գոյատեւումը» վերնագրով: Նկատի ունենալով The Endowment for Middle East Truth կազմակերպութեան մօտ կապերը ԱՄՆ և Իսրայելի պետական համակարգի հետ և նկատի ունենալով որ յօդուածը որոշ լոյս է սփռում Հայաստանի ներկայ իշխանութիւնների տեղի ու դերի մասին միջազգային յարաբերութիւնների սեղանին դիտուած արևմտեան տեսանկիւնից, այն նոյնութեամբ ներկայացնում ենք «Օրակարգ»ի ընթերցողներին:
Չնայած ներքին կոշտ քննադատութիւններին, Հայաստանի վարչապետը ջանասիրաբար աշխատել է Կովկասում խաղաղութեան եւ ինտեգրման հասնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի քաղաքական գոյատեւումը իսկապէս աննախադէպ կարելի է համարել։ 2018 թուականի թաւշեայ յեղափոխութեան արդիւնքում իշխանութեան գալուց ի վեր, բազմաչարչար վարչապետը յաղթահարել է 2020 թուականի ղարաբաղեան պատերազմի հետեւանքները, Կրեմլի կողմից սատարուող Հայ Առաքելական եկեղեցու բացայայտ թշնամանքը եւ ենթադրեալ յեղաշրջման փորձերը։ Ադրբեջանի հետ խաղաղութեան հասնելու ձգտումը, ինչպէս նաեւ Արեւմուտքի հետ աւելի սերտ կապեր հաստատելու ուղղութեամբ վարած քաղաքականութեան արդիւնքում Փաշինեանը հզօր թշնամիներ է ձեռք բերել՝ Ռուսաստանի կառավարութիւնից մինչեւ սփիւռքում գործող կազմակերպութիւններ եւ Հայաստանի նախկին ղեկավարներ։
Հորիզոնում նշմարուող վերջնական խաղաղութեան համաձայնագրի ստորագրման եւ 2026-ին սպասուող խորհրդարանական ընտրութիւնների պայմաններում խաղադրոյքները չափազանց բարձր են։ Եթէ Փաշինեանը պահպանի իր դիրքերը, նա կարող է Հայաստանը տանել դէպի երկար սպասուած խաղաղութեան դարաշրջան, հակառակ դէպքում երկիրը կարող է վերադառնալ Մոսկուայի ուղեծիր, ինչպէս եղաւ հարեւան Վրաստանի դէպքում, եւ Հարաւային Կովկասում հակամարտութիւնը կարող է վերսկսուել։
Օգօստոսի 8-ին Վաշինգտօնում կայացած խաղաղութեան գագաթնաժողւում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր գնահատեց Փաշինեանի քաջութիւնը։ Շուրջ 30 տարի տեւած Ղարաբաղի դաժան հակամարտութիւնից յետոյ Ադրբեջանի հետ խաղաղութեան հասնելը, յատկապէս Բաքուի յաղթանակից յետոյ, քաղաքականապէս դժուար էր։ Եթէ Վաշինգտօնը ցանկանում է ապահովել այդ խաղաղութիւնը, ապա պէտք է ապահովի նաեւ Փաշինեանի քաղաքական գոյատեւումը։ Չնայած նա շարունակում է մնալ Հայաստանի ամենայայտնի քաղաքական գործիչը, նրա վարկանիշն այժմ ընդամէնը 17% է կազմում, ինչը արտացոլում է հասարակութեան լայնածաւալ հիասթափութիւնն ու անտարբերութիւնը։
Միացեալ Նահանգները կարող է օգնել Փաշինեանին ապացուցել, որ իր քաղաքականութիւնը շօշափելի օգուտներ է բերում: Հայաստանի «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութեան եւ արագ զարգացող արհեստական բանականութեան ոլորտում ռազմավարական ներդրումները կարող են խթանել տնտեսութիւնը, ստեղծել աշխատատեղէր եւ ամրապնդել Հայաստանի դերը որպէս հիմնական տարանցիկ հանգոյց: Վաշինգտօնը պէտք է նաեւ դիմադրի լաւ ֆինանսաւորւում ունեցող սփիւռքի խմբերի ճնշմանը, ինչպիսին է, օրինակ, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը (ANCA), որոնք դէմ են խաղաղութեանը։
Յուսադրող է, որ Հայաստանը սկսում է տեսնել խաղաղութեան ջանքերի առաջին շօշափելի արդիւնքները։ Ադրբեջանը վերջերս յայտարարեց, որ կթոյլատրի ապրանքների տարանցումը դէպի Հայաստան, եւ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը շուտով կանցնի Ադրբեջանի տարածքով։ Սա համեստ, բայց խորհրդանշական առումով կարեւոր քայլ է դէպի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայ։
Հայաստանի դերը որպէս տարանցիկ հանգոյց ուղիղ կապուած է ԱՄՆ շահերի հետ: Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող Արեւելեան Ասիայից դէպի Եւրոպայ տանող Միջին միջանցքը, որը կարեւոր ցամաքային առեւտրային ուղի է, ներկայում անցնում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջով: Սակայն, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցութեան կողմնորոշումը դէպի Մոսկուայ կասկածի տակ է դնում այդ երկրի յուսալիութիւնը: Հայաստանը կարող է դառնալ կարեւորագոյն այլընտրանք:
Փաշինեանը կանխատեսում էր սա, երբ 2023 թուականի հոկտեմբերին մեկնարկեց «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութիւնը՝ Հայաստանը պատկերացնելով որպէս տարածաշրջանային կապող օղակ՝ երկաթուղիների, մայրուղիների, խողովակաշարերի եւ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման միջոցով: Տասնամեակներ շարունակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը պայմանաւորուած էր նրանով, որ ղարաբաղեան հակամարտութեան պատճառով փակ էին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները: Այժմ, երբ խաղաղութեան համաձայնագրի շնորհիւ այդ սահմանները կարող են մօտ ապագայում վերաբացուել, Հայաստանն ունի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կարեւորագոյն տարանցիկ հանգոյց դառնալու եզակի հնարաւորութիւն, յատկապէս այն պայմաններում, երբ Ռուսաստանի, Իրանի եւ Կարմիր ծովի միջով անցնող ուղիները համաշխարհային հակամարտութիւնների պատճառով ոչ այնքան կայուն են դառնում:
Սակայն քիչ հաւանական է, որ Մոսկուան մի կողմ կքաշուի։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացայայտ յայտարարեց, որ «Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում Հարաւային Կովկասից, այլեւ չի թուլացնում իր ուշադրութիւնը ո՛չ տարածաշրջանում տիրող իրավիճակի, ո՛չ Հայաստանի հետ՝ որպէս եղբայրական եւ դաշնակից երկրի, յարաբերութիւնների նկատմամբ», եւ որ Գիւմրիում տեղակայուած ռուսական 102-րդ ռազմաբազան «Հայաստանի անվտանգութեան ամենակարեւոր սատարող կառոյցն է»։ Ռուսաստանը վաղուց Հայաստանը համարում է իր տիրոյթի մաս, եւ Կրեմլը առանց դիմադրութեան դրանից չի հրաժարուի։
Ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամուել Կարապետեանը ձերբակալուել է պետական յեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականները բացայայտ քարոզարշաւ են իրականացնում Փաշինեանի կառավարութեան տապալման ուղղութեամբ: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, ով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրման կողմնակից է, դարձել է Փաշինեանի ամենակոշտ քննադատներից մէկը՝ կանգնելով եկեղեցու եւ Կարապետեանի կողքին: Կրեմլի քարոզիչներ Մարգարիտայ Սիմոնեանը եւ Վլադիմիր Սոլովեօվը Փաշինեանին բացայայտ կոչ են անում հեռանալ, իսկ Ռուսաստանին՝ պաշտպանել Կարապետեանին:
Փաշինեանի թուլացած քաղաքական յենարանը սրում է սպառնալիքը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարկանիշը կտրուկ անկում է ապրել 2018 թուականի էյֆորիայից յետոյ, երբ նա վայելում էր բնակչութեան 82%-ի աջակցութիւնը։ 2020թ. Ղարաբաղեան երկրորդ պատերազմը շրջադարձային պահ էր. Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մեծ մասի վերանուաճումը զանգուածային բողոքի ցոյցերի պատճառ դարձաւ, որոնց ժամանակ ցուցարարները Փաշինեանին «դաւաճան» էին անուանում։ 2023թ. Ադրբեջանի կողմից մնացած հայկական տարածքների գրաւումը յանգեցրեց Ղարաբաղի հայերի զանգուածային արտագաղթի, ինչը եւս մէկ ծանր հարուած հասցրեց Փաշինեանին։ Անցած տարի եկեղեցին դուրս եկաւ նրա դէմ, ինչը Երեւանում մեծածաւալ ցոյցերի պատճառ դարձաւ։
Սակայն միայն Փաշինեանի վարկանիշը չէ, որ տուժում է։ Ռուսաստանը, որը ժամանակին համարւում էր Հայաստանի անփոխարինելի դաշնակիցը, հանրային վստահութեան կտրուկ անկում է ապրել։ 2019թ. հայերի 93% Երեւան-Մոսկուայ յարաբերութիւնների վիճակը գնահատել է որպէս «լաւ»։ 2024թ. սեպտեմբերին այդ ցուցանիշը նուազել էր մինչեւ 35%՝ շատերը համարում են, որ Ռուսաստանը դաւաճանել է Հայաստանին ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում։ Ռուսամէտ քաղաքական գործիչները աւելի վատ վիճակում են. Ռոբերտ Քոչարեանի վարկանիշն այժմ կազմում է ընդամէնը 2%։
Ռուսաստանի դիրքերը կարող են թուլացած լինել, բայց նա դեռ խաղի մէջ է։ Եթէ Մոսկուան յաջողութեան հասնի Փաշինեանի հեռացման գործում, նա, հաւանաբար, կօգտագործի հայերի դժգոհութիւնն ու ազգայնականութիւնը Ադրբեջանի հետ հակամարտութիւնը վերսկսելու համար։ Ստեղծուած անկայունութիւնը Ռուսաստանը կօգտագործի երկու կողմերին միմեանց դէմ հանելու եւ նրանց ռուսական ազդեցութիւնից կախուած պահելու համար, ինչպէս ժամանակին արեց Ղարաբաղում։
Վաշինգտօնի համար Փաշինեանի յաջողութեանը նպաստելը պարզապէս մէկ առաջնորդի գոյատեւման հարց չէ՝ այն կարող է ապացուցել, որ խաղաղութիւնն ու ինքնիշխանութիւնը կարող են գոյակցել հետխորհրդային տարածքում։ Հայաստանի ապագան, եւ, հնարաւոր է, Հարաւային Կովկասի կայունութիւնը, կախուած են դրանից։
Թարգմանութիւնը՝ Լիլիթ Խաչատրեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակէտները:
