Նախընտրական փուլ՝ երկու սխալով

Նախընտրական փուլ՝ երկու սխալով


Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծերի խումբ

Մենք անընդհատ քննարկում ենք, թէ ո´վ կմասնակցի առաջիկայ ընտրութիւններին, ո´ւմ հետ եւ ում փողերով, եւ սխալւում ենք՝ կարծելով, թէ դրանից է կախուած արդիւնքը։
Մենք յամառօրէն անտեսում ենք ամենակարեւորը հարցը. իսկ ո՞վ է քուէարկելու, ո՞ր հասարակութիւնն է գնալու ընտրութիւնների։ Բայց հէնց սրանից է կախուած ընտրութիւնների արդիւնքը։
Կայ երկու խոշոր տարբերակ.

«Ցածր սոցիալական պատասխանատուութեամբ հասարակութիւն»

Գործող իշխանութեան սցենարն է՝ ընտրութիւններին ունենալ սոցիալապէս անպատասխանատու հասարակութիւն՝ անտարբեր, մէզ ոչինչ չի հետաքրքրում, մէզնից բան կախուած չէ, որը պատրաստ է լսել եւ մարսել ցանկացած սուտ եւ ապուշութիւն։ Կամազուրկ եւ պարտուած հոգեվիճակով։ Դա հնարաւոր է, որովհետեւ բազային մակարդակում մենք գործ ունենք պարտութեան հասարակութեան հետ, որն ինքնին լրջագոյն խնդիր է՝ իր բարդ իւրայատկութիւններով։ Իսկ եթէ երկրում դեռեւս չկայ ունակ ուժ, որն այս խնդիրը գիտակցում է եւ ճիշտ աշխատում է դրա շտկման ուղղութեամբ, ապա սա լրիւ իրատեսական զարգացում է։ Իշխանութիւնն անխնայ շահագործելու է այդ հոգեվիճակը։ Որեւէ նորմալ իշխանութիւն իրեն նման բան թոյլ չէր տա, այլ կը փորձեր գնալ հասարակութիւնը բուժելու ուղղութեամբ։

Մոտիւացուած, շահախնդիր հասարակութիւն

Փոփոխութեան ուժերի խնդիրն է՝ ընտրութիւնների շեմին ունենալ փոփոխութիւնների պատրաստ, մօտիւացուած, պարտութիւնը որպէս փաստ, բայց ոչ՝ որպէս մշտական հոգեվիճակ ընդունող հասարակութիւն։
Հասարակութեանն ընտրութիւնների օրուան պէտք է պատրաստել այսօրուանից (իրականում՝ երեկուանից էր պէտք)։ Այդ օրը լինելու է քուէարկութիւնը, իսկ ընտրութեօ´ւնը քաղաքացու մտքում, սրտում պէտք է ձեւաւորել այսօրուանից։

Այս համատեքստում կայ երկու խոշոր սխալի հնարաւորութիւն. ոչինչ չանել, սպասել ընտրութիւններին, ինչը կը բերի շոկային ձախողման, կամ՝ իսկապէս հասկանալ, որ պէտք է աշխատել, եւ անել սխալ աշխատանք։ Այս երկու սխալն էլ այս պահին կատարւում է։ Միւս կողմից, կան բոլոր հնարաւորութիւնները՝ ճիշտ քայլերով հասնելու շատ լաւ արդիւնքի։

Share