Արցախի դէմ պատերազմին մասնակցած անձինք ենթակայ են ազատման պատժից կամ քրէական պատասխանատուութիւնից

Արցախի դէմ պատերազմին մասնակցած անձինք ենթակայ են ազատման պատժից կամ քրէական պատասխանատուութիւնից

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը յայտարարել է Ադրբեջանի քաղաքացիների համար լայնածաւալ համաներման անցկացնելու ծրագրերի մասին, որը, ինչպէս ակնկալւում է, կը վերաբերի աւելի քան 20 000 մարդու։ Այն ներառում է 44-օրեայ պատերազմի եւ 2023 թուականի սեպտեմբերին Արցախի դէմ իրականացուած ագրեսիայի մասնակիցներին։
Համաներման մասին օրէնքի նախագծի համաձայն, Արցախի դէմ պատերազմին մասնակցած անձինք ենթակայ են ազատման պատժից կամ քրէական պատասխանատուութիւնից։ Նոյնը վերաբերում է այդ գործողութիւնների ընթացքում զոհուած կամ անհետ կորած անձանց մերձաւոր ազգականներին, ինչպէս նաեւ այն անձանց, որոնք Ադրբեջանի ռազմական գործողութիւնների հետեւանքով դարձել են հաշմանդամ։ Համաներման շրջանակում ընդգրկուած են նաեւ կանայք, 60 տարեկանից բարձր անձինք եւ օրէնքով սահմանուած այլ խմբեր։

Ըստ էութեան, այս նախաձեռնութիւնը նշանակում է պատերազմական յանցագործութիւնների եւ ագրեսիայի ինստիտուցիոնալ արդարացում՝ իրականացուած լիակատար վստահութեամբ, որ որեւէ իրական քաղաքական, իրաւական կամ դիւանագիտական հետեւանք չի լինելու։

Բացի այդ, օրէնքի նախագծի համաձայն, այն անձինք, որոնք դատապարտուել են հասարակութեան համար մեծ վտանգ չներկայացնող կամ ոչ ծանր յանցագործութիւնների համար, կազատուէն ազատազրկումից կամ նրանց պատժի չկրած մասը կկրճատուի։

Ալիեւի ներկայացրած «Համաներման մասին» օրէնքը, ինչպէս ակնկալւում է, կը դառնայ երկրի պատմութեան մէջ ամենախոշոր համաներումը։ Նախատեսւում է ազատ արձակել աւելի քան 5 000 կալանաւորի, կրճատել աւելի քան 3 000 դատապարտուածների պատժի ժամկէտները, ազատել աւելի քան 7 000 մարդու ազատութեան սահմանափակումներից եւ աւելի քան 1 000 անձի ազատել քրէական պատասխանատուութիւնից։

Միեւնոյն ժամանակ Ադրբեջանը շարունակում է պահել հայ քաղաքական բանտարկեալներին, այդ թւում Արցախի նախկին պաշտօնեաներին եւ խաղաղ բնակիչներին, որոնց նկատմամբ առաջադրւում են կեղծ կամ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ, այդ թւում պատերազմական յանցագործութիւնների եւ ահաբեկչութեան մեղադրանքներ։

Այս ամէնը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Հայաստանի կառավարութիւնը չի կարողանում միջազգային իրաւական մեխանիզմների միջոցով ապահովել պատասխանատուութեան իրականացումը կամ հետեւողականօրէն պաշտպանել զոհերի իրաւունքները, ինչն էլ աւելի է խարխլում արդարութեան արդէն իսկ խիստ սահմանափակ ակնկալիքները։

Share