Մարիամ Պետրոսեան
Ժամանակին, «Բաքւի ոչ ռազմական պատերազմները՝ ընդդէմ Հայաստանի» վերտառութեամբ յօդւածում չէինք բացառել, որ մի օր Նիկոլ Փաշինեանը բանակցութիւններ վարի «Արեւմտեան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հետ: Այսինքն, ի վերջոյ, տրւի Ալիեւի պահանջին եւ սա դարձնի օրակարգային հարց, յատկապէս, երբ նոյն ժամանակ «Մշակութային ժառանգութիւն եւ վերադարձի իրաւունք. Հայաստանից արտաքսւած ադրբեջանցիների մշակութային ժառանգութեան վերականգնումը՝ որպէս արդարութեան, հաշտեցման եւ խաղաղութեան ուղի» միջազգային համաժողովի մասնակիցներին յղած իր ուղերձում Ալիեւը կրկնել էր իր նշւած պահանջը:
«Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգութեան վերականգնումն ու պահպանումն ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է»,- ընդգծել էր նա:
Եւ սրանից օրեր յետոյ Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է հետեւեալը.
«Եւ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետեւ որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտէզ՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղութեամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձն իրատեսական չէ։ Եթէ մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պէտք է չշարունակենք ղարաբաղեան շարժումը։ Ղարաբաղեան շարժումն աւարտւել է, եւ այն սկսելու փորձերը օգտակար չեն: Բայց միւս կողմից՝ Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արեւմտեան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանութիւնը։
Հիմա պէտք է հասկանալ, թէ որը որի պատճառն է, որն է պատճառ, եւ որը՝ հետեւանք։
Ես ասում եմ՝ եկէք նստենք, ճանապարհային քարտէզ մշակենք, թէ ոնց ենք այս թեման հանում, որովհետեւ այս թեման հանելը նշանակում է երկարաժամկէտ ռազմավարական առումով ընդհանրապէս բացառել որեւէ կոնֆլիկտային իրավիճակ: Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնում չի կարող լինել «Արեւմտեան Ադրբեջան», եւ այո, եթէ մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականութիւնը, իսկ մենք ճանաչել ենք միմեանց տարածքային ամբողջականութիւնը, ուրեմն դա պէտք է ամբողջական իրականացւի»:
Ստացւում է՝ մի կողմից Նիկոլ Փաշինեանը փակում է Արցախի հարցի էջը, յետոյ յայտարարում, որ Հայաստանում չկայ «Արեւմտեան Ադրբեջան», միւս կողմից՝ ճանապարհային քարտէզի անւան տակ գործարք է առաջարկում Բաքւին, դրանով իսկ լեգիտիմացնում Ալիեւի պահանջը եւ «Արեւմտեան Ադրբեջան» վերտառութեամբ համայնքի պահանջներն ու «իրաւունքները» դարձնում, այսպէս ասած, խաղաղութեան բանակցութիւնների թեմա: Ընդ որում, գործ ենք ունենում միակողմանի գործընթացի հետ. փակւած է արցախահայերի վերադարձի իրաւունքի հարցը, բայց «պատուհան» ենք թողնում «արեւմտեան ադրբեջանցիների» համար:
Փաշինեանի յայտարարութեան մէջ մէկ այլ մտահոգիչ ձեւակերպում էլ կայ, մասնաւորապէս. «Հայաստանի Հանրապետութիւնում չի կարող լինել «Արեւմտեան Ադրբեջան», եւ եթէ մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականութիւնը, իսկ մենք ճանաչել ենք միմեանց տարածքային ամբողջականութիւնը, ուրեմն դա պէտք է ամբողջական իրականացւի»:
Հայաստանը դեռ տարիներ առաջ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, նշւել է յստակ թիւ՝ 86600 քառակուսի կիլոմետր: Մինչդեռ Ադրբեջանը յստակ թւերով դեռ չի նշել կամ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը, քանի որ չի աւարտւել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը: Աւելին, ինքը՝ Փաշինեանը, սկզբում յայտարարել է, որ ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած տարածքը 29800 քկմ է, յետոյ այն դարձրել է 29743 քկմ, իսկ «Խաղաղութեան բոլոր նախադրեալներն առկայ են» վերտառութեամբ յօդւածում էլ ակնարկել, որ ներկայ դրութեամբ ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ:
Այլ հարց է, որ յօդւածում արւած խոստովանութեան մասին անմիջապէս մոռացել է: Եւ հիմա, երբ ասում է՝ «…դա պէտք է ամբողջական իրականացւի», ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունի Փաշինեանը՝ Ադրբեջանի՞ն, թէ՞ «Արեւմտեան Ադրբեջան» խօսոյթի համատեքստում տողատակում այլ բան կայ:
Ի վերջոյ, չպէտք է մոռանալ, որ «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթով պաշտօնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպէս Փաշինեանն է մի առիթով յայտարարել, արձանագրւած են Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ:
Խօսքը ՀՀ ինքնիշխան տարածքի 60 տոկոսի մասին է: Ինչպէ՞ս է պատրաստւում Փաշինեանը փակել այս հարցը, որն Ալիեւը չի պատրաստւում փակել, կամ, երբ այն դարձնում է քննարկման թեմա՝ «ճանապարհային քարտէզի» անւան տակ Ալիեւին գործարք առաջարկելով: Արդեօ՞ք սկզբի համար դա արտայայտւելու է «ադրբեջանական մշակութային ժառանգութեան վերականգնմամբ», ինչն ադրբեջանցիների համար ճանապարհ է հարթելու դէպի Հայաստան:
Սա շատ վտանգաւոր միտք կը լինի, յատկապէս, երբ դժւար Փաշինեանը մտածի, որ 44-օրեայ պատերազմում զոհւածի ծնողներ կան, որոնց որդիների գերեզմանները մնացել են Արցախում, եւ զրկւած են այցելելու իրաւունքից: Եթէ փակում է արցախցիների վերադարձի թեման, ինչո՞ւ չի մտածում նրանց որդիների շիրիմների տեղափոխման մասին:
Քանի որ խօսեցինք գործարքի մասին, յիշեցնենք, որ 2024 թւականի նոյեմբերին Նիկոլ Փաշինեանն Ալիեւին ռազմավարական դաշինք կնքելու առաջարկ էր արել.
«Ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցութեան ու խաղաղ գոյակցութեան համար ունեն ոչ միայն խաղաղութեան ու տարբեր պայմանագրերի կարիք, այլեւ ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թէ ինչ բանաձեւերի շրջանակներում են առաջիկայ 100 տարիներում, որպէս անկախ պետութիւններ, իրար կողք-կողքի ապրելու»:
168.am-ը գրել էր, որ գործ ունենք ոչ թէ պետութիւնների միջեւ դասական ռազմավարական դաշինքի, այլ՝ Ալիեւ-Փաշինեան պայմանաւորւածութեան հետ:
Ի դէպ, Ալիեւը ռազմավարական գործարք կնքելու Փաշինեանի առաջարկին պատասխանել է մէկ այլ գործարք-առաջարկով: Մասնաւորապէս, Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը Հայաստանի պատկան մարմիններին հրաւիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքւում կալանքի տակ գտնւող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դէմ քրէական գործով:
Այսինքն, արտաքուստ հիմքը դարձեալ Արցախն է, սակայն այն չի շրջանցում Հայաստանը: Ի դէպ, կար ժամանակ, որ Փաշինեանն «Արեւմտեան Ադրբեջանը» նոյն հարթութեան մէջ էր դնում «Արեւմտեան Հայաստանի» հետ, ինչը դարձեալ տեղին չէր, մեղմ ասած: Իսկ «Արեւմտեան Ադրբեջանի» ադրբեջանական խօսոյթի վտանգաւորութիւնը Փաշինեանը շատ լաւ գիտակցել է դեռ 44-օրեայ պատերազմից առաջ: Մասնաւորապէս, 2020 թւականի յունիսի 19-ին ԱԽ նիստում Փաշինեանը նկատել է.
«Վերջերս էլ Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների ուղղորդմամբ, այսպէս կոչւած, «արեւմտեան ադրբեջան» նախաձեռնութիւն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետութիւնը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականութիւնն աւելի ամբողջական է դառնում»:
168.am
