ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչը՝ իր կողմնակիցներին հաւաքուել Էջմիածնի Մայր Աթոռում՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը փաստացի գրաւելու համար, արժեզրկում է Հայ Առաքելական Եկեղեցին և կլինի ռազմավարական սխալ։ Այս մասին TASS-ին տուած հարցազրոյցում յայտարարել է Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը։
«Սա կլինի նրա [Փաշինեանի] ռազմավարական սխալը։ Նա ասում է, որ հաւատացեալ է, բայց եթէ նա իսկական հաւատացեալ է, երբեք թոյլ չի տա իրեն և ուրիշներին արժեզրկել եկեղեցին։ Այս եկեղեցու քահանաները ձեռնադրուել են կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են ամբողջ աշխարհի հայերին, միլիոնաւոր մարդկանց, և ասում են, որ նրանք օրէնքից դուրս են», – ասաց Աբրահամեանը՝ մեկնաբանելով Փաշինեանի վերջերս իր կողմնակիցներին ուղղուած կոչը՝ պատրաստ լինել մեծ «հոգևոր հաւաքի» Էջմիածին քաղաքի հրապարակում, որի կողքին գտնուում է Էջմիածնի Մայր Աթոռը։
Ռուսաստանի հայերի միութեան նախագահը նշել է, որ հաւատացեալը և իր ժողովրդին սիրող մարդը «երբեք իրեն թոյլ չէր տա այս հարցը այս կերպ լուծել»։ Աբրահամեանի խօսքով՝ Փաշինեանը նման գործողութիւններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակութիւնը՝ փորձելով տարբեր կրօնական հայեացքներ ունեցող մարդկանց միմեանց դէմ դուրս բերել։ «Սակայն նրանց չի կարելի միմեանց դէմ դուրս բերել, դա աղէտ կլինի։ Եկեղեցին անկախ հաստատութիւն է», – ընդգծել է Աբրահամեանը։
Նա նաև նշեց, որ մատնանշելով միայն Հայ եկեղեցու խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ինչպէս այլուր, Փաշինեանը չի ասում, թէ որքան դրական և դարաշրջանային բան է արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը եկեղեցու համար։ «Վերջին հարիւրամեակներում ոչ ոք այդքան շատ բան չի արել։ Խօսքը անձերի մասին չէ, այլ եկեղեցու, հաւատքի մասին։ Ես կողմ եմ եկեղեցուն, հաւատքին։ Ես հաւատացեալ եմ, ես կառուցել եմ տասնեակ եկեղեցիներ ամբողջ աշխարհում։ Այդ թուում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին Երևանում», – յաւելեց Աբրահամեանը։