Այսօր, երբ գրեթէ բոլորս կենտրոնացած ենք Նիկոլ Փաշինեանին հեռացնելու նպատակի վրայ՝ անկախ այդ նպատակի իրագործման ուղուց, կարեւոր է՝ եւ՛ մէզ համար, եւ՛ հանրութեան, յստակեցնել մի շարք հիմնարար հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, մինչ այժմ միասնական ձեւակերպում չունեն եւ խոչընդոտում են այդ նպատակի իրականացումը։
Հաշուի առնելով այն ողբերգական, աղէտալի եւ մղձաւանջային վիճակը, որում Հայաստանը յայտնուել է, Փաշինեանի վերաբերեալ տեսակէտների լայն շրջանակը՝ դաւաճանութիւնից ու նենգութիւնից մինչեւ անփորձութիւն կամ միամտութիւն, լիովին հասկանալի է եւ իրաւունք ունի հնչելու։ Այն, ինչ տեղի է ունեցել եւ շարունակւում է տեղի ունենալ Հայաստանում, դուրս է ամէն տեսակ տրամաբանութիւնից, նախադէպից ու պատմական համատեքստից։ Այդ լայն շրջանակում ես կցանկանայի ներկայացնել նաեւ իմ պարզ, անկեղծ ընկալումը։
Նախ՝ ինձ համար աներկբայ է, որ Նիկոլ Փաշինեանին իշխանութեան է բերել ժողովուրդը։ Տարիներ շարունակ չարչրկուող վարկածները, թէ նրա մէջքին ինչ-որ երրորդ «հզօր» ուժեր կային, որ տեղի ունեցածը դավարդրութիւն էր, իմ խորին համոզմամբ իրականութեան հետ կապ չունեն։ Իմ այս համոզմունքը բխում է այսպէս կոչուած «երրորդ ուժերի» հետ տարբեր մակարդակներում աշխատանքի եւ շփման տարիների փորձից։ Աշխարհը այդպէս չի աշխատում։ Այն, որ տարբեր ուժեր ունեն մեր տարածաշրջանում տարբեր հետաքրքրութիւններ, նոյնպէս աներկբայ է։ Բայց դրանից չի բխում, որ այդ տարբեր ուժերը միաւորուել են, գտել են Փաշինեանին, նրանից սարքել են յեղափոխութեան առաջնորդ եւ շարունակում են նրան պահել իշխանութեան։ Այս անիրատեսական վարկածը անտեղի արժեւորում է Փաշինեանին։ Նրան իշխանութեան է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։
Ինձ համար, հետեւաբար, աներկբայ է նաեւ, որ ժողովրդի վստահութեան ալիքի վրայ իշխանութեան եկած Փաշինեանը չի ունեցել երկիրն այս օրուան հասցնելու ցանկութիւն, առաւել եւս՝ ծրագիր։ Հակառակը՝ կարծում եմ նա կ’ուզէնար այնպիսի ձեռբերումներ ունենալ, որոնք կստուերեին «նախկինների» ձեռքբերումները։ Այն միֆը, որ նա ինչ-որ ուժերի կողմից բերուել է Արցախը յանձնելու, Հայաստանը թուլացնելու եւ մասնատելու համար, նոյնպէս իրականութեան հետ աղերս չունի, եւ իմ այս համոզմունքը դարձեալ հիմնուած է իմ դիւանագիտական փորձի վրայ։ 2018-ին Փաշինեանը պարզապէս պատրաստ չէր նման բարդ տարածաշրջանում պետութիւն ղեկավարելու մարտահրաւէրներին։ Նա անփորձ էր, անտեղեակ, ապաշնորհ, չէր տիրապետում միջազգային յարաբերութիւններին եւ դրա հետ մէկտեղ աւելորդ ինքնավստահ էր։ Նա տապալուել է հէնց այս պատճառներով։ Որեւէ այլ դաւադրութիւն փնտրելն անիմաստ է եւ անպտուղ։
Հիմա, երբ ինքը՝ իր կամքին հակառակ, սակայն իր տգիտութեան եւ անկարողութեան հետեւանքով, ստեղծել է այս իրավիճակը, կարծում եմ՝ ինքը նոյնպէս լաւ գիտակցում է, որ մեծ արհաւիրք է բերել հայ ժողովրդի գլխին, որը նրան չի ներուելու։ Անընդունելի էր, որ նա՝ պատերազմից յետոյ, փոխանակ լքեր թատերաբեմը, որոշեց անցնել ինքնաարդարացման փուլին եւ ամէն անգամ փորձում է «նորարար» գաղափարներով «բացատրել» տեղի ունեցածը։ Սա ըստ էութեան ծուղակ է եւ արատաւոր շրջան, որի մէջ ինքն իրեն գցել է Փաշինեանը։ Այն հանգամանքը որ նրա ամէն ասածը բխում է Ադրբեջանի շահից, դարձեալ, իմ համոզմամբ, ոչ թէ դաւադրութիւն է, այլ հէնց այս արատաւոր շրջանի հետեւանք. Փաշինեանի կառավարման օրօք Հայատսնաի ազգային շահերն այնքան անպաշտպան են դարձել, որ դրանք պաշտպանելու ձեւը չիմացող Փաշինեանը հարկադրուած է յօրինել հիմնաւորումներ՝ իբր տեղի ունեցողը միակ իրագործելի տարբերակն է։
Հաշուի առնելով ստեղծուած բարդ իրաւիճկաը, որը շտկելու կարողութիւնը ու ձեւը Փաշինեանը չունի ու չգիտի, նա՝ ինքնաարադարացման ծուղակի մէջ, խորացնելու է այս ապազգային հռետորաբանութիւնը, աւելի խոցելի դարձնելով Հայաստանի վիճակը՝ էլ աւելի անդառնալի կորուստներով։ Փաշինեանի վիճակը դժուար է նախանձելի համարել։ Բայցեւ ընդդիմութիւնը պէտք է հասկանայ, որ Փաշինեանը նոյնպէս գիտակցում է, որ իր համար իշխանութիւն կորցնելը «կենաց մահու» խնդիր է։ Սա նշանակում է, որ Հայաստանին՝ արտաքին լրջագոյն մարտահրաւէրներին, Ադրբեջանի կողմից ճնշումներին դիմակայելուն զուգահեռ սպառնում է իշխանութեան շարունակուող ուզուրպացիայի եւ քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը։ Սրանից խուսափելու միակ եղանակը Փաշինեանի համար իշխանութիւնը «կէնցայ մահու» խնդրից աւելի ընդունելի ընտրութեան վերածելն է։
Փաշինեանը պէտք է հրաժարական տա մի պարզ պատճառով՝ նա չունի ոչ երկրի ղեկավարելու կարողութիւն, ոչ էլ որեւէ արտաքին դաշնակից ուժի աջակցութիւն։ Նա չի գիտակցում իր դերի պատասխանատուութիւնը, վերջին եօթ տարուայ ընթացքում չի սովորել կամ զարգացել եւ դրսեւորում է վարքի անհաւասարակշռութեան նշաններ։ Նա անկարող է լսել, չի ընկալում խօսքի կշիռն ու նշանակութիւնը քաղաքականութեան եւ դիւանագիտութեան մէջ, ու դրա արդիւնքում լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգութեան, զարգացման, բարօրութեան եւ ազգային համախմբման համար։
Այսօր Փաշինեանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարաւորութիւն՝ ընդունելով, որ պարզապէս ապացուցեց իր անպատրաստ եւ անկարող լինելը, եւ միաժամանակ գիտակցելով՝ օրէնքի առաջ պատասխանատուութեան կանչուելու անխուսափելիութիւնը։ Ընդդիմութիւնն էլ պէտք է ընդունի այս տարբերակը, քանի որ ցանկացած այլ ելք կուերածուի «կեանքի ու մահուան» երկընտրանքի՝ մեծացնելով Փաշինեանի կողմից իշխանութեան իւրացման գայթակղութիւնը եւ բարձրացնելով ներքին բախումների հաւանականութիւնը։
Վարդան Օսկանեան
ՀՀ նախկին արտգործնախարար