Փաշինեանը պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին

Փաշինեանը պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին

«Դրօշակ»-ի Առաջնորդող

Որպէսզի այս յօդւածի խորագիրը չափազանցութիւն չթւայ, նախ ներկայացնենք ամենաակնառու օրինակը։ Փաշինեանը դուրս է եկել Հայ Առաքելական Եկեղեցու դէմ, շատ լաւ գիտենալով, որ աշխարհում առաջինը պետականօրէն ճանաչւած 1700-ամեայ Քրիստոնէական ուսմունքը հայ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան հաւատն է, շաղախւած վերջինիս հոգեկերտւածքի հետ։ Հայ եկեղեցին, պետականութեան բացակայութեան պայմաններում, հարիւրամեակներ շարունակ, ըստ էութեան, ստանձնել է ժողովրդի առաջնորդութիւնը՝ իրականացնելով բազմազան, այդ թւում՝ ազգային-քաղաքական գործունէութիւն։ Հայ եկեղեցու պատմութիւնը հայ ժողովրդի պատմութեան անբաժանելի մասն է, իսկ նրա գործիչները հայ ժողովրդի ամենանշանաւոր գործիչներից՝ ինչպէս հոգեւոր, այնպէս էլ գիտական, մշակութային, եւ ազգային գործունէութեան մարզերում։

Եւրոպական մի կազմակերպութիւն, սոցիոլոգիական ուսումնասիրութեան հիմքի վրայ, եթէ չեմ սխալւում, երկու տարի առաջ գրել էր, թէ որպէս հաւատացեալ ժողովուրդ աշխարհում առաջիններից մէկը հայերն են։ Առաջին հայեացքից մտորումների տեղիք է տալիս այս յայտարարութիւնը՝ մանաւանդ, երբ նկատի ենք ունենում հայրենաբնակ հայութեան աթէիստական ոչ հեռաւոր անցեալը, բոլոր ժամանակներում հայերիս հեռու լինելը կրօնական մոլեռանդութիւնից եւ այլն։ Միւս կողմից՝ անգամ խորհրդային ժամանակաշրջանում մեր ժողովրդի կեանքը սերտօրէն կապւած էր եկեղեցու, նրա աւանդոյթների՝ ծէսերի, սովորոյթների ու տօնակատարութիւնների հետ։ Պատահականութիւն չէ նաեւ, որ դարեր շարունակ մեր ժողովրդին օտարները յաճախ անւանել են Հայ-քրիստոնեայ։

Այստեղից էլ կարելի է հետեւութիւն անել, թէ ինչի դէմ է ուղղւած «Նոր Հայաստան» ծեփել փորձող Նիկոլ Փաշինեանի հարւածը։ Իրականում սին են կեղծարարութեան մեծ աճպարարի հաւաստիացումները, թէ իր պայքարն առանձին հոգեւորականների դէմ է։ Նախ՝ նիկոլական իշխանութեան շատ ներկայացուցիչներ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ չեն, եւ վերջինիս մասին բազմիցս անյարգալից են արտայայտւել։ Ամենայն հաւանականութեամբ քրիստոնէական աղանդաւորական ուսմունքի են դաւանում նաեւ նրանց առաջնորդը եւ նրա ընտանիքը։ Դեռեւս իշխանութեան գալու սկզբնական շրջանում Փաշինեանը բաշիբոզուկին հանեց փողոց «Նոր Հայաստան՝ նոր Կաթողիկոս» պահանջով։ Իր ղեկավարման անցնող տարիներին Նիկոլն ինքը տարբեր առիթներով կոպիտ որակումներ է կատարել Մայր եկեղեցու եւ նրա սպասաւորների հասցէին: Նա մերժել է հոգեւոր իշխանութեան գոյութիւնը, յայտարարելով թէ պետութեան մէջ պէտք է լինի միայն մէկ իշխանութիւն, եւ այդ մէկն իր իշխանութիւնն է։

Նրա ցուցումով Հայաստանի դպրոցական ծրագրերից դուրս բերւեց Հայոց Եկեղեցու Պատմութիւն առարկան, հայ եկեղեցու ներկայացուցիչները այս իշխանութեան օրօք օտարւած են երկրի պետական կեանքից, զանազան ազգային եւ պետական բնոյթի միջոցառումների մասնակցելու հնարաւորութիւնից։ Իսկ ասւածի ամենաակնառու վկայութիւնն այն է, որ, հերթական անգամ ոտնահարելով սահմանադրական կարգը, Փաշինեանը ոչ միայն միջամտում է Եկեղեցու ներքին կեանքին, այլեւ որոշել է այնտեղ բռնի յեղաշրջում իրականացնել, իր ճաշակով վերափոխելով եկեղեցին՝ ե՛ւ ծառայողների ե՛ւ ներքին կանոնադրութեան փոփոխութեամբ։ Եթէ նրան յաջողւի իրականացնել իր խելայեղ ծրագիրը աւանդական ազգային եկեղեցուն կը փոխարինի նիկոլականութեան նոր աղանդը։ Եթէ յիշենք նաեւ, որ այս պահին երկու սրբազաններ ձերբակալւած են բռնի իշխանափոխութեան եւ դրան ուղղւած կոչերի կեղծ մեղադրանքով, ապա կարելի է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցողը հայ եկեղեցու դէմ օտար բռնակալների եւ նրանց դրածոների կողմից 1930-ականներին ծաւալւած բռնութիւնների կրկնութիւնն է։ Իր անպատկառ ու սրբապիղծ գործունէութեամբ Փաշինեանն, ըստ էութեան, թքում է հայ ժողովրդի հոգու մէջ, նրա ամենասուրբ զգացումների վրայ։

Իր վերընտրութեան նպատակը հայրենիքից եւ պետութիւնից վեր դասող ղեկավարը սրանով փաստում է նաեւ, որ ժողովրդի համընդհանուր հակակրանքին արժանանալը երկրորդական նշանակութիւն ունի եւ իր յոյսերը կապւած են արտաքին ուժերի հետ. այսինքն՝ նրանց, ովքեր շահագրգռւած են համազգային վստահութիւն եւ սէր վայելող ազգային գլխաւոր ինստիտուտի խարխլմամբ։

Ժողովրդի դէմ ուղղւած պատերազմի դրսեւորումներ են ագրեսիւ եւ սադրիչ գործողութիւններն ընդդիմադիր ուժերի, գործիչների՝ բոլոր նրանց դէմ, ովքեր կարող են անհամաձայնութիւն յայտնել իշխանութեան վարած քաղաքականութեան վերաբերեալ։ Լինի կին, զոհւած ազատամարտիկի ծնող, պարզ գիւղացի, մտաւորական կամ այլ մէկը, բոլոր դժգոհողների գլխին սրի նման կախւած է բռնի իշխանափոխութեան ամբաստանութիւնը եւ վերեւների համար ցանկալի պահին ձերբակալւելու սպառնալիքը։ Սոցիալական տրամադրութիւնների ամենաակնյայտ ուսումնասիրութիւնների հիման վրայ կարելի է վստահօրէն յայտարարել, որ Փաշինեանն իր նոր ազգային պետական քաղաքականութեամբ հայ հանրութեանը փորձում է պարտադրել այնպիսի լուծումներ եւ «նորարարութիւններ» որոնք անընդունելի են ժողովրդի բացարձակ մեծամասնութեան համար։

Իշխանութիւնը կորցնելու վախով առաջնորդւող ղեկավարը անհիմն մեղադրանքով ձերբակալել է լայն հանրութեան համակրանքը վայելող ազգային մեծ բարերար միլիարդատիրոջը եւ օրերի ընթացքում, ազգայնացման անւան տակ, ապօրինաբար նրանից փորձել է խլել երկրի էլեկտրացանցերի ռազմավարական նշանակութեան համակարգը։

Սրանով նա իր թուրք-արեւմտեան տէրերին փորձում է հաւատացնել, որ Հայաստանում հետեւողականօրէն զրոյացման է տանում ռուսական ազդեցութիւնը։ Զելենսկու օրինակով նա ներկայանում է որպէս Արեւմուտքի ֆորպոստ Ռուսաստանի դէմ, ակնկալելով, որ Արեւմուտքը նրա ամէն մի բռնութեան ու անօրինականութեան վրայ աչք կը փակի՝ գլոբալիստական միաբեւեռութեան դէմ այս պայքարում ըստ արժանւոյն գնահատելով վերջինիս հակառուսական գործունէութիւնը։

Որպէս նման օրինակներ յիշենք, որ Արեւմուտքից բերւած 300.000 քւէներով Մոլդովայում վերարտադրւեց արեւմտամէտ ղեկավարի իշխանութիւնը, խայտառակ անօրինականութեամբ Ռումինիայում չեղարկւեց ոչ արեւմտամէտ ղեկավարի յաղթանակը։ Վրաստանի իշխանութեան դէմ շարունակւում է արեւմուտքի կոշտ ճնշումը՝ պարտադրանքով սեփական ինքնիշխանութեան կորստի հաշւին վերադառնալու Արեւմուտքի գիրկը։ Իրենք՝ արեւմտեան ժողովրդավարութեան դրօշակակիրները, իրենց երկրներում ընդդիմադիր կուսակցութիւններին վախեցնում են արգելելու, իսկ ընդդիմադիր գործիչների դէմ՝ քրէական հետապնդումներ ձեռնարկելու սպառնալիքով։

Փաշինեանն իր հակաժողովրդական վտանգաւոր քայլերով ակնյայտօրէն բախում է հրահրում եկեղեցու, ժողովրդի ու քաղաքական ուժերի հետ։ Նախորդ առաջնորդողում արդէն գրել ենք, որ, վախենալով իրադարձութիւնների բնականոն եւ իր համար ոչ ձեռնտու զարգացումից, Նիկոլը կարծես ցանկանում է ոչ միայն քարտերը խառնել, այլեւ խաղասեղանը շուռ տալ։ Այո՛, բռնի իշխանափոխութեան եւ դրա կոչերն անելու ամբաստանութեամբ շարունակւում են զանազան ակտիւ ընդդիմադիրների ձերբակալութիւնները եւ, կասկած չկայ, որ դրանք կը շարունակւեն։ Փաշինեանը, սակայն, հասկանում է, որ իր անձնական օգտագործման իրաւաբանների կցած-կցմցած հիմքերը շատ խախուտ են եւ, հաւանաբար նրան անհրաժեշտ են փողոցային բախումներ, որպէսզի դրանք ներկայացնի որպէս բռնի իշխանափոխութեան ծանրակշիռ փաստեր, ընդլայնի հետապնդումների հնարաւորութիւնը։ Վեհափառի եւ վեհարանի դէմ անհաւատ խուժանին դուրս բերելը թերեւս կարող է դառնալ ժողովրդական ըմբոստութիւն սադրելու լաւագոյն հնարաւորութիւնը։ Իսկ որ Փաշինեանն իր նպատակին հասնելու համար ո՛չ ժողովրդին կը խնայի, ո՛չ պետութիւնը, համոզւում ենք արդէն եօթ եւ շատ աւելի տարիներ շարունակ։ Սա նոյն Փաշինեանն է, ով վիժեցնելով բանակցութիւնները, 2008 թւականին բախումների քաոսի մէջ ներքաշեց մայրաքաղաքը, ով 10 տարի անց յայտարարում էր, թէ. «Կամ ես կը դառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենայ» եւ դագաղներ էր պտտեցնում Երեւանի փողոցներով, ով հիմա յայտարարում է, թէ 2019 թւականին կարող էր ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու, իսկ 20 թւականի պատերազմից յետոյ յայտարարում էր, թէ տարածքները կարելի էր յանձնել առանց պատերազմի, սակայն այդ դէպքում ժողովուրդն իրեն դաւաճան կը համարէր։

Արտաքին պատւէրի սպասարկմանն ուղղւած գործողութիւններով շեղելով մարդկանց ուշադրութիւնը, նոյն ժամանակ կուլիսների յետեւում նա իրականացնում է մէկ այլ յանցագործ ծրագիր՝ Զանգեզուրի, այսպէս կոչւած, միջանցքն օտարին յանձնելու դաւադրութիւնը։ Տւեալ պահին իր համար անցանկալի, հասարակական հնչեղութիւն ունեցող քայլերից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու փաշինեանական գործելակերպը ծանօթ է բոլորիս։ Յիշենք նաեւ, որ Ստամբուլում Էրդողանի եւ Աբու Դաբիում Ալիեւի հետ վերջին հանդիպումներին զուգահեռ տեղի ունեցան նոր հետապնդումները եւ ձերբակալութիւնները։ Փաշինեանն այսօր Հայաստանի գլխին բերում է նոյն փորձանքը, ինչ որ ժամանակին բերեց Արցախի գլխին։ Նոյն 2019 թւականին Ստեփանակերտի հրապարակում նա ճչում էր, թէ. «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ», 2020 թւականին, պատերազմում պարտւելուց յետոյ, անօրինականօրէն Արցախից տարածքներ զիջեց, երբ մինչ այդ ասում էր, թէ Արցախի ճակատագիրը որոշել ինքը չի կարող, որովհետեւ արցախցիներն իրեն չեն ընտրել։

Այնուամենայնիւ, 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ ամրագրւեց ե՛ւ Արցախի հայկական մնացած տարածքը, ե՛ւ Լաչինի հայապատկան ճանապարհը, սակայն յետոյ Փաշինեանը դրանք էլ զիջեց՝ այս անգամ յայտարարելով, թէ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այս ողջ ընթացքում ինչ որ չափով իր պահանջները բաւարարելով եւ արձանագրելով նոր վիճակը՝ Ադրբեջանի ղեկավարն այնուհետեւ տեսնում էր, որ Փաշինեանից կարելի է նորանոր զիջումներ կորզել, որոնց մասին նախկինում չէր էլ կարող երազել։ Նա առաջադրում է իր նոր պահանջները եւ հասնում է դրանց իրականացմանը։ Արցախի հարցը հայկական կողմի ջանքերով տասնամեակներ շարունակ աշխարհն ընդունել էր որպէս արցախահայութեան ինքնորոշման խնդիր, բայց Նիկոլ Փաշինեանն իր ապուշութեան պատճառով, իսկ աւելի շուտ միտումնաւորութեամբ, վերածեց այն տարածքային վէճի, այսինքն՝ Հայաստանի յաւակնութեան ադրբեջանական տարածքների նկատմամբ։ Այսօր հասել ենք այնտեղ, որ տարածքային վէճերի հետ ոչ մի առնչութիւն չունեցող Զանգեզուրն է դարձել պետութիւնների միջեւ վէճի առարկայ։ Հայաստանի ինքնիշխանութիւնը զիջելու, Հայաստանի հարաւային դարպասներն անկայունութեան գօտու վերածելու գործընթացը Փաշինեանի ձախող, յանցաւոր եւ դաւադիր գործունէութեան հետեւանքն է՝ ինչի գինը թուրք-ադրբեջանական պանթուրանական եւ արեւմտեան աշխարհաքաղաքական շահերի դիմաց սեփական իշխանութեան պահպանելն է։

Հայաստանը, փաստօրէն, վերածւել է Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու, Իրանի հիւսիսային սահմանները թշնամական յենակէտի վերածելու գործիքի, եւ այս բարդ խաղին պատանդ դառած Փաշինեանը փորձում է պահպանել իշխանական աթոռը միաժամանակ խաբելով բոլորին։ Պէտք է խոստովանել, որ անընդհատ ներքին խնդիրներ հրապարակ նետելով՝ Փաշինեանին ցայսօր յաջողւում է քթից բռնած ողջ հայ ժողովրդին տանել իր օրակարգերի յետեւից։ Նրան ցայսօր յաջողւել է բարեկամութեան ու հաւատարմութեան երդումներ տալով ապահովել Ռուսաստանի եւ Իրանի կրաւորական պահւածը իր պրօթուրք, պրօարեւմտեան խաղերի դիմաց։ Միաժամանակ իր անվերջանալի խուսանաւումների, անկանխատեսելիութեան պատժառով նա կորցնում է նաեւ Արեւմուտքի վստահութիւնը, եւ այս ամէնին հակազդելու այլ ռեսուրս չունի, քան ցուցադրելը երկրի ներսում իր իշխանութեան կայունութեանն ուղղւած հետապնդումները, եւ հայկական խաղաքարտի շահարկումը որպէս առեւտրի միջոց։

Կը յաջողւի՞ Նիկոլին բախումներ հրահրել առաջիկայում եւ դրանց թոհուբոհում չէզոքացնել ազգային ուժերին իր կապիտուլյացիոն ծրագրերի եւ իշխանական վերարտադրութեան ճանապարհից, թէ՞ այլեւս սպառւում են նրա արտաքին ու ներքին խուսանաւումների հնարաւորութիւնները։ Փաշինեանը նախաձեռնող է, Փաշինեանը լաւագոյնս զգալով իրավիճակի բարդութիւնը գնում է վա բանկ։ Ունի՞ սրա դիմաց ընդդիմութիւնը հակաքայլեր, թէ՞ դեռ պատրաստ է միայն իր դաշտում հակադարձելուն։ Ժամանակն այլեւս Նիկոլի օգտին չի ընթանում, բայց դեռեւս չկան հիմքեր մտածելու համար, որ ազգային ուժերը դարձել են իրավիճակի եւ ժամանակի տէրը, իսկ ժամանակի կշեռքին Հայաստանի ինքնիշխանութիւնն է։

«Դրօշակ» թիւ 7, 2025 թ.

Share