ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է․
«Ի՞նչ է նշանակում համաձայնութիւն տալ փաստաթղթի, որտեղ չկայ գէթ մէկ կէտ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները, գործողութիւնները կամ յայտարարութիւնները։
Օգօստոսի 8-ին Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից յետոյ իշխող ուժը շտապեց յայտարարել, թէ խաղաղութիւնն արդէն իրականութիւն է։
Մենք բազմիցս հիմնաւոր կերպով ցոյց ենք տուել, որ այդ համաձայանագրով՝
- Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքը յստակ սահմաններով,
- որեւէ կերպ չի զսպւում ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի նկատմամբ,
- չամրագրելով արցախահայութեան վերադարձի իրաւունքը՝ Բաքուն չի հրաժարուել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրերից։
Փաստաթղթի նախաստորագրումից անմիջապէս յետոյ Ալիեւը Սիւնիքով անցնող ճանապարհը անուանեց «միջանցք», հայ հասարակութեանը՝ «հիւանդ», իսկ այսօր բաց տեքստով խօսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։
Միեւնոյն ժամանակ, Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն չի արձագանքում, այլեւ իր քայլերով փաստացի ուժեղացնում է Ալիեւի դիրքերը՝
-հասարակութեանը ճշմարտութիւնը ներկայացնողներին պիտակաւորելով «ռեւանշիստ»,
-յայտարարելով, թէ Հայաստանի վերահսկողութեան տակ ադրբեջանական տարածքներ կան,
-ակտիւացնելով Սահմանադրութեան փոփոխութեան գործընթացը, կրճատելով զինուած ուժերի ֆինանսաւորումը եւ զինուորական ծառայութեան ժամկէտը։
Այսպիսով, շատ կարճ ժամանակ պահանջուեց, որպէսզի Փաշինեանն ու Ալիեւը սեփական ձեռքով պայթեցնեն այն մեծ փուչիկը, որը ամիսներ շարունակ միասին փչում էին՝ ժողովրդին համոզելու, թէ խաղաղութիւն է հաստատուել։
Ալիեւի այսօրուայ յայտարարութիւնը դարձել է ամենաառարկայական ապացոյց ընդդիմութեան նախազգուշացումների ճշմարտացիութեան։
Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը ողջունած պետութիւններին, ակնկալում ենք բոլորից՝ անյապաղ եւ հրապարակային ձեւով դատապարտել Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։
Հակառակ դէպքում ձեր ողջոյնները դառնում են ոչ թէ խաղաղութեան, այլ Հայաստանի կատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստումը ողջունելու գործողութիւն։
Խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն ժամանակ, երբ կայ արժանապատիւ պետութիւն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը եւ իր քաղաքացիներին»։
