ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը եւ դաշինքի պատգամաւորներ Ագնեսա Խամոյեանն ու Աննա Գրիգորեանը «Մեծ քաղաքականութիւն» փոդքաստի առաջին թողարկման ընթացքում անդրադարձել են հարեւան Իրանի շուրջ զարգացումներին եւ հարցին, թէ ինչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանի համար՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ եւ Իսրայէլի յարձակումների հետեւանքով։
«Երեւի մօտ 10 օր առաջ ԱՄԷ-ում բոլորը վստահ էին, որ ապրում են երեւի ամենաանվտանգ երկրում, նման զգացողութիւն երեւի ունեցել են նաեւ Քաթարում։ Բայց ամէն ինչ փոխուեց, եւ փոխուեց այն կոնտեքստում, որի մասին բազմիցս ասել ենք. աշխարհը խառնուել է, այն ինչ կատարւում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ, վտանգաւոր է եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Սա դրա դրսեւորումներից մէկն է»,նշել է ՀՀ երկրորդ նախագահը՝ ի պատասխան Աննա Գրիգորեանի դիտարկմանը, որ Իրանում զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանութիւնների ներկայացուցիչները կարկանդակ են ուտում եւ խաղաղութեան մասին յայտարարութիւններ անում։
Ռոբերտ Քոչարեանի խօսքով, հասկանալու համար, թէ ինչ հետեւանքներ կարող են ունենալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յարձակումները, պէտք է հասկանալ, թէ ինչ նպատակ են հետապնդում այդ երկու երկրները։
«Նպատակն ակնյայտ է. ոչ միայն ռեժիմի փոփոխութիւն են ուզում, այլեւ պետութեան տեսակի փոփոխութիւն։ Կոչ են անում էթնիկ փոքրամասնութիւններին դուրս գալ իշխանութեան դէմ։ Պատկերացրէք՝ էթնիկ խմորումներ Իրանում. ինչի կարող է դա բերել։ 17-20 մլն ադրբեջանցիներ եւ այլ ազգութիւններ, եւ մեր բարեկամ երկիրը։ Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար։ Խօսքը գոյաբանական սպառանլիքի մասին է, ոչ թէ սահմանային խմորումների։ Եթէ յիշում էք՝ երբ վերջին անգամ խօսում էինք “Թրամփի ուղու” մասին, ասում էի, որ չեմ տեսնում ԱՄՆ-ի տնտեսական շահերն այստեղ, հիմնական հետաքրքրութիւնն Իրանի սահմանն է»,‒ յաւելել է Ռոբերտ Քոչարեանը։
ԱԺ պատգամաւոր Ագնեսա Խամոյեանի ճշտող հարցին այն մասին, թէ ինչ վտանգի մասին է խօսքը, արդեօ՞ք խօսքն այն մասին է, որ Հայաստանը կարող է ներքաշուել պատերազմում, թէ՞ որ Իրանից կարող են մեծ թուով այլազգիներ գալ Հայաստան՝ այդ թուում ադրբեջանցիներ, Քոչարեանը պատասխանել է.
«Պատկերացրէք՝ եթէ “Թրամփի ուղին” այս յարաբերակցութեամբ գործարկուած լինէր հինգ տարի առաջ, ապա Հայաստանը հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դէմ աշխատելու ուղղութեամբ։ Ինչ արեց Իրանը ռազմական եւ ոչ միայն ռազմական բազաների նկատմամբ։ Տպաւորութիւնն այնպիսին է, որ այս գործողութիւնների հիմնական նպատակը նաեւ Իրանի յարաբերութիւնները հարեւան արաբական երկրների հետ փչացնելն էր։ Պատկերացրէք՝ Իրանի հետ մեր յարաբերութիւններն այս հողի վրայ վատթարանան՝ մինչեւ նոյնիսկ թշնամանալու աստիճանի հասնեն։ Սա առաջին տարբերական է։ Երկրորդ տարբերակն էլ այն է, որ Իրանը էթնիկական հողի վրայ կոնֆլիկտներ ունենայ, քաղաքացիական պատերազմ սկսուի։ Հայաստանի համար դա գոյաբանական խնդիր է։ Հայաստանը պէտք է լուրջ քայլերի դիմի վտանգներից խուսափելու համար»։
Ռոբերտ Քոչարեանը յիշեցրել է, որ Հայաստանի թեզը մշտապէս եղել է խոշոր պետութիւնների շահերի բախման կէտում չյայտնուելը։ ՀՀ 2-րդ նախագահը նշել է, որ երրորդ վտանգը, որ ծառացած է Հայաստանի առջեւ՝ պայմանաւորուած Իրանի շուրջ ստեղծուած իրավիճակով, տնտեսական է։
«Մենք բաւական մեծ ծաւալի առեւտուր ունենք, օրինակ, ԱՄԷ-ի հետ։ Բեռնատարները ԱՄԷ-ից գալիս են Իրանի տարածքով, ի՞նչ է լինելու դրանց հետ։ Ոչ ոք չգիտի, թէ որքան կը տեւի այս թէժ պատերազմը, եւ թէ դրանից յետոյ քանի տարի է հարկաւոր լինելու այդ յարաբերութիւնները վերակառուցելու համար. Իրան-ԱՄԷ, Իրան-Քաթար եւ այլն»,‒ նշել է Քոչարեանը։
Ռոբերտ Քոչարեանը նկատել է, որ Հայաստանի իշխանութիւնների առաջին օրերի արձագանգը հարեւան երկրում տեղի ունեցողին անընդունել էր։
«Ինձ համար՝ որպէս նախկին նախագահի, շատ ծանր պատկեր էր՝ անպատասխանատւութեան, թիթիզութեան։ Եթէ այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»։
«Պէտք է ոչ թէ պեռաշկի ուտել, այլ Իրանի հետ միասին քայլեր ձեռնարկել եւ որպէս հարեւան երկիր անել ամէն ինչ՝ պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար», ասել է Ռոբերտ Քոչարեանը։
