Շարունակուող մշակութային ցեղասպանութիւն՝ Արցախում

Շարունակուող մշակութային ցեղասպանութիւն՝ Արցախում

Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմեն (իրաւունքների պաշտպան) Հովիկ Ավանեսովը գրառում է կատաել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ֆէյսբուքի էջում:

«Արդէն աւելի քան տասն օր է, ինչ ժամանակաւորապէս օկուպացուած Արցախի տարածքում բռնկուած հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածուում են՝ վերածուելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղէտի։ Արցախի մշակոյթի նախարարութիւնը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպէս բնակավայրերի, այնպէս էլ կենսաբազմազանութեամբ հարուստ անտառների և աւելի քան 100 պատմամշակութային յուշարձանների վրայ։ Շատ դէպքերում վնասը անդառնալի է՝ վտանգելով Արցախի հազարամեայ քաղաքակրթական շերտերի գոյութիւնը։

Հրդեհները չեն կարող ընկալուել որպէս տարերային կամ պատահական երևոյթ։ Ակնյայտ է՝ դրանք նպատակաուղղուած կերպով հրահրուում են «Ադրբեջանի» օկուպացիոն վարչակարգի կողմից՝ նոյն մեթոդաբանութեամբ, որը կիրառուեց 2020 թ․ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դէմ սանձազերծուած լայնածաւալ պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում «Ադրբեջանը» բազմիցս օգտագործեց միջազգային իրաւունքով արգելուած ֆոսֆորային զինատեսակներ՝ միտումնաւոր հրկիզելով Արցախի անտառները։

Այս քաղաքականութիւնն ունի խորքային նպատակ՝ ոչնչացնել Արցախի բնութիւնն ու մշակութային ինքնութիւնը։ «Ադրբեջանը» հետևողականօրէն վարում է մշակութային ցեղասպանութեան ռազմավարութիւն՝ ուղղուած հայ ժողովրդի քաղաքակրթական կոդերի ջնջմանը և պատմական յիշողութեան վերացմանը։

Վառ օրինակ է վերջին օրերին ժամանակաւորապէս օկուպացուած Ստեփանակերտում տեղի ունեցած մշակութային վանդալիզմը, երբ Ադրբեջանի պետական կառոյցների ուղղակի մասնակցութեամբ ոչնչացուեց համաշխարհային ճանաչում ունեցող հայ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու կիսանդրին` հենց հանճարեղ նկարչի ծննդեան օրը։ Այս մասին հրապարակային յայտարարութեամբ հանդէս է եկել «Արցախի մշակոյթի և զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» ՀԿ-ն։ Այւազովսկին՝ լինելով ոչ միայն հայկական, այլև համամարդկային մշակոյթի անբաժան մաս, դարձաւ «Ադրբեջանի» մշակութային ցեղասպանութեան յաջորդ զոհը՝ պարզապէս այն պատճառով, որ մարմնաւորում է այն արժէքները, որոնց դէմ գործում է ադրբեջանական պետական մեքենան։

Մենք յստակ արձանագրում ենք՝ միջազգային հանրութեան անգործութիւնը, միայն արարողակարգային և «անատամ» յայտարարութիւնները, ինչպէս նաև Ադրբեջանի հանդէպ ցուցաբերուող քաղաքական և տնտեսական հովանաւորչութիւնը ստեղծում են անպատժելիութեան մթնոլորտ։ Այդ մթնոլորտը վերածուում է պարարտ հողի նոր` առաւել ընդգրկուն յանցագործութիւնների համար։ Լռութիւնը՝ տուեալ դէպքում, յանցակցութեան ձև է։

Այս պահին Արցախի ամբողջ մշակութային ժառանգութիւնը գտնուում է ամբողջական ոչնչացման շեմին։ Մշակութային ցեղասպանութեան այս մասշտաբի դրսևորումը հասցրել է անգամ գերազանցել այն ողբերգական իրողութեանը, երբ Հայոց ցեղասպանութեան տարիներին ու դրանից յետոյ թուրքերն իրականացնում էին Արևմտեան Հայաստանի տարածքում։

«Ադրբեջանը» ներկայանում է որպէս պարազիտային քաղաքակրթութեան վառ ներկայացուցիչ՝ կառուցուած ուրիշի արժէքները իւրացնելու և ոչնչացնելու հաշուին։ Այդ մոդելը հակասում է բոլոր այն սկզբունքներին, որոնց վրայ հիմնուած է քաղաքակիրթ մարդկութեան գոյութիւնը։

Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ միջազգային կառոյցներին, իրաւապաշտպան և մշակութային կազմակերպութիւններին։ Ժամանակը սպառուում է։ Անյապաղ անհրաժեշտ են յստակ, գործուն և թիրախային քայլեր՝ կանխելու շարունակուող մշակութային ցեղասպանութիւնը։ Հակառակ պարագայում մոլորակը կզրկուի բացառիկ պատմամշակութային արժէքներից»:

Share