Իրանում հայեր չէն տուժել, զոհեր եւ վիրաւորներ չկան

Իրանում հայեր չէն տուժել, զոհեր եւ վիրաւորներ չկան

Իսրայելի կողմից Իրանին հասցուած հարուածներն ունեցել են կոնկրէտ թիրախային բնոյթ, եւ հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում յայտնեց Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր, վերլուծաբան Արամ Շահնազարեանը։

Արամ Շահնազարեան

«Հայ համայնքից որեւէ մէկը չի տուժել, զոհեր կամ վիրաւորներ չկան։ Հայ համայնքը, ինչպէս ամբողջ իրանական հասարակութիւնը, շարունակում է ապրել իր բնականոն կեանքով», — ասաց նա։

Այնուամենանիւ, Շահնազարեանը ընդգծեց, որ իրավիճակը լարուած է. «Լարուածութիւն, իհարկէ, կայ։ Էսկալացիան սրուել է, բոլորը սպասում են Իրանի հնարաւոր պատասխան հարուածին։ Դրանից յետոյ ինչ կը կատարուի՝ դեռեւս անորոշ է։ Գրեթէ պատերազմի սպասողական վիճակ է, բայց ինչպէս միւս քաղաքացիները, մենք էլ ապրում ենք մեր առօրեայ կեանքով»։

Խոսելով Իրանում բարձրացուած վրէժխնդրութեան կարմիր դրօշի մասին՝ Շահնազարեանը նշեց, որ այն քարոզչական եւ սիմուոլիկ նշանակութիւն ունի։

«Ինչպէս յայտնի է, պաշտօնական շիիզմի կենտրոնը համարւում է Իրանը։ Իմամ Հուսեյինը շիիզմում նահատակութեան, զոհաբերութեան խորհրդանիշն է։ Կարմիր դրօշը բարձրացւում է Իմամ Հուսեյինի անունով՝ որպէս վրէժի պատգամ։ Այն նշանակում է, որ վրէժը անպայման լուծուելու է։ Այս քայլն ունի հոգեբանական ուժեղ ազդեցութիւն եւ նպատակ ունի մօտիւացնել ժողովրդին՝ հիմնուելով կրօնական զգացմունքների վրայ։ Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ Իրանը անպայման պատասխանելու է», — նշեց նա։

Շահնազարեանը յաւելեց, որ վերջին գիշերուայ հարուածներում նկատելի էր Իսրայելի նոյն ձեռագիրը, ինչ Լիբանանում՝ թիրախային գործողութիւններ՝ կոնկրէտ անձանց ոչնչացման նպատակով։

Share