Հարցումների արդիւնքները ցոյց են տալիս, որ Հայաստանում աւելանում են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մեր երկրում քաղբանտարկեալներ կան։
Արդեօք Հայաստանում կա՞ն քաղբանտարկեալներ․ վերջին 2-3 տարիներին անցկացուած հարցումների համեմատութեամբ՝ այս հարցին ամէնից շատ դրական պատասխանն է ստացուել։ GALLUP International-ի հայաստանեան ներկայացուցչութեան ղեկավար Արամ Նաւասարդեանը, ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացուած հարցումների արդիւնքները, նշեց, որ հարցին 62 տոկոսը «այո» է պատասխանել, «ոչ»՝ 18 տոկոս, իսկ 20 տոկոսը դժուարացել է պատասխանել։
«Ցաւալի է, բայց այս ցուցանիշը մէզ մօտ գնալով աճում է»,- նշեց Նաւասարդեանը։
Հարցուած քաղաքացիների գերակշիռ մեծամասնութիւնը՝ աւելի քան 71,5 տոկոսը, գործարար Սամուել Կարապետեանին է համարել քաղբանտարկեալ, 38,5 տոկոսը՝ Բագրատ սրբազանին, 37,8 տոկոսը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանին, Արմէն Աշոտեանին՝ 9,6 տոկոսը։ Այլ անուններ եւս հնչել են, որոնք այդքան շատ տոկոսներ չէն հաւաքել։
Հարցերից մէկը վերաբերել է նաեւ Սամուել Կարապետեանի կալանաւորմանը, թէ ինչպէս են իշխանութիւնների գործելակերպին վերաբերւում ՀՀ քաղաքացիները։
«12,6 տոկոսը լիովին դրական է վերաբերւում ձերբակալութեանը, 5,9 տոկոսը նշել է՝ «աւելի շուտ դրական», «աւելի շուտ բացասական»՝ 16,4 տոկոսը, իսկ 48 տոկոսն ընդհանրապէս բացասական է վերաբերւում»,- հարցման արդիւնքները ներկայացրեց Նաւասարդեանը։
Ինչ վերաբերում է սրբազանների կալանաւորմանը՝ 17,3 տոկոսը լիովին դրական է վերաբերւում, «աւելի շուտ դրական»՝ 7,7 տոկոսը, «աւելի շուտ բացասական»՝ 12,6 տոկոսը, իսկ 44,2 տոկոսն ընդհանրապէս բացասական է վերաբերւում գործընթացին։
Յիշեցնենք նաեւՀՀ Ազգային ժողովը յուլիսի 3–ին 65 կողմ, 27 դէմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «Հանրային ծառայութիւնները կարգաւորող մարմնի մասին» եւ «Էներգէտիկայի մասին» օրէնքներում նախատեսուած փոփոխութիւնների եւ լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Աւելի վաղ (յունիսի 18–ին)
գործարար, ՀԷՑ–ի սեփականատէր Սամուել Կարապետեանի կալանաւորումից ժամէր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պէտք է ազգայնացուի (պետականացուի)։ Փաշինեանը նաեւ սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետութեան հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Յունիսի 24-ին նա յայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Յուլիսի 18-ին յայտնի դարձաւ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողութեան ծառայութեան պետի պաշտօնից ազատուած Ռոմանոս Պետրոսեանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութեան ժամանակաւոր կառավարիչ։ Յանձնաժողովը նաեւ կառավարութեան ներկայացրած հաղորդման հիմքով վարոյթ է յարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշէնք, որ Սամուել Կարապետեանը ընկերութիւնը ձեռք է բերել 2016 թուականին նախկին կառավարութեան խնդրանքով եւ հարիւր միլիոնաւոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
