ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աւելի քան 45 անդամներ հանդէս են եկել Հայաստանին տրամադրուող աջակցութեան աւելացման օգտին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աւելի քան 45 անդամներ հանդէս են եկել Հայաստանին տրամադրուող աջակցութեան աւելացման օգտին


Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի սատարումը վայելող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական նամակը Յատկացումների ենթայանձնաժողովին կոչ է անում տրամադրել անվտանգային օգնութիւն Հայաստանին, մարդասիրական աջակցութիւն Արցախի փախստականներին, ապահովել Ադրբեջանի պատասխանատուութիւնը եւ վերահսկողութիւն սահմանել TRIPP նախաձեռնութեան իրականացման նկատմամբ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի նամակը, որը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի աւելի քան 45 անդամներ՝ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգութեան, Պետքարտուղարութեան եւ հարակից ծրագրերի Յատկացումների ենթայանձնաժողովին` (NSRP) 2027 ֆինանսական տարուայ NSRP յատկացումների օրէնքում ներառել Հայաստանին եւ Արցախին առնչուող կարեւոր դրոյթներ։

Նամակով կոչ է արւում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցութիւնը, յատկացնել 100 միլիոն դոլար մարդասիրական օգնութիւն Արցախից բռնի տեղահանուած հայերին, արգելել ԱՄՆ ռազմական օգնութիւնն Ադրբեջանին, վերջինիս նպատմամբ կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ, ինչպէս նաեւ ապահովել Կոնգրեսի իրական վերահսկողութիւնը TRIPP նախաձեռնութեան նկատմամբ։
Նամակը մասնաւորապէս հասցէագրում է հետեւեալ առաջնահերթութիւնները․

Հայաստանի անվտանգային աջակցութիւն

Նամակը կոչ է անում յատկացնել 20 միլիոն դոլար Foreign Military Financing (FMF) ծրագրի եւ 10 միլիոն դոլար International Military Education and Training (IMET) ծրագրի համար՝ նշելով, որ յաւելեալ օգնութիւնը «կարեւոր դեր կխաղայ Հայաստանի պաշտպանական կարողութիւնների ամրապնդման եւ Ադրբեջանի անդադար ծաւալապաշտութեան, ագրեսիայի եւ ուժի կիրառման սպառնալիքների դէմ զսպման մեխանիզմ ստեղծելու գործում»։ Յանձնախումբը նաեւ զգուշացրել է, որ «Ալիեւի ռեժիմը կը փորձի օգտուել Ուկրաինայում Ռուսաստանի շարունակուող պատերազմից եւ Մերձաւոր Արեւելքում առկայ անկայունութիւնից՝ բանակցութիւնների այս վճռական փուլում Հայաստանի դէմ իր ռազմական առաւելութիւնը առաջ մղելու համար»։

Մարդասիրական օգնութիւն Արցախից տեղահանուած անձանց

Նամակով պահանջում է յատկացնել 100 միլիոն դոլար AEECA Humanitarian Account ծրագրի միջոցով՝ նշելով, որ Ադրբեջանի 2023 թուականի ներխուժումը յանգեցրել է «տարածաշրջանի ամբողջ բնիկ հայկական բնակչութեան ցեղասպանական էթնիկ զտմանը»՝ նախորդած «10 ամիս տեւած շրջափակմանը, որի ընթացքում Ադրբեջանը դիտաւորութեամբ զրկել է աւելի քան 120․000 հայերի սննդից, վառելիքից, դեղորայքից եւ այլ կենսական անհրաժեշտ ապրանքներից»։ Նամակով զգուշացւում է՝ առկայ օգնութիւնը «լիովին անբաւարար է այս ընտանիքների չբաւարարուած կարիքները հոգալու համար», իսկ Ադրբեջանի «շարունակական հրաժարումը երաշխաւորել հայերի անվտանգ վերադարձը իրենց տները, ինչպէս պահանջում է միջազգային իրաւունքը, շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմանը»։

Ադրբեջանի պատասխանատուութիւն եւ հայ պատանդների ազատ արձակում

Նամակը կոչ է անում ամբողջութեամբ արգելել ԱՄՆ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին՝ նշելով, որ «չնայած շարունակուող խաղաղութեան բանակցութիւններին՝ Ադրբեջանը շարունակում է գործողութիւններ իրականացնել, որոնք հակասում են խաղաղութեան իր յայտարարած յանձնառութեանը»։ Դրանց թւում է 16 հայ ռազմագերիների դատապարտումը 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ «երկարատեւ կեղծ դատավարութիւններից յետոյ, որոնց ընթացքում հայ գերիները ենթարկուել են բռնութիւնների, խոշտանգումների ու զրկուել իրենց հիմնարար իրաւունքներից»։ Նաեւ կոչ է արւում վերանայել Global Magnitsky Act-ի շրջանակում պատժամիջոցների կիրառումը՝ ուղղուած մարդու իրաւունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների դէմ։

TRIPP նախաձեռնութեան վերահսկողութիւն

TRIPP միջանցքի շրջանակի վերաբերեալ նամակում նշւում է, որ համաձայնագիրը «առաջացնում է մտահոգութիւններ Հայաստանի ինքնիշխանութեան եւ իր տարածքի նկատմամբ սեփականութեան իրաւունքների վերաբերեալ»։ Նշւում են նաեւ «չպատասխանուած հարցեր երթուղու անվտանգութեան վերաբերեալ, յատկապէս այն երաշխիքների մասին, որ այն չի օգտագործուի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բեռնափոխադրումների կամ զէնքի վաճառքի համար, ինչը կվտանգի Հայաստանի անվտանգութիւնը»։

Կոնգրեսականները մտահոգութիւն են յայտնում այն մասին, որ «Ադրբեջանը փորձում է ներգրաւել օտարերկրեայ ներդրումներ նախկինում հայաբնակ տարածքների քանդման, վերակառուցման եւ վերազարգացման համար» եւ կոչ են արել պէտքարտուղարութեանն ու առեւտրի նախարարութեանը զեկուցել, թէ արդյօք Ադրբեջանում գործող ամերիկեան կազմակերպութիւնները «նիւթական աջակցութիւն են ցուցաբերել Ադրբեջանի շարունակուող մարդու իրաւունքների խախտումներին»։

ԱՄՆ 45 կոնգրէսականների նամակի առթիւ Հայ դատի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Կոնգրեսի աւելի քան քառասունհինգ անդամներ իրենց անունը դրել են յստակ եւ սկզբունքային ուղերձի տակ․ Միացեալ Նահանգները պէտք է կանգնի Հայաստանի կողքին, պատասխանատուութեան ենթարկի Ադրբեջանին եւ արդարութիւն ապահովի արցախահայութեան համար։ Այս նամակը, որ հնարաւոր է դարձել ամբողջ երկրով մէկ համախմբուած ամերիկահայերի ջանքերով, յատկացումների ենթայանձնաժողովին տալիս է երկկուսակցական մանդատ։ 2027 ֆինանսական տարուայ յատկացումների գործընթացը Կոնգրեսի ամենահզօր գործիքներից մէկն է, եւ Հայկական հարցերով յանձնախումբն այս նամակով այդ ուժը ծառայեցնում է հայ-ամերիկեան առաջնահերթութիւններին»։

Նամակի ամբողջական տեքստը` յղումով

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ
13 մարտ 2026թ.

Share