Գաղտնի փոխանցումներ, հիւրանոցների մահճակալներում թաքցրած փող, շքեղ նուէրներ. այն, ինչ բացայայտուել է Բունդեսթագի հանգուցեալ պատգամաւոր Կարին Սթրենցի նկատմամբ կաշառակերութեան գործով, սովորական քաղաքական թրիլերի տեսարաններ է յիշեցնում։
Nordkurier պարբերականի խմբագրութիւնը ստացել է մեղադրական եզրակացութիւնը, որում Միւնխենի գլխաւոր դատախազութիւնը շարադրել է Սթրենցի դէմ մեղադրանքները։
Քաղաքական գործիչը, որը մահացել է 2021 թուականին, կենդանութեան օրօք կասկածւում էր կոռուպցիայի մէջ՝ Ադրբեջանի աւտօրիտար ռեժիմի հետ իր կապերի պատճառով։ Նա նախկինում ութ տարի շարունակ եղել է ԵԽԽՎ- ի անդամ ։

Ներկայումս դատարանի առջեւ են կանգնել Բունդեսթագի երկու նախկին անդամներ եւ Սթրենցի նախկին զինակիցները։ Էդուարդ Լինտները եւ Ակսել Ֆիշերը մեղադրւում են Ադրբեջանից կաշառք ստանալու մէջ։
Եթէ մեղադրական դատաւճիռ կայացուի, դա կը դառնայ Գերմանիայի պատմութեան մէջ առաջին դէպքը, երբ խորհրդարանի անդամները մեղաւոր կը ճանաչուէն օտարերկրեայ պետական իշխանութիւնից գումար ստանալու մէջ՝ իրենց հովանաւորների շահերից ելնելով իրենց քաղաքական դիրքը չարաշահելու նպատակով։
Սթրենցի անունը կենտրոնական դեր է խաղում այս գործընթացում։ Նախ, որովհետեւ դրանում ներգրաւուած է նրա ամուսինը։ Երկրորդ, քննիչներին, ըստ երեւոյթին, յաջողուել է բացայայտել գերմանայ-ադրբեջանական կոռուպցիոն ցանցի մեծ մասը Կարին Սթրենցի շնորհիւ։
Հանգուցեալը, ինչպէս պնդւում է, ստացել է 149 900 եւրոյի տպաւորիչ գումար, ինչպէս նաեւ տարբեր նուէրներ Ադրբեջանից։ Քննիչները նաեւ բացատրում են, թէ երբ, որտեղ եւ ինչ ուղիներով է նա նուիրատուութիւններ ստացել Ադրբեջանի օգտին յայտարարութիւնների եւ նոյնիսկ ձայների համար։
2014 թուականի հոկտեմբերի վերջին/նոյեմբերի սկզբին Սթրենցի, Բունդեսթագի նախկին պատգամաւոր, մեղադրեալ Էդուարդ Լինտների եւ ադրբեջանցի քաղաքական գործչի միջեւ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել այն մասին, որ Սթրենցը «պէտք է միջոցներ ստանայ ԵԽԽՎ անդամի կարգավիճակում, Ադրբեջանի համար կարեւոր հարցերով իր գործունէութեան համար»։