Կորսուած կամ գողացուած տօներ….

Կորսուած կամ գողացուած տօներ….

Վաղը Մայիսի 9-ն է: Յաղթանակի օրը: Անկախ ինչ-ինչ մարգինալ (լուսանցքային) շրջանակների կամ «անուն հանելու» ձգտող որոշ անձանց ասածներից, դա տօն է նաեւ մեր ժողովրդի համար: Թեկուզ այն պարզ պատճառով, որ 85 տարի առաջ մեր՝ ոչ մեծաքանակ ազգի հարիւր հազարաւոր զաւակներ կռուել են ֆաշիզմի դէմ թէ՛ ԽՍՀՄ զինուած ուժերի, թէ՛ նաեւ դաշնակիցների, այդ թւում՝ ԱՄՆ բանակի կազմում եւ իրենց ու իրենց ազգի անունը փառքով ու յաղթանակով են գրանցել պատմութեան մէջ:

Յայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ, հակառուսականութեան ալիքի վրայ, նորանկախ Հայաստանի առաջին իշխանաւորներն առանձնապէս հակուած չէին Մայիսի 9-ը նշել որպէս տօն: Բայց ստացուեց այնպէս, որ Շուշին ազատագրուեց 1992 թուականի մայիսի 8-9ին: Ու կարճ ժամանակ անց Մայիսի 9-ը, կարելի է ասել՝ ժողովրդական մղումով, վերականգնուեց, վերաիմաստաւորուեց ու նոր ընկալման ու գնահատականի արժանացաւ:

Մինչեւ չեկաւ Փաշինեանն ու «զրոյական կէտ» չարեց:

Ցաւալի է, բայց Յաղթանակի օրը մէզանում արդէն չունի ո՛չ այն ընկալումը, ինչ 10-15 կամ 20 տարի առաջ էր, ո՛չ էլ այն հնչեղութիւնը: Ինչպէս, ասենք, արդէն խամրել է Հայաստանի անկախութեան վերականգնման տօնի՝ սեպտեմբերի 21-ի փայլը: Դեռ չենք խօսում Մայիսի 28-ի մասին: Չենք խօսում ԼՂՀ Անկախութեան օրուայ՝ սեպտեմբերի 2-ի մասին:Բայց խնդիրը միայն, այսպէս ասենք, օրացուցային կամ տօնացոյցում կարմիրով առանձնացուած տօների, օրերի մասին չէ՝ լինի Մայիսի 9-ը, թէ յունուարի 28-ը, թէ օգոստոսի 23-ը:

Շատ աւելի հասարակ, ինչպէս ասում են՝ կենցաղային հարթութեան վրայ նայեք: Ե՞րբ եք վերջին անգամ լիաթօք ծննդեան տարեդարձ նշել կամ Նոր տարի:

Տոները դարձել են կորուսեալ: Գողացուել են այդ տօները մեր երկրի հասարակութիւնից, մեր ժողովրդից, մէզանից: Վերջին 7 ու յատկապէս վերջին 5 տարիներին Փաշինեանն ու իր ՔՊ-ն ամէն ջանք գործադրել են, որպէսզի Հայաստանը, հայ ժողովուրդը տօներ չունենան, յատկապէս յաղթանակի հետ կապուած տօներ: Ազգայինի մասին էլ չենք ասում, այնքան բացայայտ են այս իշխանութիւնները պայքարում ամենան ազգայինի դէմ: Եթէ Սահմանադրութեան նախաբանն ուզում են ջնջել, էլ ի՞նչ օգոստոսի 23 կամ, առաւել եւս, սեպտեմբերի 21:

Բայց, կրկնենք, խնդիրը միայն «պաշտօնական» տօները չէն: Մեր կեանքից, առհասարակ, եթէ չի վերացել, ապա՝ վերանում է տօն ասուածը: Այս իշխանութիւնները կորուսել են ոչ միայն մեր հազարաւոր զաւակներին, ոչ միայն մեր հայրենիքի մի մեծ մասը, նաեւ գողացել են մեր կեանքի տօները, մեր ուրախութիւնը, մէզ երջանիկ զգալու հիմքերը…

«Փաստ»

Share