Նամակ Ձմեռ պապին

Նամակ Ձմեռ պապին

Մարինէ Մարտիրոսեան
Նարեկ Ալեքսանեան
hetq.am



9-ամեայ Գոռը բակում ճիւղեր է մասնատում: Բոբին՝ նրա շունը, անհանգիստ ձգւում է դէպի տղան՝ թաթերը դնում ուսին: Գոռը շանը խնդրում է հեռու մնալ, որ գործն արագ անի:

Տղան բարակ ճիւղերն ու փայտի կտորները տուն է տանում վառարանի համար:

Գոռի մօրը՝ Դիանային, հանդիպեցինք գիւղի եկեղեցու մօտ: Մեկ շաբաթ է՝ նա աշխատում է հացի փռում: 39-ամեայ Դիանան գործից մի պահ դուրս էր եկել՝ մէզ հանդիպելու: Հողաթափերով էր, առանց վերարկուի ու առանց ժպիտի: Նա ժպիտն ու լիարժէք ուրախութիւնը, կարծես, թողել է հարազատ բնակավայրում՝ Արցախի Մարտունու շրջանի Աշան գիւղում:

Մասիսի Նորաբաց գիւղում ենք՝ Արցախից բռնի տեղահանուած Գրիգորեանների տանը: Հիւրասենեակում բոլորը հաւաքուել են վառարանի ջերմութեան շուրջ: Գոռը նստել է բազմոցին, նրա կողքին կրտսէր քոյրն է՝ Անահիտը, իսկ աւագ երեխաները ներսուդուրս են անում:

Տան վարձակալութեան համար ամսական 150 հազ. դրամ են վճարում: Տանտէրը սկզբում 100 հազար էր ասել, բայց երբ Գրիգորեանները պէտք է տեղափոխուեին, մտափոխուել էր՝ 50 հազարով բարձրացնելով վարձը: Ընտանիքն այլընտրանք չի ունեցել:

Հիւրասենեակում լսւում է այրուող փայտի ճարճատիւնը, որը շուտով Գոռի ուրախ զրոյցների մէջ կորում է:

Գոռն առաւօտից փորձել էր վերանորոգել հեծանիւը, բայց չէր ստացուել: Հեծանիւին նոր շղթայ է պէտք, բայց դրա համար գումար դեռ չէն նախատեսել:

Ծնողներն ու աւագ երեխաները լուռ են, բայց Գոռը բոլորի փոխարէն հասցնում է պատմութիւններ պատմել: Անսպասելի կէտից է սկսում զրոյցը:

-Ես ասեմ ձեզ՝ խոզերս թողել եմ Ղարաբաղում: Ի՞նչ եմ բերել՝ մի հատ աւտօ եմ բերել, մէկ էլ մարդկանց:

-Գոռ, ամենաշատն ի՞նչ ես կարօտում:

-Խոզերիս, որ մնացին Ղարաբաղում,- պատասխանում է, յետոյ արագ ուղղում,- է՜, չէ, հեծանիւս:

Բայց քիչ անց նորից մտափոխւում է. «Չէ, խոզերիս»:

Գոռի տատն ու պապը, Դիանան ու 5 երեխաները 2023-ի աշնանը մի հնամաշ «06»-ով են տեղափոխուել Արցախից, իսկ հայրը՝ Արթուրը, տրակտորով է եկել ծանօթներից մէկի հետ: Դիանան ասում է՝ ամուսնուն զգուշացրել էին, որ բենզին կարող է չլինի, թող դիզուառելիքով աշխատող տրակտորը վերցնի, որ ընտանիքը կարողանայ տեղափոխել:

-Գոռ, ինչո՞վ էիր զբաղւում Արցախում,- նրա կողքին նստելով՝ հարցնում եմ ես:

-Պապայի հետ խոզեր եմ պահել, հեծանիւ եմ քշել, ընկերներիս հետ եմ խաղացել,- պատասխանում է ու ժպտում:

-Բա հիմա ի՞նչ ես անում:

-Չարութիւն, ի՞նչ եմ անում,- լռութիւնը պայթում է ծիծաղով, որը կրակի կտորների պէս լցւում է հիւրասենեակում:

-Օրինակ՝ ի՞նչ չարութիւն ես անում:

-Ի՞նչ իմանամ, է,- ծիծաղում է 9-ամեայ տղան ու շարունակում- չեմ թողնում, որ տխրէն, բայց դէ տխրում են:

Տան մեծերը նորից լուռ են: Պապը՝ Սուրիկ Գրիգորեանը, հոգոց է հանում: Աշանում մեխանիզատոր էր, գիւղտեխնիկայ ունէր, վարուցանք էր անում:

Կինը՝ Զոյայ Գրիգորեանը, երբեմն լրացնում է ամուսնու պատմածը: Ուղիղ 50 տարի միասին ապրել են Աշանում եւ չէն պատկերացրել, որ մի օր ամէն ինչ թողնելու են, դուրս գան:

2023 թ. սեպտեմբերի 19-ը սովորական օր էր թւում: Տիկին Զոյեան լօլիկի պահածոներ, հոնի կոմպոտ էր պատրաստում, ամուսինն էլ այգում էր, երբ լսեցին արկերի պայթիւնների ձայնը:

Նրանց 7 երեխաներից կրտսերը Գոռի հայրն է՝ Արթուրը, որն ապրում էր Աշանում՝ ծնողներից փոքր-ինչ հեռու: Նա այդ օրը պիտի հացահատիկ աղար հարեւան գիւղում, յետոյ վերադառնար ու բարձրանար դիրքեր: Արթուրն աշխարհազօրից էր: Դիանան էլ մաքրուհի էր աշխատում գիւղի զինանոցում, որտեղ աշխարհազօրի զէնքերն էին պահում:

Արթուրը սովորականի պէս տուն էր եկել, Գոռն ու Իլոնան իջել էին այգում ընկոյզ հաւաքելու, Վարդուհին ու Զոյեան էլ դեռ դպրոցում էին: Այդ ժամանակ երեխաներից ամենափոքրը՝ Անահիտը, վազել էր մօր մօտ, ասել՝ «մամ, խփում են»: Անահիտը նոր էր ընդունուել առաջին դասարան: Դիանան սկսել էր հանգստացնել երեխաներին, թէ խփում են, որ կարկուտ չգայ:

Երբ Վարդուհին ու Իլոնան եկել էին դպրոցից, ընտանիքը գնացել էր հարեւանի տուն, որտեղ աւելի ապահով էր: Ամբողջ գիշեր անցել էր կրակոցների, արկերի ու ռումբերի պայթիւնների տակ: Դիանան ասում է՝ մտածում էին, որ ադրբեջանական զօրքերը Աշան են մտնելու: Ամենաշատը վախեցել էին երեխաները, եւ նրանց վախերը մինչ օրս դեռ չէն անցել:

Սեպտեմբերի 19-ի կէսօրին Արթուրն արդէն առաջնագծում էր, բայց նրանց դիրքն արդէն գրաւուած էր: «Պոստն արդէն վերցրել էին, տղերքը նահանջել էին 1,5 կմ: Բայց կարողացան բոլորին փրկել, զոհ չունէինք»,- ասում է 38-ամեայ Արթուր Գրիգորեանը: Երեք օր նրանք դիրքերում էին մնացել մինչեւ զանգել էին ու ասել, որ հետ քաշուէն, ծանր զէնքը թողնէն տեղում, իսկ թեթեւն իջեցնեն գիւղ:

«Մինչեւ վերջին օրն էլ ասում էի՝ գնալու ենք քաղաք, նորից հետ գանք, չենք պատկերացրել, որ Ղարաբաղից պիտի դուրս գանք»,- նշում է Արթուրը:

Մինչեւ 2020 թ. պատերազմը Աշանում Գրիգորեանների հիմնական զբաղմունքը գիւղատնտեսութիւնն էր՝ հացահատիկ ու բանջարեղէն էին աճեցնում: Տրակտորներ ունէին, կարիքի մէջ չէին:

2019 թ. Արթուրն իրենց տան դիմաց գտնուող մի հին տուն էր առել ու դարձրել գոմ: Հաւ, ճագար ու խոզ էր պահում:

2023-ի բռնագաղթի մասին զրոյցի ժամանակ 76-ամեայ Սուրիկ Գրիգորեանը խոր հոգոց է հանում ու դուրս գալիս հիւրասենեակից: Ծանր դադար է, վառարանից լսւում է արդէն մարող կրակի ձայնը:

-Ամէն ինչ թողեցինք, եկանք, բայց աչքիս չի երեւում ոչինչ, մենակ մեր գերեզմանների համար եմ մտածում՝ ախպէր ունէի, հերս ու մերս, երեխայ…,- սա ասելուց յետոյ Դիանան նայում է հեռու ինչ-որ կէտէրի, յետոյ աննկատ սրբում աչքերը:

Հարեւան սենեակից լսւում են երեխաների ձայները: Տոնածառը զարդարել են, նամակներն ուղարկել Ձմեռ պապին:

-Ես Ձմեռ պապիկից խնդրել եմ սամակատ, Արցախ գնալ ու մէկ էլ արջուկ խաղալիք,- ասում է 8-ամեայ Անահիտը:

-Ես էլ՝ պուլտով «06», էլեկտրական սամակատ, բայց դէ մոռացայ, որ դրա փոխարէն ուղղակի հեծանիւ գրեմ,- ասում է 9-ամեայ Գոռը:

15-ամեայ Զոյեան զարդեր է խնդրել, 14-ամեայ Վարդուհին՝ ականջակալ, 13-ամեայ Իլոնան՝ հագուստ եւ, ինչպէս ինքն ասում, «մի փոքրիկ նուէր»:

Քիչ անց Գոռը հարեւան սենեակից բերում է տօնածառն ու դնում հիւրասենեակի փոքր սեղանին: Զոյեան սառը խոհանոցում սուրճն է դնում գազօջախին, իսկ Դիանան մի բուռ կոնֆետ է դնում սեղանին: Մինչ սուրճը կեփի, շրջում ենք տան սենեակներով:

-Պահարաններ չունե՞ք,- հարցնում եմ Դիանային:

-Չէ, խանութից ձուի, տարբեր ապրանքների արկղեր եմ բերում, որ գոնէ շորերը գետնին չմնան,- ասում է նա:

Սենեակները ցուրտ են, երբեմն տաքացուցիչ են միացնում կարճ ժամանակով, որ հոսանքի գումարը շատ չլինի:

Տան վարձը վճարում են արցախցի երեխաներին տրուող աջակցութեան գումարով:

Արթուրը Նորաբացից փոքր-ինչ հեռու 100 հազ. դրամով անասնագոմ է վարձակալել, որտեղ արդէն մէկ տարուց աւելի խոզ է պահում: Խոզերը մորթում է, գոմի վարձը վճարում, կեր գնում:

Եթէ գումարը հերիքում է, պատրաստի կեր է գնում, եթէ ոչ, ինքն է պատրաստում: 2024-ի աշնանը Կարմիր խաչից 400 հազ. դրամ աջակցութիւն էր ստացել, որով էլ խոզեր է ձեռք բերել: Գումար ստացել է եւս մի աջակցութեան ծրագրով ու նորից խոզեր է գնել: Նպատակ ունի կենդանիների թիւը շատացնել:

Արթուրի «06»-ով հասնում ենք գոմ, որը Նորաբացից մի 6 կմ հեռաւորութեան վրայ է: Արթուրն ասում է, թէ մի քիչ ուշացել է. սովորաբար շուտ է գալիս, գոմի դուռը բացում, օդափոխում: Տանիքը կաթկթում է, տարածքը խոնաւ է: Նորածին գոճիների համար տաքութիւն ապահովող լոյսէր է միացրել, ծածկել վրանով:

Խոզերի ամբողջ խնամքն Արթուրի ուսերին է, նաեւ Գոռն է օգնում:

Ցոյց է տալիս դեղերը, որ ամէն ամիս գնում է: Ասում է՝ նոյնիսկ եթէ այդ ամիս դրանք պէտք չլինէն, միեւնոյնն է՝ գնում է, քանի որ եթէ յանկարծ կենդանին հիւանդանայ, ու դեղ չլինի, մինչեւ խանութից գնայ բերի, խոզը կարող է սատկել:

Գոմի նախամուտքում երկու մեծ սարք է դրուած: Դրանցից մէկով կերն է խառնում՝ գարի, ցօրէն, եգիպտացորենն ու թեփ, միւսով մանրացնում է:

Ամանորի նախօրեին Արթուրը մորթ է անելու, բայց գումարը տուն չի մտնի. որոշել է 20 գոճի գնել ու կեր, բայց ժպտում է՝ Նոր տարուայ սեղանի միսը կ’ունենան:

Արթուրի նպատակը ֆերմայ ունենալն է: «Ուզում եմ էնպիսի արդիւնքի հասնեմ, որ [տնեցիները] կոստիւմը հագած գնան-գան: Սա մենակ Գոռի համար չէ, բոլորի համար է»,- գոմի բակում ասում է Արթուրը:

Շղթայով կապուած Բոբին մօտենում է Արթուրին, նա շոյում է շանն ու նայում Գոռին: 9-ամեայ տղան նորից ճիւղեր է կտրատում, որոնցով պիտի տաքացնի հիւրասենեակը:

Գոռը երեւի չի էլ պատկերացնում, որ վառարանից աւելի շատ ինքն է ջերմութիւն տալիս ընտանիքին:

Աղբիւր՝ https://hetq.am/hy/article/179037

Share