Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը․․․ Անմահութեան 5-րդ տարին՝ Հայրենիքի արնահոսող վէրքերի մէջ

Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը․․․ Անմահութեան 5-րդ տարին՝ Հայրենիքի արնահոսող վէրքերի մէջ

Կարծիք կայ, որ ժամանակը բուժում է վէրքերը։ Մի գուցէ։ Հայրենիքի համար նահատակուածների դէպքում այդ սպեղանին պէտք է լինէր ծաղկող Արցախը․ ապրող հայրենիք, որտեղ պէտք է լսուէին նորածին մանկան ճիչեր, վարպետի մուրճի զրնգոց ու շինականի խոփի ճռնչիւն։ Չկան դրանք։ Արցախի դարպասները ներսից բացուել են ու երկիր են խուժել թաթարական գիշատիչ ցեղերը։

Ու վէրքերը ոչ թէ սպիացել են ժամանակի մէջ, այլ արնահոսում են անդադար․․․

Հոկտեմբերի 31-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախեան 44-օրեայ պատերազմի նահատակ Կիմ Խաչատրեանի, ՀՅԴ Էջմիածնի «Վաչէ Ռոստոմեան» կոմիտէութեան համակիր ընկեր Մայիս Նազարեանի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամ Արտակ Իշխանեանի յիշատակի օրն է։

44-օրեայ դաւադիր պատերազմի աւարտին քիչ էր մնացել, երբ Կիմն ու Մայիսն ընկան Արցախի հիւսիսային սահմաններում՝ ՀՅԴ կամաւորական 3-րդ վաշտի կազմում մարտական հերթապահութիւն իրականացնելիս, իսկ Արտակը՝ Մարտունի քաղաքի մօտակայքում, անօդաչուի հարուածից։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնեանը, Գերագոյն մարմնի, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամներն ու մարտական ընկերներն այսօր ճանապարհ ընկան դէպի Վայոց ձորի մարզ՝ ուխտավայր դարձած Կիմի շիրիմին, Կիմենց տանը նրա հօր՝ Սիմոն Խաչատրեանի հետ վերստին բաժակ բարձրացնելու Կիմի յիշատակի, Արցախի յառնումի ու վաղուայ յաղթանակների համար։

ՀՅԴ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, Արցախեան երեք պատերազմների մասնակից Ներսէս Տէր-Պետրոսեանը սիրելի կամաւորականների շիրիմներին հերթով եւ լուռ այցելողների շարքում է. հարցազրոյցներ, ինչպէս միշտ, չի տալիս՝ լուռ է: Այսօր մեկնելուց առաջ մի երկտող է թողել սոցցանցի իր էջում՝ հրապարակելով ընկերների՝ յիշողութիւն դարձած մի խմբանկար․ «Ծննդեան եւ մահուան, պարտութեան եւ յաղթանակի, նահանջի եւ յարձակման սահմանագծին։ Դա միայն սահմանագիծ չէ, դա մեր ապրելու եւ առաջ գնալու մեկնակէտն է։ Մեր շարքերից ուժեղ տղաները պակասում են, բայց շարքերը չեն նոսրանում, նոր տղաները համալրում են, եւ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԶՕՐԱԳՈՒՆԴՆ Արեւի տակ պահպանում է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ․․․․Յաւերժ փառք Կիմին, Մայիսին, Արտակին եւ հայրենիքի համար նահատակուած մեր բոլոր ընկերներին»։

Լուսանկար ու երկտող, որոնց մէջ անթեղուած յիշողութիւնները, վերյիշումները, շարժապատկերի պէս անցնող չյանձնուած դիրքերն ու յանձնուած Արցախը, ընկած ընկերներն ու նրանց առջեւ ունեցած մեծ պարտքի զգացումը ստիպում են ատամները սեղմած, լուռ նախապատրաստուել․․․

Իսկ օրուայ «խօսող» լռութեան մէջ կրկին յառնում են Կիմը… Մայիսը… Արտակը․․․ Արցախը…

Վ․ Սարգսեան


Հոկտեմբերի 31-ը Արցախեան 44֊օրեայ պատերազմում նահատակուած, Արցախի Հանրապետութեան Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Կիմ Խաչատրեանի, ՀՅԴ Էջմիածինի «Վաչէ Ռոստոմեան» կոմիտեութեան համակիր ընկեր Մայիս Նազարեանի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամ Արտակ Իշխանեանի յիշատակի օրն է։
Կիմը 2016 թ.-ից անդամակցել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեանը։
2020 թ.-ի հոկտեմբերի 12-ին ՀՅԴ գումարտակի 3-րդ վաշտի կազմում մեկնել է ռազմաճակատ։
Զոհուել է 2020 թ.-ի հոկտեմբերի 31-ին մարտական առաջադրանք կատարելիս՝ հակառակորդի կողմից արձակած ականանետից։
Մայիսը խիզախաբար մարտնչել է 2020 թուականի 44-օրեայ պատերազմում, անմահացել է Արցախի հիւսիսում` Եղնիկներում։
Արտակ Իշխանեանը մասնակցել է 2016 թ.-ի Ապրիլեան մարտէրին, 2020 թ.-ի պատերազմի առաջին օրուանից կամաւորագրուել է հայրենիքի պաշտպանութեան գործին:
Արտակը զոհուել է 2020 թ.-ի հոկտեմբերի 31-ին՝ Մարտունի քաղաքի մօտակայքում, անօդաչուի հարուածից։
Փառք ձեզ, ընկերներ:

Share