Ներկայացնում ենք Jerusalem Post պարբերականում հրապարակուած Tension points threatening Israel-Armenia rapprochement as deputy FM visits Jerusalem յօդուածի հայերէն թարգմանութիւնը որը հրապարակուել է Մէդիամաքս կայքում:
Թարգմանութիւնը՝ Լիլիթ Խաչատրեանի
Այս շաբաթ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանեանը ժամանել էր Իսրայել՝ մասնակցելու մի շարք հանդիպումների՝ ուղղուած երկու երկրների յարաբերութիւնների միջեւ նոր էջ բացելու հնարաւորութեանը։
Սակայն դիւանագիտական շփումների հետեւում թաքնուած են խորը տարաձայնութիւններ եւ զգայուն հարցեր։
Օրակարգում գլխաւորը TRIPP նախագիծն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» («Trump Route for International Peace and Prosperity»։ TRIPP-ը տրանսպորտային միջանցքի հայեցակարգ է, որն ի սկզբանէ առաջ է քաշել Ադրբեջանը, իսկ վերջերս այն հրապարակային դիւանագիտական աջակցութիւն է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ մի քանի ամերիկացի քաղաքական գործիչների կողմից։
Երուսաղեմը սա դիտարկում է որպէս հնարաւորութիւն՝ ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցութիւնը, ինչպէս նաեւ չափուած մերձեցումը Երեւանի հետ, որը սերտ կապեր է պահպանում Իրանի հետ։
Այնուամենանիւ, համատեղ նախագծերը առաջ մղելու ցանկութեան հետ մէկտեղ, մի քանի հիմնական հարցեր շարունակում են ստուեր գցել երկկողմ յարաբերութիւնների վրայ։
Հակասեմականութիւնը եւ Ադրբեջանի գործօնը
Վերջին տարիներին Երեւանի հրէական կենտրոնի եւ սինագոգի հանդէպ գրանցուել են վանդալիզմի դէպքեր՝ հրկիզման փորձեր եւ ատելութեան գրաֆիտի։ Հրեական համայնքի աղբիւրների համաձայն՝ որոշ մասնակիցներ ասում էին, որ այս գործողութիւններով նրանք իրենց բողոքն էին արտայայտում Իսրայելի կողմից Ադրբեջանին զէնք վաճառելու դէմ։
Միաժամանակ, հրէական Հակազրպարտչական լիգայի (ADL) անցկացրած հարցման համաձայն, Հայաստանում գրանցուել է հակասեմականութեան բարձր մակարդակ մեծահասակների շրջանում: Այնուամենանիւ, Հայաստանի հրէական համայնքի ներկայացուցիչները շեշտում են, որ իրենց կրօնական կեանքի համար խոչընդոտներ չկան, եւ որ իշխանութիւնները թշնամական քաղաքականութիւն չէն վարում նրանց նկատմամբ:
Հրեա պաշտօնեաների համար շարունակում է շատ մտահոգիչ լինել անհամապատասխանութիւնը պաշտօնական հաւաստիացումների եւ տեղում յարձակումների միջեւ։
«Կովերի պարտէզի» շուրջ վէճը
Մեկ այլ զգայուն հարց է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնուող «Կովերի պարտէզի» շուրջ վէճը: Մի քանի տարի առաջ Հաեօց պատրիարքարանը վարձակալութեան պայմանագիր է կնքել իսրայէլական ընկերութեան հետ՝ հիւրանոց կառուցելու նպատակով, սակայն անցեալ տարուայ սեպտեմբերին յայտարարել է պայմանագրի ամբողջական չեղարկման մասին:
Հայաստանն ու աշխարհը | 2025-02-05 16:11:30
Իսրայելը պէտք է հայերին թողնի Երուսաղեմի Հայկական թաղամասը
Վեճը վերածուեց ցոյցերով եւ սոցիալական ցանցերում սուր քննարկումներով ուղեկցուող հանրային բախման, որի մէջ ներքաշուեցին նաեւ աշխարհի տարբեր ծայրերում գործող հայկական կազմակերպութիւններ:
Հողի համար պայքարը նկարագրելու համար ոմանք օգտագործում էին «էթնիկ զտում» տէրմինը՝ յաճախ փորձելով զուգահեռներ անցկացնել Գազայի պատերազմի հետ, ինչը Իսրայելը ամբողջութեամբ մերժում է՝ խնդիրը ներկայացնելով որպէս քաղաքացիական վէճ եկեղեցու եւ մասնաւոր ընկերութեան միջեւ՝ առանց կառավարութեան մասնակցութեան:
Հայաստանն ու աշխարհը | 2024-12-23 09:46:25
Պատէրը սեղմւում են Երուսաղեմի Հին քաղաքի հայ քրիստոնեաների շուրջ
Այնուամենանիւ, այս հարցի շուրջ հանրային արձագանքը այն զգայուն թեմայ է դարձրել երկու պետութիւնների յարաբերութիւններում:
Իրանի հետ կապը
Տարածաշրջանում Հայաստանի կապերը Իրանի հետ շարունակում են կենտրոնական գործոն մնալ Երուսաղեմի հետ յարաբերութիւններում։ Իր աշխարհագրական մեկուսացման պատճառով Երեւանը կախուած է Իրանից առեւտրի եւ էներգետիկայի հարցերում:
Տարիներ շարունակ Երեւանի եւ Թեհրանի միջեւ գործում է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը, որը երկարաձգուել է մինչեւ 2030 թուականը: Երկկողմ առեւտրի ծաւալը վերջին տարիներին հասել է տարեկան մօտ 700 միլիոն դոլարի, եւ Հայաստանը ձգտում է յաղթահարել 3 միլիարդ դոլարի շեմը։
ԱՄՆ-ի Արտասահմանեան ակտիւների վերահսկողութեան գրասենեակի (OFAC) փաստաթղթերում նշւում է, որ Իրանը, հնարաւոր է, Հայաստանն օգտագործում է լոգիստիկ ոլորտում պատժամիջոցներից խուսափելու համար։
Անցեալ տարի ընդդիմութեան կողմից լուրեր տարածուեցին այն մասին, թէ իբր Հայաստանը եւ Իրանը կարող են 500 միլիոն դոլարի զէնքի ձեռքբերման գործարք կնքել, եւ Թեհրանը իրանական Shahed անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Երեւանին: Չնայած նրան, որ Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս հերքեց այս լուրերը, Իրան-Հայաստան կապը շարունակում է կարեւոր գործոն մնալ Իսրայելի՝ Հայաստանի նկատմամբ մօտեցման հարցում։
Հայկական լոբբիստական պայքարը
Դրան զուգահեռ, Միացեալ Նահանգների հայկական լոբբին, որը տասնամեակներ շարունակ աշխատել է ամերիկեան արտաքին քաղաքականութեան վրայ ազդելու ուղղութեամբ, վերջերս քննադատել է Իսրայել-Ադրբեջան անվտանգային համագործակցութիւնը։
Հայկական լոբբիի հետ կապուած լրատուամիջոցների կողմից հրապարակուած մի քանի յօդուածներում կոչեր են հնչել օգնութիւն տրամադրել Իսրայելին միայն այն դէպքում, եթէ հաստատուի, որ վերջինս դադարեցրել է զէնքի վաճառքը Ադրբեջանին։
Իսրայելը եւ Ադրբեջանը նման քայլերը դիտարկում են որպէս երկու երկրների միջեւ ռազմավարական յարաբերութիւնները խաթարելու փորձ, քանզի երկուսն էլ Իրանը սպառնալիք են համարում։
Այս ամէնի համատեքստում է դիտարկւում Վահան Կոստանեանի այցը Երուսաղեմ։
Իսրայելը հետաքրքրուած է գնահատելու լայնածաւալ տնտեսական եւ տարածաշրջանային նախագծերի առաջխաղացման ներուժը, բայց նաեւ հասկանում է, որ ցանկացած առաջընթաց կը պահանջուի զգայուն հարցերի լուծում՝ Հայաստանում հրէական համայնքի անվտանգութիւնը, պայքարը Երուսաղեմի հայկական թաղամասում, Երեւանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները եւ Իսրայելի հեղինակութիւնը միջազգային ասպարէզում։
Եթէ երկու կողմերին յաջողուի նուազեցնել լարուածութիւնը եւ հիմք ստեղծել շարունակական երկխօսութեան համար, այցը կարող է նշանաւորել յարաբերութիւնների փոփոխութեան սկիզբը։ Հակառակ դէպքում, այն կարող է մնալ ընդամէնը որպէս կարեւոր քայլ, որով այդպէս էլ չյաջողուեց լուծել տարիների ընթացքում կուտակուած խորը տարաձայնութիւնները։
Israel National News պարբերականում հրապարակուել է The unusual diplomatic visit and the tensions behind the scenes նիւթը, որը գրեթէ բառացի կրկնում է ձեր ուշադրութեանը ներկայացուած յօդուածի թեզերը, ինչը վկայում է այն մասին, որ հրապարակումները ուղղորդուած են մէկ կենտրոնից:
Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳՆ կայքում հաղորդագրութիւն է հրապարակուել
Վահան Կոստանեանի այցի մասին, որտեղ նշւում է, որ նոյեմբերի 26-ին Երուսաղեմում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարութեան գլխաւոր տնօրէն Էդէն Բար-Տալի հետ:
«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծուել է առկայ պատրաստակամութիւնն աշխատանքներ տանել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ յարաբերութիւնները, այդ թւում՝ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում ակտիւացնելու ուղղութեամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարաւային Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում ընթացող գործընթացների վերաբերեալ:
Այցի ընթացքում տեղի են ունեցել նաեւ Հայաստանի եւ Իսրայելի ԱԳ նախարարութիւնների միջեւ 12-րդ քաղաքական խորհրդակցութիւնները: Հանգամանալից անդրադարձ է կատարուել երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցութեան հնարաւորութիւններին: Բարձր տեխնոլոգիաների, բժշկութեան, գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան ոլորտներն առանձնանշուել են որպէս երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող, փոխգործակցութեան առաւել մեծ ներուժ ունեցող ուղղութիւններ», — ասուած է հաղորդագրութեան մէջ:
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի, կամ Օրակարգի տեսակէտները:
