Այսօր, 2025 թուականի մայիսի 26-ին Շուեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն մեկնարկեց «Շուեյցարիայի խաղաղութեան նախաձեռնութեանն» աջակցող 19 պատգամաւորներից կազմուած միջկուսակցական յանձնախումբն՝ օժանդակելու արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շուեյցարիայի խորհրդարանի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանութեան համար ունի իրաւակիրառ պարտադիր նշանակութիւն:
Նախաձեռնութեան նպատակն է աջակցել Շուեյցարիայի յանձնառութեանը՝ «հնարաւորութիւն տալու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ներկայացուցիչների միջեւ բաց երկխօսութեան՝ միջազգային վերահսկողութեան ներքոյ կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայութեամբ՝ բանակցելու պատմականօրէն բնակուած հայ բնակչութեան անվտանգ եւ համատեղ վերադարձի շուրջ»:
Միջկուսակցական լայն աջակցութիւն ունեցող յանձնախումբը գլխաւորում են Շուեյցարիայի Ազգային խորհրդի պատգամաւորներ Էրիխ Ֆոնտոբելը եւ Ստեֆան Միւլլեր-Ալտէրմատտը:
Միջոցառման ընթացքում ելոյթներ ունենցան յանձնախմբի համանախագահները, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախկին արտգործնախարար եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի համակարգող Վարդան Օսկանեանը, Քերոլայն Քօքսի անուան վերականգնողական կենտրոնի տնօրէն Վարդան Թադեւոսեանը, Շուեյցարիայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամութեան խմբի գլխաւոր քարտուղար Սարգիս Շահինեանը եւ Միջազգային քրիստոնեական համերաշխութեան կազմակերպութեան հանրային հարցերով տնօրէն դոկտոր Ջոել Վելդկամպը:
Ստորեւ՝ Վարդան Օսկանեանի ելոյթի հայերէն թարգմանութիւնը.
Թոյլ տուէք սկսել երախտագիտութեան մի քանի խօսքով։ Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Շուեյցարիայի Համադաշնութեան Դաշնային ժողովին՝ Ազգային խորհրդին եւ Կանտօնների խորհրդին բանաձեւն ընդունելու համար։ Յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում նախաձեռնողներին եւ նրանց, ովքեր առաջնորդեցին այդ գործընթացը՝ այն յաջողութեամբ աւարտին հասցնելով։ Նրանք այսօր այստեղ են՝ մէզ հետ, եւ դուք արդէն լսեցիք նրանց ելոյթները։
Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ այն 19 պատգամաւորներին, որոնք միացան յանձնաժողովին եւ պատրաստակամ են իրականացնելու ընդունուած նախաձեռնութիւնը։ Խորին երախտագիտութիւնս եմ յայտնում նաեւ նրանց, ովքեր խորհրդարանից դուրս էին՝ Շուեյցարիայի մեր հայ եւ ոչ հայ բարեկամներին, որոնք անդուլ աշխատեցին իրենց ընտրուած ներկայացուցիչների հետ սա հնարաւոր դարձնելու համար։
Եւ վերջապէս, որը ոչ պակաս կարեւոր է, ես երախտապարտ եմ Միջազգային քրիստոնեական համերաշխութիւն կազմակերպութեանը՝ Արցախեան խնդրին ցուցաբերած հաստատուն աջակցութեան եւ այս կարեւոր հանդիպումը կազմակերպելու համար։
Նախքան հիմնական թեմային՝ Շուեյցարիայի խաղաղ նախաձեռնութեանը եւ վերադարձի իրաւունքին անդրադառնալը, պարտաւոր եմ յստակ ու էական մի յայտարարութիւն անել։ Դա կարեւոր է։
150,000 արցախահայերը, որոնք 2023-ին բռնութեամբ տեղահանուեցին իրենց հազարամեայ հայրենիքից՝ պատերազմի, էթնիկ զտման եւ ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ, վտարուեցին մի տարածքից, որը պատմականօրէն երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետութեան կազմում՝ ո՛չ 1918-1920 թուականներին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը անկախ պետութիւններ էին, ո՛չ էլ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԽՍՀՄ սահմանադրութեան շրջանակում, օրինական հանրաքուէ անցկացրեց եւ որոշեց դուրս գալ Խորհրդային Ադրբեջանի կազմից։
Միակ ժամանակահատուածը, երբ Արցախը եղել է Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, ԽՍՀՄ տարիներն էին, եւ անգամ այդ ժամանակ այն ինքնաւար կարգավիճակ ունէր։ Ճակատագրի հեգնանքով, հէնց այսօրուայ Ադրբեջանի սահմանադրութիւնը խորհրդային իշխանութիւնը հռչակում է անօրինական՝ միաժամանակ սրբացնելով խորհրդային սահմանները։ Այսօրուայ հակամարտութեան առանցքում այդ հակասութիւնն է։
Ես սա չեմ ասում՝ անցեալին տուրք տալու համար, այլ որպէսզի յստակեցնեմ՝ մեր պահանջները ո՛չ երեւակայական են, ո՛չ էլ անհիմն։ Դրանք արմատաւորուած են պատմութեան, իրաւունքի եւ արդարութեան մէջ։
Այս ամենով հանդերձ՝ ուզում եմ ընդգծել՝ Արցախի ժողովուրդը եւ ղեկավարութիւնը շատ պրագմատիկ են։ Նրանք գիտակցում են Երեւանի եւ Բաքուի միջեւ յարաբերութիւնների դինամիկան։ Նրանց նպատակը աշխարհաքաղաքական իրողութիւններին հակադրուելը չէ։ Նրանց նպատակը հաւաքական, ապահով եւ արժանապատիւ իրենց պապական հող վերադառնալն է՝ միջազգային յուսալի մեխանիզմներով երաշխաւորուած իրենց հիմնարար իրաւունքներով։
Սա քաղաքական պահանջ չէ։ Սա մարդկային պահանջ է՝ հիմնուած միջազգային իրաւունքի, վերապրած տրաւմայի եւ բարոյական յստակութեան վրայ։
Աւելին, միջազգային պաշտպանութեան ներքոյ նրանց վերադարձը կարող է դառնալ արդար եւ երկարատեւ խաղաղութեան հիմք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, յատկապէս այսպիսի խորը արմատաւորուած անվստահութեան պայմաններում։ Այս տարածաշրջանում խաղաղութեան հասնել հնարաւոր չէ, քանի դեռ այդ մարդիկ իրենց հողից արմատախիլ եղած են։
2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատութեան միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապահովել Լեռնային Ղարաբաղը սեպտեմբերի 19-ից յետոյ լքած մարդկանց «անվտանգ, անխոչընդոտ եւ արագ վերադարձը» եւ երաշխաւորուած բացառել այդ մարդկանց նկատմամբ ուժի կամ ահաբեկման գործիքները, որոնք կարող են հարկադրել նրանց փախուստը։ Այս որոշմանը յաջորդեցին Եւրախորհրդարանի երկու բանաձեւերը՝ 2024-ի մարտին եւ հոկտեմբերին, որոնք Ադրբեջանին բացայայտ կոչ էին անում Արցախի ներկայացուցիչների հետ ներգրաւուել երկխօսութեան մէջ եւ երաշխաւորել նրանց անվտանգ ու արժանապատիւ վերադարձի իրաւունքը։ Վերջերս էլ Շուեյցարիայի խորհրդարանը որոշում ընդունեց, որով Դաշնային խորհրդին պարտաւորեցնում է կազմակերպել հարթակ՝ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ վերադարձի իրաւունքի շուրջ բանակցութիւնների համար։
Ակնյայտ է, որ այս հարցում ձեւաւորւում է միջազգային կոնսենսուս։
Ադրբեջանը եւս հրապարակայնօրէն յայտարարել է, որ հայերը կարող են վերադառնալ։ Ուրեմն իրական հարցերն են՝ ինչպէս, երբ եւ ինչ պայմաններում։
Միջազգային իրաւունքը միանշանակ է. մարդկանց չի կարելի վերադարձնել վտանգի, վախի կամ խտրականութեան պայմաններում։ Իսկ այդ վտանգը տեսական չէ, իրական է եւ նկատելի։ Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարութեանը, ինչպէս նաեւ հայ ռազմագերիներին։ Բանտարկուած այդ ղեկավարները յանցագործներ չէն. նրանք պաշտպանում էին իրենց ինքնորոշման իրաւունքը, որը նրանց շնորհուած է միջազգայինիրաւունքով: Սրանք հէնց այն մարդիկ են, որոնց հետ Ադրբեջանի յաջորդական արտգործնախարարները նստել են բանակցելու Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի շուրջ: Սրանք նոյն այն մարդիկ են, որոնց հետ ԵԱՀԿ-ի լիազօրուած միջնորդները հանդիպում էին հակամարտութեան խաղաղ լուծում գտնելու համար: Նրանք այժմ քաղաքական գերիներ են: Քանի դեռ նրանք բանտարկուած են, իսկական հաշտեցումն անհնար է:
Մենք նաեւ ականատես ենք լինում հայկական մշակութային եւ պատմական յիշողութեան համակարգուած ոչնչացմանը՝ վերացւում են խաչքարեր, քանդւում գերեզմաններ, վանքեր են զրկւում հայկական ինքնութիւնից։
Այս պահից սկսած՝ մեր խնդիրն է ապահովել, որ ցանկացած վերադարձ իրականացուի միջազգային իրաւունքի ամբողջական ծաւալով, այդ թւում հաշուի առնելով մարդու իրաւունքների իրաւունքը, մարդասիրական իրաւունքը եւ խտրականութեան արգելքի իրաւունքը եւ ոչ թէ միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքը։ Հենց այս նպատակին է ծառայում առաջարկուող ֆորումը՝ ստեղծել չէզոք եւ վստահելի հարթակ երկխօսութեան համար, որտեղ Շուեյցարիան ընդամէնը կտրամադրի իր լաւ ծառայութիւնները՝ մի սեղան, որտեղ համապատասխան կողմերը քննարկէն այն կոնկրէտ պայմանները, որոնց դէպքում վերադառնալը կարող է մի օր դառնալ իրական։ Սա կը լինի Շուեյցարիայի խաղաղ նախաձեռնութիւնը Արցախի համար։
Շուեյցարիան, ունենալով երկարամեայ համբաւ՝ չէզոքութեան, զսպուածութեան եւ կարեկցանքի ասպարէզում, եզակի դիրքում է նման հարթակ հիւրընկալելու համար։
Գիտենք, որ Շուեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դէպարտամենտը որոշ վերապահումներ ունի այս գործընթացը սկսելու հարցում։ Մենք ուշադիր լսեցինք արտգործնախարարի երկու ելոյթները Ազգային խորհրդում եւ Կանտօնների խորհրդում նախքան քուէարկութիւնը։ Մենք լիովին հասկանում ենք Շուեյցարիայի զգոյշ եւ հաւասարակշռուած մօտեցումը։ Գիտենք, որ դուք չեք ճանաչել Արցախի նախկին իշխանութիւններին։ Յարգում ենք ձեր ցանկութիւնը՝ խուսափելու դիւանագիտական անցանկալի հետեւանքներից։
Բայց այս ֆորումը կողմ բռնելու մասին չէ։ Այն մի կողմին միւսի նկատմամբ օրինականութիւն տալու մասին չէ։ Այն տարածք բացելու մասին է՝ չէզոք, սկզբունքային տարածք, որտեղ խլացուած ձայները կարող են լսելի դառնալ, որտեղ թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Արցախի հայերը կարող են նստել եւ միասին ճանապարհ գտնել։ Վերադարձի ճանապարհ։
Շնորհակալութիւն։