Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Լիլիթ Գալստեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:
Արթուր Խաչատրեանը անդրադառնալով ՀՀ 2026 թուականի պիւտճէի նախագծի վերաբերեալ քննարկմանն ասաց. «Պիւտճէն, որ ներկայացրել է կառավարութիւնը կարող ենք վստահաբար կոչել ձախողումների ամփոփման պիւտճէ։ Կառավարութեան վարած խայտառակ տնտեսական քաղաքականութեան արդիւնքում, երբ արտածին գործօնները վերացան, մենք տեսանք, որ տնտեսական աճը գահավիժեց 5.2-5.4%-ի միջակայքում՝ այն դէպքում երբ կառավարութիւնը խոստացել էր բարենպաստ պայմաններում 9 %, իսկ սովորական պայմաններում 7%»:
Նա նշեց, որ պետական պարտքն ընթացիկ տարուայ վերջին 15 մլրդ տոլարից է անցնում, իսկ 2026 թուականին 6 տրիլիոն դրամ անցնելու է, իսկ իշխանութեան ներկայացուցիչները չեն էլ կարողանում հաշուարկել պարտքի ազդեցութիւնը տնտեսութեան վրայ՝ յաւելելով որ 330 հազարից աւել անյուսալի վարկ կայ ՀՀ դրամատնային համակարգում։
Խաչատրեանը նշեց, որ այդ ամէնին զուգահեռ ՀՀ բնակչութեան ¾-ը միջին աշխատավարձից ցածր է ստանում։
Նա նաեւ արձանագրեց, որ Փաշինեանը յայտարարում է, որ պետական պիւտճէով ոչ թէ մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ է կառուցում։
Արթուր Խաչատրեանը անդրադառնալով երէկ Նիկոլ Փաշինեանի՝ ԱԺ-ում արուած յայտարարութեանը, թէ առաջին եւ երկրորդ նախագահների առաջնորդած ուժերը չպէտք է լինեն խորհրդարանում՝ ասաց. «Փաշինեանը չի որոշում, թէ որ քաղաքական ուժերը պէտք է լինեն խորհրդարանում: Կայ ժողովուրդ, ընտրողներ, որոնց Փաշինեանը ժամանակին կոչում էր 3 մլն վարչապետ, եւ ընտրութիւնների մեխանիզմներից մէկը, որով ձեւաւորւում է կառավարութիւնը, ընտրութիւններն են», ասաց նա։
Խաչատրեանը նշեց, որ դեռեւս 2021-ի ընտրութիւններից սկսած՝ Փաշինեանը տարբեր ուժերի կոչում է ազդեցութեան գործակալներ։ «Նման յայտարարութիւններ ինքն անում է երեւի 5-6 տարի, պարբերաբար հարցումներ են ուղղւում դատախազութիւն, իրաւապահ մարմիններ՝ արդեօ՞ք նման ազդակներ ստացել են, նման գործեր կան, թէ՞ ոչ, բայց որեւէ պատասխան չկայ։ Կա՛մ Նիկոլ Փաշինեանը պէտք է պատասխան տայ՝ ովքեր են ազդեցութեան գործակալները եւ դատարանում պաշտպանի իր յայտարարութիւնը, կա՛մ իրաւապահները պէտք է ջոկատներ ուղարկէին տարբեր մարդկանց յետեւից», ասաց նա։
Խաչատրեանը չի բացառում, որ Փաշինեանը տարբեր կուսակցութիւնների կ’արգելի, որովհետեւ հասկանում է, որ արդար պայքարում կը կորցնի իշխանութիւնը։
«Արցախի կորստից յետոյ յաջորդ ցաւալի ապտակը, որի մէջ մենք շարունակում ենք ապրել, Պաքուում ընթացող կեղծ դատավարութիւններն են», իր հերթին ասաց Լիլիթ Գալստեանը՝ արձանագրելով որ այդ բեմականացուած դատավարութեան ժամանակ ատրպէյճանցի դատախազը պահանջում է ցմահ եւ 15-20 տրաուայ ազատազրկում։
Նրա խօսքով՝ Պաքուի կեղծ դատավարութեանը զուգահեռ ՀՀ իշխանութիւնների տոտալ մերժողական պահուածքն է։
«Տոտալ բառը մեղմ է ասուած, այն պղծութեան հասած ուրացում է, երբ այսօր ցեղասպան Ատրպէյճանում, Պաքուում կեղեքւում եւ դատապարտւում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի անկախութեան եւ այսօր արդէն Հայաստանի անվտանգութեան համար են զոհասեղանին յայտնուել», ասաց Գալստեանը։
Նա յիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամաւորները չեն պաշտպանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում հայ գերիների վերաբերեալ առաջարկի ներառումը։
«Արցախի ուրացումից յետոյ աւելի ոչ բարոյական վարքագիծ ՀՀ քաղաքական իշխանութիւների կողմից դժուար է պատկերացնել», ասաց նա։
Անդրադառնալով կրթութեան ոլորտին՝ Գալստեանն ասաց, որ ուսուցիչների ընդամէնը 7%-է ստանում 300 հազար եւ աւել դրամ աշխատավարձ։
Լիլիթ Գալստեանը յայտարարեց, որ քաղաքական մեծամասնութիւնը ծածանում է 300 դպրոց, 500 մանկապարտէզ ծրագիրը, որը իրենց խոստացել էր մինչեւ 2026 թուականը։
«Իրենց կառավարութեան գործունէութեանը լաւագոյն դէպքում 6 ամիս է մնացել, իսկ մինչեւ 2026 թուական՝ 2 ամիս, բայց ՀՀ-ում խոստացուած 300 դպրոցի փոխարէն մենք ունենք ընդամէնը յանձնուած եւ աւարտուած 59 դպրոց», ասաց նա։
Ըստ նրա՝ վերջին 4 տարիների ընթացքում պիւտճէի կատարողականը 40 տոկոսը չի գերզանցում։
Մանրամասները՝ տեսանիւթում.
