Կարեւոր կէտէր ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանի՝ «168.TV»-ի հետ հարցազրոյցից՝
ԱՄՆ Պետդէպարտամենտը ստանձնել է Արցախի վերաբերեալ կարեւոր յանձնառութիւններ։ Բուն պրոցեսին նախորդել էր 87 կոնգրէսականների կոչը, որը հնարաւոր է դարձել ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի ամիսներ տեւած աշխատանքի արդիւնքում։
Ամիսներ շարունակ յայտարարել ենք, որ արցախահայերի վերադարձի իրաւունքը միջազգային յարաբերութիւններում ունի ընկալում, եւ իբրեւ օրինակ բերում էինք ԵՄ, Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շուեյցարիայի տարբեր մարմինների կողմից ընդունուած որոշումներեւ բանաձեւեր, իսկ ՀՀ իշխանութիւնները շարունակում էին պնդել, որ այդ հարցն իրատեսական չէ։
Սա նաեւ մեր ժողովրդի, մեր պետութեան ամօթն է, որ արցախահայերի վերադարձի իրաւունքի ապահովման կոչ ԱՄՆ իշխանութիւններն անում են ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Հայաստանի Հանրապետութեանը։ Սա իսկապէս համազգային ամօթ է, որ ՀՀ-ում, ցաւօք սրտի, համապատասխան ուշադրութեան չարժանացաւ հասարակական, քաղաքական շրջանակների կողմից։
Հայ դատի համակարգը էական աշխատանքներ է տարել, որպէսզի հայ ռազմագերիների հարցով միջազգային ներգրաւուածութիւնը մեծացուի։ Այս հարցը նոյնպէս ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից է։ Լաւ է, որ ԱՄՆ պաշտօնեաները կարողանում են մասնակցել դատական գործընթացներին եւ վստահ եմ, որ իրենց զեկոյցներում շատ յստակ գնահատականներ կը հնչէն առ այն, որ կատարուողը կեղծ ու շինծու դատավարութիւններ են։
