Միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը ռիսկային է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար. Յարութիւնով

Միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը ռիսկային է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար. Յարութիւնով

Իրանին յաջողւում է ռազմավարական անորոշութիւն պահպանել «Զանգեզուրի միջանցքի» հարցում, ու այս իրավիճակում կտրուկ գործողութիւնների դիմելը ռիսկային է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց անվտանգային հարցերով փորձագէտ Դաւիթ Յարութիւնովը՝ մեկնաբանելով ԻԻՀ գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի յայտարարութիւնը։

Դաւիթ Յարութիւնով

Վելայաթին յայտարարել է, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։ Նա նշել է, որ երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջեւանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրուակով, նախագիծ, որը, ըստ էութեան, կնշանակեր մասնատում եւ դէպի Եւրոպայ իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը վճռականօրէն դէմ արտայայտուեց այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը։

«Իրանը կարողացել է եւ հիմա էլ կարողանում է ռազմավարական անորոշութիւն պահպանել այդ հարցի շուրջ, թէ ինքն ինչքան հեռու կարող է գնալ «Զանգեզուրի միջանցքի» նախագծին դիմադրելու համար, ուժ կը գործադրի, թէ ոչ։ Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չունեն յստակ երաշխիքներ, որ Իրանը միայն յայտարարութիւններով կսահմանափակուի, իրավիճակը ռիսկային է դառնում։ Հասկանալի է, որ խօսքը ռեգիոնալ կոնֆլիկտի մասին է։ Եթէ Իրանը միջամտեց, պարզ է, որ Թուրքիան էլ կմիջամտի»,- ասաց Յարութիւնովը։

«Միգուցէ առաջնահերթութիւններն են փոխուել, տպաւորութիւն կայ, որ ուժ գործադրելու հաւանականութիւնն այս պահին մի քիչ նուազել է, բայց չեմ կարծում, թէ ռազմավարական նպատակների ցանկից այն դուրս է եկել․ Ադրբեջանը շարունակում է պնդել էքստերիտորիալ միջանցքի մասին»,- նշեց Յարութիւնովը։

Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա, ըստ փորձագէտի, Թեհրանը կարմիր գիծն է պահում եւ բոլոր առիթներն օգտագործում է, որ ասի\`դէմ է սահմանների փոփոխութեանը։

«Իրանի համար այս թեման շատ կարեւոր է, որովհետեւ խօսքն իրենցից դէպի հիւսիս՝ աշխարհի հետ կապող առանցքային գծերից մէկը եթէ ոչ կտրելու, ապա տարածաշրջանային երկու այլ խաղացողների կողմից վերահսկուելու մասին է, ինչը կարող է շատ բացասական հետեւանքներ ունենալ Իրանի համար, որն աշխարհի հետ հաղորդակցուելու խնդիր ունի՝ հաշուի առնելով պատժամիջոցները»,- նշեց փորձագէտը։

Նրա կարծիքով՝ այս հարցում Իրանի ռազմաքաղաքական վերնախաւում փոխհամաձայնութիւն ու յստակ դիրքորոշում կայ։

Յարութիւնովի կարծիքով՝ չի կարելի պնդել, թէ իրավիճակի փոփոխութեան վրայ միայն Իրանն է դերակատարում ունեցել։ Նա յիշեցրեց, որ Հայաստանի սւուերէն տարածքների նկատմամբ ուժային սցենարների դէպքում Ադրբեջանը Թուրքիայից բացի այլ աջակցութիւն չի ունեցել։ Այնպէս որ այս հարցում համընդհանուր միջազգային հանրութեան դիրքորոշումն էլ է դեր ունեցել։ Փորձագէտը չի բացառում, որ որոշակի ազդեցութիւն են ունեցել նաեւ Հայաստանի ռազմական դիմադրութեանը վերաբերող մտահոգութիւնները, ինչքան էլ ռազմական հնարաւորութիւնները հիմա սահմանափակ են։ Բայց նրա համար յստակ է, որ Իրանի դերն առանցքայիններից է եղել։

Յարութիւնովի կարծիքով՝ այսօր, երբ իրավիճակը շատ լարուած է Մերձաւոր Արեւելքում, եւ Թուրքիան իրեն ներկայացնում է որպէս գլխաւոր հակաիսրայէլական ուժերից մէկը, այս իրավիճակում էլ Անկարան չի ցանկանայ Թեհրանի հետ հակամարտութեան մէջ մտնել۔
Sputnik

Share