Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադէն«Երեւանեան երկխօսութիւն-2025» միջազգային համաժողւում յայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքեանի այցը Հայաստան պլանաւորուելու մասին։ Այս ուղեւորութիւնը, որն ուղղուած է երկու երկրների քաղաքական յարաբերութիւնների խորացմանը, կարող է շրջադարձային կէտ լինել Իրանի տարածաշրջանային յարաբերութիւնների ընդլայնման համար։
ISNA-ի հաղորդմամբ՝ Խաթիբզադէն, անդրադառնալով Թեհրանի եւ Երեւանի միջեւ բարձրաստիճան պատուիրակութիւնների շարունակական փոխանակումներին, խօսել է երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների բարձր մակարդակի մասին եւ ընդգծել, որ առաջիկայ օրերին Հայաստան կմեկնի հինգ պաշտօնական պատուիրակութիւն։ Նա նաեւ նշեց,որ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի վերջերս Իրան կատարած այցը վկայում է անվտանգութեան ոլորտում փոխգործակցութեան աճի մասին։
Իրանցի պաշտօնեան անդրադառնալով երկու երկրների մայրաքաղաքների միջեւ քաղաքական եւ անվտանգութեան վերաբերեալ երկխօսութիւնների շարունակականութեանը, նշել է․-« Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրումից յետոյ համատեղ նախագծերի իրականացումը կը լինի տարածաշրջանային կայունութեանն ուղղուած քայլ»։
Իրանի փոխարտգործնախարարը նաեւ յայտարարեց, որ տրանսպորտի ոլորտում զրոյական մաքսային սակագների իրագործմամբ Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցութեան մակարդակը արագօրէն աճում է։ Նա նաեւ յայտարարեց զբօսաշրջութեան, մշակոյթի եւ մարդկանց միջեւ փոխգործակցութեան ոլորտներում համագործակցութեան ամրապնդման մասին։