Նիկոլ Փաշինեանի նկատմամբ նախաձեռնել քրէական վարոյթ և նրան ներգրաւել որպէս մեղադրեալ

Նիկոլ Փաշինեանի նկատմամբ նախաձեռնել քրէական վարոյթ և նրան ներգրաւել որպէս մեղադրեալ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի  հայտարարությունը 

Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտօնազրկելու մասին Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները և ծրագրուող գործողութիւնները ծանր և առանձնապէս ծանր յանցագործութիւններ իրականացնելու նախապատրաստութիւն են։ Մասնաւորապէս, այդ գործողութիւններով խոչընդոտուելու է Մայր Աթոռի բնականոն գործունէութիւնը:

 Այդ կոչերը պարունակում են բռնութեան գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգուածային անկարգութիւններ հրահրելու և կազմակերպելու քրէօրէն պատժելի արարքներ։ Առ այդ, դիմում ենք հանրութեանը՝ չտրվե´լ Նիկոլ Փաշինեանի հակասահմանադրական և հակաիրաւական սադրանքներին, չմասնակցե´լ նրա կողմից Վեհարան արշաւելու ծրագրին, չդառնա´լ քրէական օրէնսգրքով պատժելի համարուող խուլիգանութեան, զանգուածային անկարգութիւնների և այլ ծանր յանցագործութիւնների մասնակից։ 

 Պահանջում ենք․ 

 — ՀՀ գլխաւոր դատախազից և քննչական մարմիններից՝ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ նախաձեռնել քրէական վարոյթ և նրան ներգրաւել որպէս մեղադրեալ, 

 — ՀՀ ոստիկանութիւնից և ազգային անվտանգութեան ծառայութիւնից՝ կանխարգելել ՀՀ գործադիր իշխանութեան ղեկավարի կողմից նախապատրաստուող ծանր և առանձնապէս ծանր յանցագործութիւնները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականութեան մեղսակից։ 

 Սիրելի´ հայրենակիցներ, 

 ՀՀ քրէական օրէնսդրութեան համաձայն, քաղաքացիները, ովքեր հանդէս են գալիս նախապատրաստուող կամ իրականացուող ծանր յանցագործութիւնները կանխարգելելու դիրքերից՝ գործում են ՀՀ օրէնսդրութեան համաձայն։ 

 Դիմում ենք հաւատաւոր մեր ժողովրդին․ 

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայ ինքնութեան առանցքային հենասիւնն է, որ դարեր շարունակ պահպանել է մեր ժողովրդի գոյութիւնը։ Հայոց եկեղեցու շնորհիւ 21-րդ դար հասած մեր ժողովուրդը չի´ կարող հանդուրժել եկեղեցու, նրա հովուապետի և հոգևորականաց դասի նկատմամբ Հայաստանի վարչապետի հակաօրինական արշաւը, ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրուած յանցագործութիւնն ու պաշտպանելու մեր սրբութեան սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ 

 ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին 

Share