Փաստաբանը չի բացառում, որ յետագայում կարող են մտացածին քրէական հետապնդումներ սկսուել Արցախի Հանրապետութեան նախագահի նկատմամբ

Փաստաբանը չի բացառում, որ յետագայում կարող են մտացածին քրէական հետապնդումներ սկսուել Արցախի Հանրապետութեան նախագահի նկատմամբ


 Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը Արցախից բնակչութեան բռնի տեղահանութիւնից եւ Հայաստան տեղափոխուելուց յետոյ հարցաքննուել է նախաձեռնուած 3 տարբեր վարոյթի շրջանակում։ ՀՀ քննչական կոմիտեում Շահրամանեանի հարցաքննութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց նրա փաստաբան Ռոման Երիցեանը՝ շեշտելով, որ Շահրամանեանն ունի բացառապէս վկայի դատավարական կարգավիճակ։
ԶԼՄ–ներն աւելի վաղ գրել էին, որ վերջին մէկ ամսում Շահրամանեանն արդէն 6-7 անգամ հրաւիրուել է ՀՀ քննչական կոմիտէի զինուորական քննչական գլխաւոր վարչութիւն։ Այն գործը, որի շրջանակում Շահրամանեանը հարցաքննւում է, վերաբերում է Արցախի Հանրապետութեան յանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինուորական պաշտօնեական անփութութեանը, ինչպէս նաեւ զէնք-զինամթերքը եւ սպառազինութիւնը թշնամուն յանձնելուն։ Այսօր նա կրկին հարցաքննուել է։
Երիցեանը հաստատեց, որ վարոյթը վերաբերում է վերոնշեալ հարցերին։
Նրա խօսքով՝ այս վարոյթը նախաձեռնուել է 2023 թուականի հոկտեմբերին։ Վերջին 2 շաբաթուայ ընթացքում հարցաքննուել է 4 անգամ, յաջորդ հարցաքննութիւնը նշանակուած է յունիսի 6-ին։ Թէ ինչու է վարոյթը նախաձեռնուելուց 2 տարի անց սկսուել Շահրամանեանի հարցաքննութիւնը, փաստաբանը յստակ պատասխան չունի, կարծում է՝ միգուցէ նպատակը եղել է աւելի շատ տեղեկատուութիւն հաւաքագրելն ու դրանից յետոյ Արցախի նախագահի հարցաքննութիւնը սկսելը։
«Ես կարող եմ յայտարարել վարոյթն իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարոյթը կրում է նաեւ պատմական բնոյթ։ ՀՀ-ն փորձում է պարզել իրողութիւնը, եւ սա նաեւ ինֆորմացիայ ձեռք բերելու հնարաւորութիւն է՝ ինչ է տեղի ունեցել, ինչ տեղի չի ունեցել»,- նշեց Երիցեանը
Նրա խօսքով՝ իւրաքանչիւր հարցաքննութիւն 4-5 ժամ է տեւում, սակայն Արցախի նախագահը չի խուսափում դրանց մասնակցելուց։
Աւելի վաղ «Ժողւուրդ» օրաթերթը գրել էր, որ նոյն վարոյթի շրջանակում հարցաքննուել է նաեւ Արցախի պաշտպանութեան բանակի գնդապետ, «Եղնիկներ» զօրամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարէն Ջալաւեանը՝ «Քեօխը», ինչպէս նաեւ Արցախի պաշտպանութեան նախկին նախարար Սամուել Բաբայանը։ Ըստ թերթի` 2026 թուականի քաղաքական շրջադարձներին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդէն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ, եւ չի բացառւում նաեւ, որ Շահրամանեանը կալանաւորուի։
Փաստաբանը յայտնեց, որ Սամուել Շահրամանեանն այս վարոյթի շրջանակում «Եղնիկների» նախկին հրամանատար Կարէն Ջալաւեանի (Քեօխ) հետ որեւէ առնչութիւն չունի, Շահրամանեանին նրան վերաբերող հարցեր չէն տրուել։ Ինչ վերաբերում է Սամուել Բաբայանին, Երիցեանը նշեց
՝ կաշկանդուած է նախաքննութեամբ, ուստի չի կարող վարոյթին վերաբերող մանրամասներ յայտնել։
Երիցեանը չբացառեց, որ յետագայում կարող են մտացածին քրէական հետապնդումներ սկսուել Արցախի Հանրապետութեան նախագահի նկատմամբ։
 Սակայն այս պահին նա Շահրամանեանին ինտենսիւութեամբ հարցաքննութիւնների հրաւիրելու գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Share