Հրանուշ Սուրէնի Բարսեղեան-Սուքիասեան. ծնուել. է 1959թ. յունուարի 25-ին՝ Ախուրեանի շրջանի Ջաջուռ կայարանում: Մասնագիտութեամբ մանկավարժ է: Ապրում և ստեղծագործում է Գիւմրիում; Եօթ գրքերի հեղինակ է, ՀԳՄ անդամ: Ստեղծագործում է տարբեր ժանրերով: Արժանացել է բազմաթիւ մրցանակների:
Հրանուշին յատուկ է աննկուն կամքը, որով նրա նրբազգաց բանաստեղծական հոգին համադրուում է քաղաքացիկան պարտքի բարձր գիտակցութեան հետ: Սրա վկայութիւնն են նրա վերջին երկու գրքերը, որ նուիրուած են արցախեան պատերազմներում զոհուած հերոսներին:
ԵՐԱՆՈՒԹԻՒՆ
Իմ պարտութիւններն ու բախիւնները,
Պարպումներն ու կորուստները
Քո հողմերն են առևանգում։
Հեռաւոր հորիզոններիս կարոտն անգոյն
Քո ջերմութեամբ է ցօղերիս մէջ ծիածանուում։
Ալեբախումներս ժայռերդ են գուրգուրում,
Մակընթացօրէն՝ գրկիցդ չեմ հեռանում։
Իմ հոգին՝ տարածո՜ւն-տարածո՜ւն,
Պարուրուում է քեզ
Եւ շնչում է քո լոյս հևքով,
Երազներիս ճօճքը հովերովդ են օրօրուում,
Ապրում, վայելում եմ հմայքդ ամէն պահ,
Զգո՞ւմ ես, Հայրենի՛ք,
Տեսնո՞ւմ ես, Հայաստա՛ն,
Երանելի եմ որքան։
ՍԻՐՈՅ ՓԱԹԻԼՆԵՐ
Ձիւնն իջնում է, իջնում, ասես հրաշք լինի,
Ծովանում են հոգումս հմայք, կարօտ ու սեր,
Ես փաթիլ առ փաթիլ թևածում եմ երկինք,
Այս ի՜նչ քնքշութիւն է, ի՜նչ զմայլանք է, Տէ՛ր,
Պերճ աստղերին բազմած՝ չքնաղ հուրիներն են
Ասեղնակար անում արծաթեայ ջրերից,
Նուրբ ու երազային փաթիլներ պատրաստում,
Կուտակում են անվերջ տիրոյթներում անծիր,
Ու երբ պակասում են Երազ ու Սեր Երկրից,
Երբ բերկրանքն ու սերը չնչին են նժարին,
Փերիներն աստղերից տեսնում, օգնում են մեզ.
Փաթիլները սիրոյ շաղ են տալիս վերից:
Ո՞Վ ԵՄ
Ոտքերս՝ ձուկ, մարմինս՝ աղջիկ,
Ո՛չ հարս եղայ, ո՛չ կին
Ու չգիտեմ ո՞վ եմ հիմա՝
Այսպէս կառչած ժայռին:
Ջուրը նետուեմ՝ ծովահրէշն ինձ կտանի,
Ցամաք ելնեմ՝ կյօշոտեն մարդիկ,
Մի ամուր շող նետիր, Արև՛,
ԵՐԿՆՔԻ ՀԵՏ
Բաժանում ու կորուստ է անդարձ
Եւ կարոտն է մրրկանում ամեհի,
Երկի՛նք իմ, հպարտ ու վէս կնոջ պէս
Ինքդ քեզ հանդարտ արտասուում ես էլի:
Տանում ես անձայն քո ցաւը, վիշտը խոր,
Որոտներ ու շանթեր չես արձակում,
Երկնային լացդ թափուո՜ւմ է ու թափուո՜ւմ,
Միայն արտասուքդ է, որ չես զսպում:
Ուշ աշնան դէմքին երգելով՝
Անձրևում ես անվերջ, անդադար,
Բայց այնքան հզօր ես ինձ թուում,
Որ ես աղօթում եմ քեզ համար:
Ոչ քամին է սրբում թախիծդ,
Ոչ էլ արևն է ուսդ շոյում,
Ինքդ ես նետում դէմքիդ քողը սև,
Կրկին հմայում ես, կրկին գերում:
Բաժանում ու կորուստ է անդարձ,
Թէ՞ կարոտն է մրրկանում ամեհի,
Ցամաքել են վաղուց աղի գետերն էլ իմ,
Ես ժպիտներում եմ փնտրում սպեղանի:
ԱՄԵՆԱԶՕՐՍ
Երկնաւո՜րս, Անմոռա՜ցս, Միակս,
Ճիւղերս պարզել եմ դէպ Քեզ,
Տեսե՞լ ես հազար տեղով
Մի կերպ կցմցուած մարմինս,
Գիտեմ՝ տեսել ես:
Արծաթէ անձրևիկնե՛ր շաղիր վրաս,
Որ քօղարկեմ վէրքերիցս
յորդացող թացը բոսոր,
Անթաքոյց պահեմ բեկումներս, անզօրութիւնս,
Յուզումներս, անուրջներս
Ու խռովքներս բոլոր,
Որ շողարձակուեմ ճերմակափայլ շատրուանով,
Կարողանամ թեթև շնչել,
Ժպտալ միայն, պարզապէս ժպտալ
Ու առաջուայ պէս անաղարտ մնալ
Այս ճղճիմ օրերի գորշութեան մէջ,
Երկնաւո՛րս, չգիտեմ՝ կստացուի՞ արդեօք
Առանց հենակի, առանց Քեզ,
Երբ մոռացուած եմ, ջախջախուած եմ այնպէս,
Երբ չկայ սիւնը կայմ պահող…
Անթարգման են մնում մրմունջներս,
Առանց Քեզ կստացուի՞, Ամենազօրս,
Թէ՞ էլ չյուսամ, ի՞նչ կասես:
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Իմ ստեղծագործութիւնների տետրերը
Երկրաշարժի աւերակների տակ մնացին,
Փլուածքների տակ մնացին իմ առաջին թևաբախումները՝
Երազային, մաքրամաքուր, անուշաբոյր, եդեմական,
Հոգուս թրթիռներն արևոտ էին, բողբոջուն,
Առկայծող էին ցոլացող աստղերի նման:
Միամիտ սերս, է՛հ, ի՞նչ արած, կուտ գնաց,
Միջից՝ հում, երեսից՝ սևացած, վառուած,
Մայրս թոնրից հանած կուտը հաւէրին էր տալիս,
Նրանք հենց դրան էլ սպասում էին երևի,
Կչկչում էին, կտցահարում էին ուրախացած…
Իսկ ես իմ անեփ սերը պահեցի
Որպէս գանձ, որպէս թանկ նշխար,
Իմ սերը՝ միջից հում խմոր,
Դրսից սևացած, այրուած,
Իմ սերը՝ երբեք չհամտեսած…
ԱՐԻ՛
Հենց տեսնես բուք է, արի՛, ես եմ եկել
Ու տե՛ս, կարօտս ինչպէս է մոլեգնում,
Յախուռն զգացմունքներից է, որ վայում եմ,
Անամոքութիւնից է, որ չեմ հանդարտուում…
Երբևէ ջերմացե՞լ ես սառցահարումներից,
Կտրուե՞լ է շունչդ՝ խելահեղ-խելահեղ,
Զգացե՞լ ես, սերը՝ զարմանալիօրէն
Բորբ չի եղել այսքան մերժումներից երբեք:
Հենց տեսնես բուք է, արի՛, այդ ես եմ,
Ճերմակ անուրջների իմ պարտէզում
Այնքան ցնորումներ ու երանութիւն կա,
Հիմա լինելու է այն, ինչ որ չեղաւ կեանքում:
ԽՌՈՎՔ
Ծաղկանց խռովքը ծաղկաթերթերը կոծկելն է ամուր ու չբացելը,
Ծառի խռովքը անպտղութիւնն է:
Էլ չեմ ծաղկում, բար չեմ տալիս,
Իմ եսը կլանուել է մենք, մեր արմատներից
Ու ձոլուել է նրանց:
Հայրենիքը ես չեմ, Հայրենիքը մենք ենք,
Հայրենիքն իմը չէ, Հայրենիքը մերն է,
Հայրենիքը քաջերն են դիւցազուն,
Որ կռիւ տուեցին ու արծիւներ դարձան
Մռաւում, Ջրականում, Կովսականում…
Ի՜նչ խառնափնթոր տարիներ են.
Մեկն հազարի դէմ կռուի, յաղթի, բայց պարտուենք…,
Ո՞վ է տեսել հայն իր ձեռքով սեփական տունն այրի,
Հեռանայ պապենական հողից
Ու ենթարկուի չարիքի խաղերին,
Ո՞վ է տեսել… Շա՜տ ենք տեսել:
Եւ ո՞վ է կեանքի ջուր ցօղելու հերձուողին,
Աչքս ճամբիդ է, Բարձրեա՛լ, արի՛, ասա՛,
Կա՞ մէկը, որ կարողանայ ազգիս ցաւը փակագծել,
Որպէս անկանոն կոտորակ,
Չէզոքացնի բացասականը դրականով,
Նոր արմատներ հանի, վերագտնի կորցրածը՝
Ճիւղերը, սաղարթները ծաղկած…
Աչքս ճամբիդ է, Բարձրեա՛լ,
Չեմ ուզում խռով լինել աշխարհից, քեզանից,
Երկնային հրաշքի եմ սպասում ազգիս համար,
Հայրենիքիս համար,
Ուզում եմ վայելել պահը հմայքի,
Որ վիշտս խինդ դառնայ անմար
Եւ ժպտամ մոգութեամբ մոռացման
Ու խռովքս ջուրը տանի,
Ձայնեմ,-Չե՜մ չորացել, բար եմ տալիս,
Արև է, ծաղկում եմ էլի՛:
ԼՈՒՍԱԴԱՐՁ
Քո թոնրատան լաւաշները թափ են լինում, Հայրենի՛քս,
Ջերմութիւնը պակասել է թխուող հացի,
Ցախ հաւաքեմ, բոց է ուզում թոնիրն էլի,
Որ շիկանայ ու լաւաշը մոխրին չառնի…
Թոնրատունդ կողոպտուել է, Հայրենի՛քս,
Անկիրթներն ու անկուշտներն են
Հիմա միայն զուարճանում,
Տե՛ս, ինչպէս են անփոյթ-անհոգ
Գիշեր բացել խրախճանքի,
Թոնրիդ ակը քոռացել է, օդ է ուզում, լոյս է ուզում,
Ակդ բացեմ, որ չխեղդուես, որ չծխաս,
Յետոյ գնամ՝ ցախ հաւաքեմ,
Սառնացել է հացատունդ,
Բոց է ուզում թոնիրդ էլի…
Երկնքներում Արծիւ դարձած
Հերոսներդ են քաղցում հիմա
Ու տենչում են քո հողերի վերադարձին,
Պարտութիւնը, մատնութիւնը չի՛ ներուելու,
Է՛հ, ես գնամ՝ երդիկ բացեմ,
Ալիւր մաղեմ Լուսադարձի…
ՊԻՏԻ ՀԱՏՈՒՑԷՔ
Ապրում եմ իբր թէ՝
Հերոս տղաներին իմ սրտում պահած,
Կրելով իմ մէջ ողջակէզ զինուորների
Մոխրացած հառաչները,
Հայ զինուորներիս անձնազոհ խիզախումները,
Փլուածքների տակ ճզմուող մարմինների
Ճիչերն՝ օգնութիւն աղերսող…
Դաժան-դաժան մարդիկ,
Ագահ, անհոգ մարդի՛կ,
Ձեզ դրախտավայր Երկիր ընծայուեց,
Դուք այն վերածեցիք սարսափ ֆիլմի,
Չէ՞ք տեսնում, ձեր փոսերը փորուած են արդէն…
ԼԵՆՆԱԿԱՆՍ
Աշնանային վերջալոյսը բոսորել է քաղաքս,
Ես անցնում էի վարդագոյն ցոլքերի բոցէ շղարշով
Ու թուում էր՝ հեքիաթի աղջիկն էի
Եւ իմ անցումը, որ ճախրանքի էր նման,
Երբեք չէր խոչընդոտուելու:
Ես անցնում էի Լեննականիս գրկով, Լեննականս գրկած
Այդ պահին աշխարհի երջանիկն էի,
Չէի ուզում տեղ հասնել,
Չէի ուզո՜ւմ…
Չգիտէի, որ դաւէր են նիւթուում և՛ քաղաքիս, և՛ ինձ համար,
Որ թիկունքից ենք խոցուելու ՙբարեկամի՚ ձեռքով,
Աւերակուելու ենք, կորցնելու ենք, դառնանալու
Եւ ցաւելու ենք անսփոփ, անբուժելի՝
Չգիտէի…
Հիմա կրկին գրկել եմ քաղաքս և քաղաքս է ինձ գրկել,
Ժպտում ենք՝ ցաւերս կոծկած,
Ալերս դուրսն արած, սևերս՝ ներս,
Աշնանային վերջալոյսը կրկին բոսորել է քաղաքս,
Բոցէ շղարշները վարդագունել են փողոցներն ու երկինքը,
Քաղաքս կանչում է էլի.
-Մեր հրեղէն ձիերը վաղուց սպասում են,
Գնանք շրջելու արևներով,
Աղջի՜կս, հը՛, ի՞նչ կասես…