Աշոտ Ղուլեան
ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ
Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
Մեր առօրեայ խնդիրները ժամանակ ու ցանկութիւն չէն թողնում նախկինում ունեցած մեր յաջողութիւնների եւ ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծութիւնների համար, մինչդեռ այսօրուայ բացթողումների պատճառների մեծ մասը պէտք է փնտրել ոչ վաղ անցեալում տեղի ունեցած իրադարձութիւնների, կիսատ մնացած գործընթացների եւ հնարաւոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում:
Քննարկման նիւթը հետխորհրդային նոր դասաւորութեան, աւելի ստոյգ՝ նոր սերնդի պետութիւնների կամ չճանաչուած, բայց փաստացի գործող պետական կազմաւորումների մասին է. Խորհրդային Միութեան տրոհման պահին առաւել յայտնի էին հետեւեալ չորս կազմաւորումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, Աբխազիայի Հանրապետութիւնը, Հարաւային Օսիայի Հանրապետութիւնը եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետութիւնը:
Այս յայտնի քառեակի մէջ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնն (ԼՂՀ) ակնյայտ առանձնանում էր մի շարք յատկանիշներով: Թեկուզ այդ խմբի մէջ ԼՂՀ-ն ամենաուշն էր յայտարարել իր անկախութեան մասին՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին (պատճառը պէտք է փնտրել մինչ այդ ժամկէտը գործող կոնցեպտի մէջ, 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիաւորման մասին համատեղ որոշումը), եւ թէպէտ Արցախի ազատագրական պատերազմն ամենաերկարատեւն էր (1991-1994թթ.), բայց, այս ամենով հանդերձ, Լեռնային Ղարաբաղը՝ Արցախի Հանրապետութիւնը, շատ աւելի արագ յաղթահարեց հետպատերազմեան դժուարութիւնները եւ 2000-ական թուականների սկզբից կանգնեց կայուն զարգացման ուղու վրայ:
Նոյն այդ ժամանակահատուածում ակտիւացան նաեւ կապերն ու շփումները հէնց այդ կազմաւորումների՝ դէ-ֆակտոյ պետութիւնների միջեւ. աւելի յաճախակի սկսեցին պատուիրակութիւններով փոխանակուել, եւ այդ այցերը սովորաբար տեղի էին ունենում միմեանց տօների առթիւ շնորհաւորելու, յիշատակի օրերին յարգանքի տուրք մատուցելու եւ խորհրդարանական կամ նախագահական ընտրութիւններին դիտորդական առաքելութիւն իրականացնելու նպատակներով:
Այդօրինակ այցելութիւնների ընթացքում միւս երեք հանրապետութիւնների պաշտօնեաները, հանրային գործիչները չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիացմունքը եւ, առանց չափազանցութեան, ընդգծում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջատար դիրքերը քաղաքական, տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում, ինչի մասին նրանցից շատերը խօսում էին բարի նախանձով: Արցախեան կողմից բացատրութիւնը միշտ նոյն տրամաբանութեան մէջ էր. ՛՛Մենք Հայաստան ունենք մեր թիկունքում, իսկ աշխարհասփիւռ հայութեան համար Արցախը հպարտութեան աղբիւր է՛՛:
Մայր հայրենիքը եւ համաշխարհային հայութիւնը մէզ աջակցում էին բոլոր ուղղութիւններով
Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում կողմերի փոխյարաբերութիւնների եւ դրանից բխող ձեւաչափերի մասին թերեւս ճիշտ բնութագրում է տուել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամեայ համանախագահ, ՌԴ Նախագահի յատուկ ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը, ով իր ՛՛Խաղաղութիւն Ղարաբաղին՛՛ գրքում, խօսելով ղարաբաղեան հակամարտութեան առանձնայատկութիւնների մասին, գրել է. ՛՛Յատուկ դժուարութիւններ էր ստեղծուել ու ստեղծւում ղարաբաղեան հակամարտութեան քաղաքական կոնֆիգուրացիայի իւրայատկութեամբ. ի տարբերութիւն Վրաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ՛՛երկչափ՛՛ ներպետական կոնֆլիկտների, որտեղ երկու կողմերը ուղղակի հակամարտում էին իրար հետ՝ էթնիկ, կլանային կամ այլ հիմքով, Ղարաբաղում դիմակայութեան պատկերը սովորական չէր՝ այստեղ ռազմական հակամարտութեան մէջ երկու կողմ կար, իսկ քաղաքականում՝ դրանք երեքն էին՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը՛՛:
Բնական է, որ այս դասաւորութեան մէջ Արցախը պէտք է ապաւիներ Մայր հայրենիքին, իսկ Հայաստանը պէտք է քաղաքական զօրակցութիւն ցուցաբերեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ դառնար նրա անվտանգութեան երաշխաւորը: Անկախութեան առաջին տարիներին այդ յարաբերութիւնները դրուեցին ճիշտ հիմքերի վրայ եւ միջազգային ճանաչում ունեցող Հայաստանի Հանրապետութիւնը զրահ դարձաւ Արցախի պետականութեան ու ժողովրդի համար:
Միւս երեք չճանաչուած հանրապետութիւնների պաշտօնեաների համար Արցախում հետաքրքիր էր ամէն ինչ, բայց յատուկ ուշադրութիւն կար Արցախի Պաշտպանութեան բանակի հանդէպ: Ճանաչման ձգտող պետութիւնների ներկայացուցիչները Արցախ այցելելու իրենց ծրագրերի մէջ խնդրում էին անպայման ներառել ՊԲ զօրամասէր կամ դիրքեր այցելելու ցանկութիւնը եւ, սովորաբար, այդ այցերից յետոյ ոգեւորուած պատմում էին բանակաշինութեան եւ, ընդհանրապէս, անվտանգութեան ոլորտին վերաբերող հարցերում Արցախի Հանրապետութեան առաջընթացի մասին:
Այս նկարագրութիւնների հիմքում նշուած տարիների համակողմանի աջակցութեան փաստն էր եւ Հայաստան-Արցախ համագործակցութեան տարէցտարի աճող մակարդակը: Հայկական երկու հանրապետութիւնների յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով այնքան էին խորացել եւ լրացուել բովանդակային իմաստով, որ պետական շատ հաստատութիւններ ինքնուրոյն համագործակցութեան յուշագրեր ու համաձայնագրեր ունէին ստորագրուած:
Հետխորհրդային տարածքի միւս չճանաչուած պետութիւններից ոչ մէկը չուներ Արցախի Հանրապետութեան պաշտպանուածութիւնը արտաքին քաղաքական ճակատներում: Բաւական է նշել միջազգային կազմակերպութիւններում (ընդհուպ ՄԱԿ եւ ԵԱՀԿ) Արցախի պաշտօնական դիրքորոշումը տարածելու հնարաւորութեան մասին, ինչը կատարուել է ոչ մէկ անգամ: ՀՀ դեսպանատների ու մշտական ներկայացուցչութիւններին հրահանգուած էր համակողմանի աջակցութիւն ցուցաբերել Արցախի Հանրապետութեան պաշտօնեաներին՝ օտարերկրեայ այցերի եւ հանդիպումների ժամանակ: Տարիների ընթացքում ձեւաւորւում էր նաեւ Արցախի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւնների ցանցը, որը համագործակցելով նստավայր երկրներում ՀՀ դեսպանատների հետ, ապահւում էր ղարաբաղեան հիմնախնդրի մասին անհրաժեշտ տեղեկատուական, քարոզչական, լոբբիստական աշխատանքը, որի արդիւնքում ղարաբաղեան հակամարտութեան նախապատմութիւնը, մանրամասներն աւելի ընկալելի էին դառնում տարբեր երկրների քաղաքական, դիւանագիտական եւ փորձագիտական շրջանակների համար:
Դասական դիւանագիտական ակտիւութեանը զուգահեռ նկատելի ակտիւութիւն էր գրանցուել նաեւ խորհրդարանական դիւանագիտութեան ուղղութեամբ: 2010-2020թթ. ընթացքում Արցախի Հանրապետութեան Ազգային ժողւում ձեւաւորուեցին /փոխադարձութեան սկզբունքով, իհարկէ/ հինգ բարեկամական խմբեր ու շրջանակներ: Այս հարթակում ձեւաւորուող շփումների եւ փոխյարաբերութիւնների ընդլայնման գործում նոյնպէս կարեւոր դերակատարութիւն էին ստանձնել ՀՀ դեսպանները, խորհրդարանի պատգամաւորները, այդ երկրներում գործող հայկական կազմակերպութիւնները՝ Հայ դատի տեղական կառոյցների ակտիւ մասնակցութեամբ:
Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ տարուող ծաւալուն աշխատանքի մէջ անչափ կարեւոր տեղ ունէր հայկական սփիւռքը՝ իր բոլոր կառոյցներով՝ համայնքային, կուսակցական, մասնագիտական կազմակերպութիւններով, որոնք տարբեր երկրներում իրենց վրայ էին վերցրել Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան, իսկ որոշ երկրներում՝ նաեւ ներկայացնելու բարդ աշխատանքը: Շատ յաճախ այդ գործունէութիւնը իրականացւում էր նոյն այդ երկրներում գործող կամ գործուղուած ադրբեջանական /երբեմն նրանց միանում էին թուրքական կառոյցները/ խմբերի կողմից խոչընդոտող ակցիաների եւ կոշտ հակազդեցութեան պայմաններում:
Հայկական Սփիւռքի դերակատարութեան մասին խօսելիս չի կարելի շրջանցել այն հսկայածաւալ աջակցութեան թեման, որի շնորհիւ Արցախում բազմաթիւ ծրագրեր են իրականացուել կրթութեան, գիտութեան, առողջապահութեան, ենթակառուցուածքների ոլորտներում: Այդ ծրագրերի մի ստուար մասը իրականացուել է Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեան խորհրդանիշ դարձած Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով, որի պատասխանատուները անչափ կարեւոր համակարգման աշխատանք էին իրականացնում Արցախում եւ Հայաստանում պահանջուած մի շարք ծրագրերի համար: Առաւել յայտնի ծրագրերից են Արցախը Հայաստանին միացնող Գորիս-Ստեփանակերտ եւ Վարդենիս-Մարտակերտ մայրուղիների շինարարութիւնը:
Սեղմ յօդուածի շրջանակներում հնարաւոր չէ ամբողջովին բացել այն մեծածաւալ աշխատանքի բոլոր ուղղութիւնները, որոնք անհրաժեշտ են եղել Արցախի Հանրապետութեան առաջատարութիւնն ապահովելու համար: Համայն հայութեան կողմից զրկանքները եւ զոհաբերութիւնները, որ կատարուել են հայկական Արցախ ունենալու, Շուշին հայութեանը վերադարձնելու եւ տօնական օրեր ունենալու համար, ամբողջովին հակոտնեայ են այսօրուայ իշխանութիւնների կողմից Արցախի պետական հաստատութիւնների հանդէպ վերաբերմունքին, արցախահայերի իրաւունքների պաշտպանութեանն ու սոցիալական կարիքների բաւարարմանն ուղղուած քաղաքական ուղեգծին: Եւ այդ իրավիճակը որեւէ խելամիտ բացատրութիւն չունի:
Ընդհանուր առմամբ, ո՛չ հետխորհրդային տարածքում եւ ո՛չ էլ աշխարհի քարտէզի վրայ որեւէ մէկ այլ կոնֆլիկտի (էթնօքաղաքական) պարագայում անհնար է ներկայացնել հիմնաւորումների աւելի մեծ փաթեթ, քան մենք ենք ունեցել (այսօր էլ դրանք չէն կորել) ղարաբաղայ-ադրբեջանական հակամարտութեան դէպքում, եւ այս հանգամանքն էլ է ԼՂՀ-Արցախը շահեկանօրէն առանձնացրել միւսներից: Պատմական, իրաւական, քաղաքական ու քաղաքակրթական բազմաթիւ հիմնաւորումներ ու փաստարկներ, թէ ինչու հայկական Արցախը կարող է գոյատեւել միայն ու միայն իր համար հարազատ միջավայրում: Իսկ որ դա բացարձակ ճշմարտութիւն է, ապացոյցը 2023թ. հաւաքական տեղահանութիւնն է ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ եւ, ցաւօք, այն իրավիճակը, որ այս պահին տիրում է օկուպացուած Արցախի Հանրապետութեան տարածքում:
Գրեթէ համոզուած եմ, որ կը գտնուեն հակաճառողներ, որ այն ժամանակ ուրիշ էր, մենք շահեկան վիճակում էինք եւ այլն: Որպէս այդ պնդումների պատասխան, պէտք է յղում անեմ 1992թ. մարտին ձեւաւորուած ԵԱՀԿ (ԵԱՀԽ) Մինսկի կոնֆերանսի նախագահ իտալացի դիւանագէտ Մարիոյ Ռաֆֆայելլիին, ով նոյն 92թ. օգոստոսին, երբ որ Արցախի 40 տոկոսը գրաւուած էր եւ, դեռ շարունակւում էր Ադրբեջանի ագրեսիան, ԵԱՀԿ Գործող նախագահ Ի. Դինստբիրին գրած նամակում (ցաւօք սկզբնաղբիւրը չգտայ՝ Արցախի ԱԳՆ փակ կայքի ու ՀՀ ԱԳՆ ՛՛դատարկուած՛՛ կայքի պատճառով, ուստի մէջբերեմ յիշողութեամբ) նշում էր, որ եթէ այսպէս շարունակուի (խօսքը Արցախ տարածքի շարունակուող օկուպացիայի մասին է), ապա Մինսկի խումբը կկորցնի բանակցութիւնների առարկան, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ չի լինի (30 տարի առաջ մտածուած ծրագիրը նոյնն էր): Դրանից յետոյ եղան 1993-1994թթ. ազատագրական մարտէրը եւ 1994թ. մայիսին հաստատուած զինադադարը: (Ի դէպ, այդ կարեւոր իրադարձութեան 31-րդ տարին է լրանում հէնց այս օրերին, սակայն պատշաճ անդրադարձ այդպէս էլ չկայ:)
Այս յօդուածը նաեւ զգուշացում է այն մասին, թէ ինչպէս չի կարելի առաւելութիւնը դարձնել բեռ, հպարտութիւնը՝ նուաստացում, իսկ գաղափարախօսութիւնը՝ պարտուողականութիւն: