Որոշ նշաններից դատելով՝ կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգեւորականները կարծես թէ որոշել են դուրս գալ «եթէ քեզ ապտակում են, միւս այտդ էլ դէմ տուր» քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ-որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանութիւնների դէմ։
Անցած կիրակի Հովհաննաւանքում ֆեյք պատարագից եւ կարգալոյծ եղած քահանայ Ստեփան Ասատրեանի կողմից եկեղեցին զաւթելուց օրեր անց յանցագործութեան մասին հաղորդում է ներկայացուել այդ դէպքով, իսկ երէկ Մայր Աթոռը կոշտ յայտարարութեամբ հանդէս եկաւ։
Մեր տեղեկութիւններով՝ մի քանի օր է պահանջուել Վեհափառին համոզելու համար, որ պէտք է որոշ դիմադրութիւն ցոյց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննաւանքի ֆեյք պատարագի փաստով, եւ հաղորդումն փաստաբան Արայ Զոհրաբեանը նախօրեին ներկայացրել է դատախազութիւն։
Արայ Զոհրաբեանը կիրակնօրեայ «պատարագից» առաջ եւս մէկ հաղորդում է ներկայացրել՝ կրօնական ծէսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպէս նաեւ՝ տաճարի զաւթումը կանխելու անհրաժեշտութեան մասին:
Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրեանին վտարել Հովհաննաւանքից, որը նախատեսուած է բացառապէս հոգեւորականների համար։
Իսկ Մայր Աթոռը երէկ յայտարարեց, որ «Հովհաննաւանքում ծիսակատարութիւնների անուան տակ կատարուող գործողութիւնները պղծութիւն են», եւ «Հովհաննաւանքի եկեղեցին ենթակայ է վերասրբագործման»
«Հրապարակ»
