ՀՀ նախկին արտգործնախարար, Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազեանն անդրադարձել է Գագիկ Ծառուկեանի առաջարկած «Երաշխաւորուած խաղաղութիւն» հայեցակարգին․
««Երաշխաւորուած խաղաղութիւն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցոյց տուեցին, թէ որքան զգայուն եւ կենսական է անվտանգութեան ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով եւ բառապաշարով մերժել այն եւ ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծուած իրավիճակը։ Նշանակում է նաեւ չտեսնել Հայաստանն այս լարուածութիւնից դուրս հանելու թերեւս միակ ճանապարհը։
«Երաշխաւորուած խաղաղութիւնը» հիմնուած չէ կողմերի բարի կամքի վրայ. այն ելնում է միջազգային քաղաքականութեան իրատեսական տրամաբանութիւնից։ Կայուն խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն ժամանակ, երբ գոյութիւն ունեն դրա ապահովման մեխանիզմներ եւ խախտման համար պատասխանատուութեան համակարգ. Խոսքը վերաբերում է պրագմատիկ յարաբերութիւնների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռուած են տարածաշրջանային հաւասարակշռութեան վերականգնմամբ, եւ որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման հետ:
Ի պատասխան «Երաշխաւորուած խաղաղութիւն» հայեցակարգին սկսել է շրջանառուել այն թեզը, թէ Հայաստանի անվտանգութեան երաշխիքները արդէն եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չէն աշխատել։ Արդիւնքում ասում են՝ Հայաստանը պէտք է ինքն իրեն դարձնի «երաշխաւորուած խաղաղութեան» երաշխաւոր:
Այս փաստարկը պարունակում է հիմքային տրամաբանական սխալ: Եթէ գործող անվտանգութեան մեխանիզմները անբաւարար կամ ոչ արդիւնաւետ են եղել, դա չի նշանակում ընդհանրապէս հրաժարում երաշխիքներից, այլ դրանց վերանայում եւ ինստիտուցիոնալ ամրապնդում: Երաշխիքներից հրաժարուելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլեւ ուղղակիօրէն խորացնում է ռազմավարական խոցելիութիւնը.
պետութիւնը, որը գտնւում է հարեւանների հետ ռազմական եւ ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղութեան երաշխաւոր: Միջազգային քաղաքականութեան մէջ նման նախադէպ գրեթէ գոյութիւն չունի։ Արտաքին պարտաւորութիւնների, պատասխանատուութեան մեխանիզմների եւ միջազգային վերահսկողութեան բացակայութեան դէպքում ցանկացած «խաղաղութիւն» վերածւում է ընդամէնը ճգնաժամէրի միջեւ ժամանակաւոր դադարների։
Բնականաբար, այս համակարգի կարեւոր բաղադրիչն է մոնիթորինգի եւ երաշխիքների մանդատը, որը կարող է ձեւաւորուել ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափով։ Սակայն դրա արդիւնաւետութիւնը պայմանաւորուած է ոչ միայն իրաւական ձեւակերպումներով, այլ նաեւ երաշխաւորող պետութիւնների քաղաքական կամքով եւ նրանց ռազմավարական շահերի համընկնմամբ Հայաստանի հիմնարար շահերի հետ։ Յենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային յարաբերութիւնների վերաիմաստաւորում՝ հռչակագրային պարտաւորութիւններից դէպի չափելի, ձեւականացուած պատասխանատուութեան եւ գործնական աջակցութեան գործիքներ։
Խաղաղութիւնը չի կարող պահպանուել, եթէ չկայ խախտման դէպքում գործարկուող պատասխանատուութեան մեխանիզմ։ Հետեւաբար խաղաղութեան պայմանագիրը պէտք է ներառի աւտօմատ քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ, խախտումների միջազգային քննութեան պարտադիր ընթացակարգ եւ նախապէս համաձայնեցուած արձագանքման միջոցներ։ Առանց նման դրոյթների ցանկացած համաձայնագիր մնում է խոցելի։
Յատուկ արժէ անդրադառնալ երաշխիքների «գնի» խնդրին: Ռազմավարական քաղաքականութիւնում գին միշտ գոյութիւն ունի, սակայն անվտանգութեան ինստիտուցիոնալ երաշխիքների բացակայութիւնը արդէն ունեցել է Հայաստանի համար ծանր հետեւանքներ: Հետեւաբար, խնդիրն այն չէ՝ գին կայ, թէ ոչ, այլ այն, թէ արդյօք այն կը լինի գիտակցուած, հաշուարկուած եւ համաչափ ազգային շահերին։ Շատ աւելի վտանգաւոր է, երբ երաշխաւորուած խաղաղութեան բացակայութիւնը յանգեցնում է անկանխատեսելի եւ պարտադրուած կորուստների։
Անհրաժեշտ է յատուկ ընդգծել՝ «երաշխաւորուած խաղաղութիւնը» ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին կախուածութեան հետ: Դրա ամբողջ իմաստը կայանում է Հայաստանի ռազմավարական նշանակութեան եւ սուբյեկտութեան վերականգնման մէջ. Խոսքը վերաբերում է այն համակարգի ձեւաւորմանը, որտեղ երկրի անվտանգութիւնը հիմնուած է ոչ թէ քաղաքական խոստումների, այլ սեփական կարողութիւնների զարգացմանը համընթաց շահերի համընկնման, պարտաւորութիւնների յստակեցման եւ արձագանքման իրական մեխանիզմների ներդրման վրայ:
Միջազգային յարաբերութիւնների պատմութիւնը յստակ ցոյց է տալիս՝ այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջոյ գործում է ուժի իրաւունքը։ Եթէ չկայ խաղաղութիւնը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծւում է պարտադրուած խաղաղութեան իրավիճակ, որտեղ յաղթողը թելադրում է իր պայմանները պարտուողին։ Երաշխաւորուած խաղաղութեան այլընտրանքը վերահսկուող անկայունութիւնն է։
Վերջապէս, այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրութիւն. կամ երկրի անվտանգութիւնը ինստիտուցիոնալացուած է միջազգային երաշխիքների եւ պատասխանատուութեան մեխանիզմների միջոցով, կամ մեր պետութիւնը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանութեան մէջ։ Միջազգային քաղաքականութիւնում երրորդ տարբերակ պարզապէս գոյութիւն չունի»։
