«Ապառաժ»-ի զրուցակիցն է «Լորիկ» բարեգործական հիմնադրամի տնօրէն Շանթ Չարշաւճեանը։ Զրոյցը հիմնադրամի միջոցով իրականացուած աշխատանքների եւ առաջիկայ ծրագրերի մասին է։
-Գիտենք, որ հիմնադրուել է կրթամշակութային հիմնադրամ, որը զոհուած Ազնաւուր Սաղեանի յիշատակին է։ Ի՞նչ նպատակով է այն ստեղծուել.
-Ազնաւուր Սաղեանի անուան կրթաթոշակային հիմնադրամը ստեղծել ենք, որ միշտ վառ մնա հերոս հաեորդու յիշատակը եւ ուսանողներն աւելի պարտաւորուած զգան իրենց։
-Կրթամշակութային ծրագիրը կեանքի է կոչուել 2025 թուականի նոյեմբերից։ Հիմնադրամում առաջին բարեգործութիւնը կատարուել է իմ կնոջ՝ Մարինէի՝ «Մարալն ու հայրիկը Արցախում» գրքի վաճառքի հասոյթից, որն իրականացուել է ԱՄՆ-ում։ Հետոյ ամերիկահայ մեր բարեկամները սկսել են նուիրատուութիւններ կատարել։ Մեծ նուիրատուներ չունենք, սակայն կան նուիրուած մարդիկ, որոնք իրենց ունեցածից նուիրաբերում են ու աջակցում արցախցի ուսանողին։ Հիմնականում նուիրաբերում են 50-100 ԱՄՆ դոլար։
Ամէն ինչ արւում է Արցախից տեղահանուած ուսանողներին օգնելու համար, քանի որ շատ-շատերը գումարի պատճառով կարող են զրկուել բարձրագոյն ուսումնական հաստատութիւնում սովորելու հնարաւորութիւնից։ Մինչեւ այսօր «Ազնաւուր Սաղեան»-ի անուան կրթաթոշակի է արժանացել 90 ուսանող, ովքեր սովորում են Հայաստանի 20 հաստատութիւններում՝ պետական համալսարաններ, բժշկական հաստատութիւններ, մանկավարժական եւ լեզուաբանական ուղղութիւններով համալսարաններ, մասնաւոր եւ անկախ բուհեր, մասնագիտացուած / Սպորտային /Գիտահետազօտական եւ այլ կրթական հաստատութիւններ։
Ուսանողներին տրամադրուած ընդհանուր կրթաթոշակը կազմել 16 մլն ՀՀ դրամ։ Մեկ ուսանողին տրամադրւում է 160-180 հազար ՀՀ դրամ։ Մենք աշխատում ենք հնարաւորութեան սահմաններում օգնել սովորողներին, պահպանել նրանց կրթութեան հասանելիութիւնը։ Կրթաթոշակից օգտուել են փայլուն սովորող ուսանողներ Շուշիից, Մարտակերտից, Ստեփանակերտից, Հադրութից, Մարտունուց, Թաղավարդից, Մուշկապատից, Ճարտարից, Սպիտակաշենից, Ծովատեղից, Գիշուց, Շեխերից, Մաճկալաշենից, Եմիշճանից, Խերխանից, Հերհերից, Կոլխոզաշենից, Աշանից։
Ուրախ եմ շատ, որ կարողանում ենք օգտակար լինել արցախցի տեղահանուած ուսանողներին, եւ այս ծրագիրը, կարծում եմ՝ շարունակական է լինելու։
—2023 թուականի սեպտեմբերից «Լորիկ» հիմնադրամի միջոցով փորձում եք տեղահանուած արցախցիներին ապահովել բնակարաններով։ Ինչքանո՞վ է յաջողուել այդ ծրագիրն իրականացնել․․․
-Ծրագիրն սկսել ենք կեանքի կոչել տեղահանութիւնից անմիջապէս յետոյ։ Ունենք 13 շայառու, որոնցից 5-ը՝ 2023 թուականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհուածների ընտանիքներ են։ Շայառուների համար այդ տները ձեռք ենք բերել մեծամասամբ Լոռու մարզում, 1 տուն Սեւան, 2-ը՝ Աբովեան քաղաքներում, իսկ 1 տուն՝ Երեւանին հարակից բնակավայրում։ Զոհուածների ընտանիքներին տներ ենք տրամադրել իրենց նախընտրած բնակավայրերում։ 2023-ի հոկտեմբերի վերջին մենք 1 ընտանիքի արդէն իսկ ապահովել էինք բնակարանով։
Ներկայ պահին չենք կարողանում նոյն ձեւով շարժուել։ Քանի որ արցախցիների մեծ մասը սկսել են հաւաստագրերով բնակարաններ ձեռք բերել, տների գներն ակնյայտ սկսել են աճել։ Այդ պատճառով հիմնադրամը հնարաւորութիւն չունի տուն գնել։ Մենք ընդամէնը կարող ենք ֆինանսական աջակցութիւն ցուցաբերել հաւաստագրով տուն ձեռք բերած մարդկանց (կարող է դա լինել վերանորոգման, կահոյքի ձեռք բերման կամ էլ տան գումարի պակասը լրացնելու համար)։ Առաջնահերթութիւնը տալիս ենք զոհուածների ընտանիքներին։
-Ի՞նչ կասեք առաջիկայ ծրագրերի մասին
-Նախատեսում ենք ծրագիր փոքր բիզնեսի զարգացման համար։ Ունենք 74 դիմորդ, ովքեր առցանց յայտ են լրացրել։ Ապրիլի սկզբին կաւարտենք ուսումնասիրութիւնը, կը կայացուի որոշում, ու շայառուները կստատան աջակցութիւնը։
Միւս ծրագիրը, որը նոր ենք կեանքի կոչել, իրենից ներկայացնում է Արցախի համայնքների, առանձին գերդաստանների պատմութեան վաւերագրութիւն։ Իմ նախապապերը Արեւմտեան Հայաստանից են, ես գրեթէ տեղեկութիւններ չունեմ նրանց մասին, ու դա միշտ ինձ ցաւ է պատճառում։ Ուզում եմ, որ սերունդները իմանան իրենց պատմութիւնը ու փոխանցէն իրենց ժառանգներին։ Մեծ ու ծաւալուն աշխատանք ենք սկսել, աշխատում ենք 3 խմբով, որտեղ ներգրաւուած են ակտիւ ու բանիմաց երիտասարդներ։ Քանի որ Արցախում ապրել եմ Մարտունու շրջանում, մտադրութիւն ունեմ ծրագրում ներառել շրջանի բոլոր գիւղերն իրենց հետաքրքիր մարդկանցով, մշակոյթով, աւանդոյթներով։ Արդէն ունենք աւելի քան 200 հարցազրոյց՝ Հացի, Աշան, Աւդուռ, Կղարծի գիւղերի բնակիչների հետ։ Յետագայում, իհարկէ, մեր բոլոր հարցազրոյցները՝ որպէս արցախեան համայնքների պատմութեան խօսուն վկաներ, կը հրապարակուեն եւ հասանելի կը լինէն աշխարհի բոլոր ծայրերում։ Ասեմ, որ փոքր գումարներով մեծ աշխատանք է կատարւում։ Ողջունում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած եմ մեր կողքին, ովքեր թեւ են տալիս, խրախուսում մեր հայրենանուէր գործին։
