Մեղսակից են բոլորը, բայց ամէնի հիմքը ՀՀ գործող իշխանութեան պահուածքն է․ Րաֆֆի Հովհաննիսեան

Մեղսակից են բոլորը, բայց ամէնի հիմքը ՀՀ գործող իշխանութեան պահուածքն է․ Րաֆֆի Հովհաննիսեան

Հայաստանի եւ Արցախի հետ կատարուածի հարցում մեղսակցութիւն ունեն բոլոր, բայց իրականում ամէն ինչի հիմքը ՀՀ գործող իշխանութեան պահուածքն է։ «Եռաբլուր» զինուորական պանթէոնում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսեանը։

Աւելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր իր շնորհաւորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականութիւնները չկատարելու համար։ Բացի այդ, Փաշինեանը նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ համաձայնէն Հայաստանին սպառազինութիւն ու ռազմական տեխնիկայ վաճառել։

«ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Արեւմուտքը․․․ բոլորն ունեն մեղսակցութեան աստիճանը, եւ մեր պատմագրութիւնը դա չի կարող հերքել, բայց այդ ամէնի հիմքը ՀՀ գործող իշխանութեան պահուածքն էր, յանցակցութիւնը, գլխաւոր հրամանատարի՝ արդէն խոստովանուած որոշումը, որ ինքը պէտք է տաներ մեր ժողովրդին դէպի պարտութիւն, որ հեքիաթային, յօրինուածքային, իր պատկերացրած հանրապետութիւնը յառնի։ Կարելի է մեղադրել բոլորին, տարբեր ուժերի՝ ըստ օրուայ քիմքի, կարելի է նախկինների մասին խօսել, բայց ուրիշներին մեղադրելն այս գործող իշխանութեան՝ իր վերջին ամիսներն ապրող ապօրինի, առ ոչինչ իշխանութեան հիմնական աշխատելաոճն է»,- ասաց Հովհաննիսեանը։

Նրա կարծիքով՝ այսօր մեր հանրապետութիւնը սնանկութեան փոսի մէջ է խրուած, որից պէտք է կարողանանք դուրս գալ։ Նա խոստովանեց՝ այդ պատասխանատուութիւնը կրում են բոլորը, այդ թւում՝ ինքը։

Նշէնք, որ այս տարի` յունուարի 28–ին, նշւում է ՀՀ զինուած ուժերի կազմաւորման 34-րդ տարեդարձը:

1992 թ. յունուարի 28-ին կառավարութիւնն ընդունեց «Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան մասին» որոշում` ազդարարելով Հաեօց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանութեան նախարարութիւնը սկսեց առաջին զօրակոչը հանրապետութեան տարածքում:

Share