Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան շէնքի քանդման գործընթացին.
«2025 թւականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետութեան անկախութեան օրը, ադրբեջանական կողմը սկսել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնւող Արցախի Արտաքին գործերի նախարարութեան շէնքի քանդման գործընթացը։ Սա ոչ միայն քաղաքական ու խորհրդանշական բնոյթ ունի, այլեւ ուղղւած է Արցախի պատմական յիշողութեան եւ մշակութային ժառանգութեան ոչնչացմանը։ Շէնքի քանդումը ուղեկցւել է լուսանկարների եւ տեսանիւթերի տարածմամբ, ինչը վկայում է գործողութեան նպատակաուղղւած ու ծրագրաւորւած լինելը։
Քաղաքի կենտրոնում տեղակայւած ԱԳՆ շէնքը Արցախի պետական ինստիտուցիոնալ յիշողութեան կարեւոր բաղադրիչներից էր եւ քաղաքական ինքնուրոյնութեան խորհրդանիշը։ Նկատենք նաեւ, որ շէնքը անցած դարի 50-ական թւականների ստեղծւած ճարտարապետական լուրջ կառոյց էր եւ ներառւած էր Արցախի հանրապետութեան յուշարձանների ցանկում: Այս քայլով Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրաւունքի հիմնարար դրոյթները եւ միաժամանակ մի շարք միջազգային կոնւենցիաներ։
Նախեւառաջ այն հակասում է 1954 թւականի Հաագայի կոնւենցիային «Զինւած ընդհարումների դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» եւ դրա 1999 թւականի երկրորդ արձանագրութեանը, որոնք արգելում են մշակութային արժէքների դիտաւորեալ ոչնչացումը կամ վնասումը։ Բացի այդ, շէնքի քանդումը հակասում է ԻՒՆԵՍԿՕ-ի 1972 թւականի «Աշխարհի մշակութային եւ բնական ժառանգութեան պաշտպանութեան կոնւենցիային», որը պետութիւններին պարտաւորեցնում է պահպանել իրենց տարածքում գտնւող պատմական արժէքները, անկախ քաղաքական հանգամանքներից։
Այն միաժամանակ խախտում է ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թւականի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան կոնւենցիան», քանի որ պետական ինստիտուտների շէնքերը կրում են նաեւ խորհրդանշական եւ ինքնութեան արժէք, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի 2007 թւականի «Բնիկ ժողովուրդների իրաւունքների հռչակագիրը», որը պարտադրում է պետութիւններին յարգել եւ պաշտպանել բնիկ ժողովուրդների պատմական յիշողութիւնը եւ մշակութային ժառանգութիւնը։ Այսպիսով, Արցախի ԱԳՆ շէնքի քանդումը պէտք է դիտարկւի ոչ միայն որպէս քաղաքական ճնշման մեխանիզմ, այլեւ որպէս մշակութային ցեղասպանութեան դրսեւորում, որի նպատակն է վերացնել հայկական ներկայութեան եւ ինքնութեան բոլոր նշանները Արցախում»։