Տնտեսագէտ, էներգետիկ հարցերով փորձագէտ Վահէ Դաւթեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ էկոլոգիական քողի ներքոյ, Թուրքիան շարունակում է հայկական «խաղաղ ատոմի» դէմ մղւող համակարգւած պայքարը:
«Յունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների հանրահաւաքին կրկին հնչել են Հայկական ԱԷԿ-ը փակելու պահանջներ:
Երեւոյթն ինքնին նոր չէ:
Հայկական «խաղաղ ատոմը» աւանդաբար հանդէս է գալիս մի շարք թուրքական կառոյցների քննադատութեան թիրախ, որոնք փորձում են ներկայացնել կայանը որպէս տարածաշրջանի համար բնապահպանական սպառնալիքի աղբիւր։ Միեւնոյն ժամանակ, անտեսւում են ինչպէս կայանի տեխնիկական վիճակի, այնպէս էլ դրա միջազգային վերիֆիկացման վերաբերեալ ակնյայտ փաստերը։
Հայկական ԱԷԿ-ը գտնւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան մշտական հսկողութեան տակ եւ բազմիցս ենթարկւել է ինչպէս կանոնաւոր ստուգումների, այնպէս էլ մասնագիտացւած սթրես-թեստերի։ ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիի 2023 թւականի այցը Հայաստան հաստատեց, որ կայանը շահագործւում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Դրանում կենտրոնական է «Ռոսատոմ»-ի դերը:
Ռուսական պետական կորպորացիայի շնորհիւ իրականացւեց կայանի տեխնիկական արդիականացման լայնածաւալ նախագիծ, որը ապահովեց անվտանգ շահագործման հնարաւորութիւնը մինչեւ առնւազն 2036 թւականը: Արդիականացումը թոյլ տւեց ոչ միայն բարձրացնել կայանի անվտանգութեան մակարդակը, այլեւ համապատասխանեցնել այն էներգաարդիւնաւէտութեան եւ կայունութեան նոր պահանջներին։
Ակնյայտ է, որ էկոլոգիական քողի ներքոյ շարունակւում է հայկական «խաղաղ ատոմի» դէմ մղւող համակարգւած պայքարը»,- գրել է նա: