«Փաստ» օրաթերթը գրում է։
Թուրքիան, Ատրպատականն ու Պակիստանը նպատակ ունեն համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ եւ բազմակողմ կապերի ամրապնդման ուղղութեամբ։ Այդ մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռէջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշած է, թէ Թուրքիան պատրաստ է խորացնել կապերը թուրքական պետութիւնների եւ Պակիստանի հետ։ Թեմայի հետ կապուած՝ «Հանրապետութեան հրապարակ» թելեգրամեան ալիքը նշում է, որ փաստացի Թուրքիան խորացնում է կապերը սիւննիական երկրի՝ միջուկային պետութիւն Պակիստանի հետ։ «Թուրք–պակիստանեան կապերի հիմքում ընկած են պանիսլամիստական ծրագրերը՝ Իսլամաբադը ցանկանում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերից ելնելով։ Թուրքիայի համար Պակիստանը ելք է դէպի Հնդկական օվկիանոս եւ կապ է իսլամական աշխարհի հետ։
Թուրքիան եւ Պակիստանը վերջերս ստորագրած են 24 համաձայնագիր համագործակցութեան շուրջ։ Կողմերը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառութիւնը հասցնել 5 միլիառ դոլարի։

Միւս կողմից, ըստ ալիքի վերլուծաբանների, Ատրպատականը ցանկանում է մաս կազմել թուրք–պակիստանեան դաշինքի եւ կապող օղակ հանդիսանալ Անկարայի եւ Իսլամաբադի միջեւ։ «Պակիստանը հետաքրքրուած է ատրպատականեան նաւթագազային ռեսուրսներով, գէօպոլիտիկ հարմար դիրքով՝ Կասպից ծով–Սեւ ծով միջանցքի շրջանակներում։ Իր հերթին, Ատրպատականը զէնքեր է գնում Պակիստանից, խորացնում է երկկողմ տնտեսական կապերն ու ձեռք է բերում նոր դաշնակից իսլամական աշխարհում։
Թուրքիան, Ատրպատականն ու Պակիստանը եռակողմ ֆորմատով համատեղ զօրավարժութիւններ են անցկացնում, եւ դրանք կրելու են պարբերական բնոյթ։
Ատրպատականն ու Պակիստանը վերջերս ստորագրած են բազմաթիւ պայմանագրեր էներգետիկայի, ռազմական արդիւնաբերութեան, տուրիզմի եւ այլ ոլորտներում համագործակցութեան վերաբերեալ։ Կողմերը ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառութիւնը հասցնել տարեկան մէկ միլիառ դոլարի։
Իսկ ո՞րն է Հայաստանի անելիքը։ «Հայաստանը պէտք է խորացնէ կապերը հարեւան ու բարեկամ Իրանի հետ՝ երկկողմ կապերը պէտք է բարձրացնել ռազմավարական դաշինքի մակարդակի։ Վերջերս հայ–իրանական համատեղ զօրավարժութիւններ են կայացած, ինչը սթափեցնող մեսիջ էր թուրք–ատրպատականեան տանդեմին։
Իրան–ԱՄՆ բանակցութիւնների արդիւնքում հնարաւոր է Իրանից հանուին պատժամիջոցներ, թուլանայ Արեւմուտք–Իրան լարուածութիւնը, ինչը դրական կազդէ նաեւ հայ–իրանական յարաբերութիւնների հետագայ զարգացման վրայ։
Իրանը Հայաստանի տարածքով՝ Հիւսիս–Հարաւ միջանցքով, կարող է դուրս գալ վրացական սեւծովեան նաւահանգիստներ եւ Եւրոպա, ինչպէս նաեւ Վերին Լարսով՝ դէպի ՌԴ։ ՌԴ-ն եւ Իրանը վերջերս ստորագրեցին ռազմավարական դաշնակցային նոր պայմանագիր, ինչը լրացուցիչ խթան կը հանդիսանայ նաեւ ՌԴ–ՀՀ–Իրան եռակողմ նախագծերը խթանելու համար։
Դրան զուգահեռ, ՀՀ-ն պէտք է խորացնէ կապերը միջուկային տէրութիւն, հզօր տնտեսութիւն ունեցող Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը Պակիստանի թիւ մէկ գէոպոլիտիկ հակառակորդն է, եւ եթէ Պակիստանը խորացնում է կապերը թուրք–ատրպատականեան տանդեմի հետ, ապա Հայաստանը՝ դրան ի հակակշիռ, պէտք է սերտացնէ կապերը Հնդկաստանի հետ։

ՀՀ-ն զէնքեր է գնում Հնդկաստանից, բայց դրան զուգահեռ պէտք է միլիոնաւոր ներդրումներ ներգրաւել Հնդկաստանից հայկական տնտեսութեան մէջ։ Հնդկաստանը ցանկանում է կեանքի կոչել Հնդկաստան–Իրան–Հայաստան–Վրաստան միջանցքը՝ դրանով հնդկական ապրանքները կարող են նաեւ Հայաստանի տարածքով ելք ունենալ դէպի Եւրոպա։
Հայ–իրանա–հնդկական կապերի խորացումն ու ռազմա–քաղաքական ու տնտեսական դաշինքը բխում է նաեւ Մոսկուայի շահերից, քանի որ այդ դաշինքը փակելու է Մեծ Թուրանի ճանապարհը։ Մեծ Թուրանն ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան սպառնալիք է Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, անգամ Հնդկաստանի համար։ Հնդկաստանում չեն բնակւում թիւրքախօս ժողովուրդներ, սակայն բնակւում է կես միլիառի հասնող մահմեդական բնակչութիւն, իսկ Թուրքիան պանթուրքիզմին զուգահեռ առաջ է քաշում նաեւ պանիսլամիստական ծրագրեր։
Այսպիսով, Հարաւային Կովկասում թուրք–ատրպատականեան տանդեմին եւ նրանց դաշնակից Պակիստանին դիմագրաւելու համար ՀՀ-ն պէտք է խորացնէ կապերը ՌԴ-ի, Իրանի եւ Հնդկաստանի հետ՝ բոլոր ոլորտներում, մանաւանդ ռազմական եւ տնտեսական»