«Զաւթէք ինչ ուզում էք, իսկ յետյ դա միջանցք անուանէք»

«Զաւթէք ինչ ուզում էք, իսկ յետյ դա միջանցք անուանէք»

Առանց մեկնաբանութեան ներկայացնում ենք Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում նախկին դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի՝ The Washington Times թերթում հրապարակված Azerbaijan not interested in making peace յօդուածի հայերէն թարգմանութիւնը, որը հրապարակուել է մէդիամաքս կայքում:

Գրիգոր Յովհաննիսեան

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտեի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը «հնարաւոր է՝ շարժուում են դէպի խաղաղութիւն»։ Սակայն իւրաքանչիւր ոք, ով հետեւում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանութեանը, կարող է այլ եզրակացութեան հանգել։ Նրա յայտարարութիւնները ոչ թէ խաղաղութեան ճանապարհային քարտէզ են բացայայտում, այլ իռեդենտիզմի եւ տարածքային ռեւիզիոնիզմի քօղարկուած փորձի վրայ հիմնուած արշաւ։

Խնդիրը Ալիեւի պահանջն է հարաւային Հայաստանով ցամաքային կամուրջ տրամադրելու մասին, որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավի՝ Թուրքիային սահմանակից Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան հետ։ Դա կստեղծի շարունակական ցամաքային կապ Թուրքիայից Նախիջեւանի միջոցով դէպի Ադրբեջան եւ այնուհետեւ դէպի Կենտրոնական Ասիայի աւելի լայն թիւրքական աշխարհ։ Ճանապարհին Հայաստանի Սիւնիքի մարզն է՝ Հայաստանի միակ ցամաքային ելքը դէպի Իրան, որը կարեւոր ռազմավարական եւ տնտեսական գործընկեր է։

Յուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպումից անմիջապէս յետոյ Ալիեւը յաղթականօրէն գրել էր «Զանգեզուրի միջանցքի ապագայ իրականացման» մասին՝ օգտագործելով վիճելի տարածքի ադրբեջանական անուանումը։ Իսկ ադրբեջանական լրատուամիջոցներում լայնօրէն մէջբերուող իր ելոյթում նա ասել էր. «Եւ միջազգային ասպարէզում, եւ՛ Հայաստանի հետ երկկողմանի շփումներում մենք մշտապէս ընդգծել ենք այս կէտը… Պէտք է ապահովուի Ադրբեջանից Ադրբեջան անարգել եւ անսահմանափակ անցում՝ առանց որեւէ ստուգման կամ խոչընդոտի։ Դա մեր պահանջն է»։

Այս ձեւակերպումը ցոյց է տալիս, որ Ալիեւի տեսլականը չի սահմանափակուում սոսկ տարանցիկ երթուղով։ Նա ձգտում է միջանցքի, որը զերծ կլինի հայկական սահմանային վերահսկողութիւնից, մի երթուղու, որը գործնականում կզրկի Երեւանը ինքնիշխանութիւնից իր տարածքի մի մասի նկատմամբ։ Խօսքը սահմանների վերանայման մասին է։

Քանի որ Նախիջեւանի հետ կապ հաստատելու նրա ցանկութիւնը անտրամաբանական չէ, այն արժանի է արդար վերլուծութեան։ Կարո՞ղ է արդեօք մի երկիր ողջամտօրէն պահանջել անսահմանափակ տարանցիկ միջանցք մէկ այլ ինքնիշխան պետութեան տարածքով միայն այն պատճառով, որ էքսկլավ ունի։ Օրինակ՝ արդեօք Միացեալ Նահանգները կպահանջե՞ն անարգել անցում Կանադայով՝ Ալասկա մուտք գործելու համար։

Թէեւ Բաքուն իր պահանջը ներկայացնում է որպէս խաղաղութեան հասնելու տրամաբանական քայլ, դրա իրաւական, պատմական եւ աշխարհաքաղաքական հիմքերը թոյլ են։ Միջանցքի ենթադրեալ հիմքը ընկած է Ռուսաստանի միջնորդութեամբ կնքուած հրադադարի համաձայնագրում, որով 2020 թուականի նոյեմբերին աւարտուեց Ղարաբաղեան Երկրորդ պատերազմը։ Այդ համաձայնագրում ասուում է. «ՀՀ-ն երաշխաւորում է Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ տրանսպորտային կապերի անվտանգութիւնը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղութիւններով կազմակերպելու համար»։

Սակայն այս անորոշ ձեւակերպումը Ադրբեջանին արտատարածքային վերահսկողութիւն չի տրամադրում եւ չի պարունակում «միջանցք» տերմինը: Կատարման միակ մեխանիզմը, որն այն ենթադրում է, մոնիթորինգն է ռուսական սահմանապահ զօրքերի կողմից:

Հայաստանը այս յօդուածը մեկնաբանել էր որպէս իր լիակատար իրաւասութեան ներքոյ տարանցիկ փոխադրումն ապահովելու պարտաւորութիւն՝ միաժամանակ պահպանելով սահմանային վերահսկողութիւնը, մաքսային եւ իրաւական վերահսկողութիւնը։

Ոչ մի պայմանագիր, ՄԱԿ-ի դրոյթ կամ նախադէպ չի ստիպում երկրին զիջել վերահսկողութիւնը իր հողերի նկատմամբ ՝ մէկ այլ պետութեան տարանջատուած մասերի միջեւ հաղորդակցութիւնը դիւրացնելու համար։ Տարանցիկ պայմանագրեր գոյութիւն ունեն, օրինակ, Ռուսաստանի եւ Լիտուայի միջեւ Կալինինգրադի համար, բայց դրանք գործում են ընդունող պետութեան վերահսկողութեան ներքոյ։

Աշխարհում կան բազմաթիւ էքսկլավներ, եւ դրանցից ոչ մէկը նմանատիպ պայմանագրերի չի հանգեցրել։

Արեւմտեան Բեռլինը (1945-1990) Արեւմտեան Գերմանիայի համար հասանելի էր մնում միայն բանակցութիւնների շնորհիւ։ Երբ ԽՍՀՄ-ն շրջափակում կիրառեց, Արեւմուտքը պատասխանեց օդային կամրջով, այլ ոչ թէ հողերի զաւթմամբ։

Արեւելեան Պակիստանը (1947-1971), որը Արեւմտեան Պակիստանից բաժանուած էր 1000 մղոն հնդկական տարածքով, երբեք միջանցք չէր ստացել՝ Հնդկաստանը հրաժարուել էր: Ի վերջոյ, Արեւելեան Պակիստանը անկախութիւն հռչակեց եւ դարձաւ Բանգլադեշ:

Բյուզինգեն-ամ-Հոխրհայնը, որը գերմանական էքսկլավ է Շվեցարիայում, սահուն գործում է համագործակցութեան, այլ ոչ թէ հարկադրանքի շնորհիւ:

Կալինինգրադը, որը Ռուսաստանի բալթյան էքսկլավ է, Լիտուայի միջով տարանցիկ իրաւունքներ ունի, բայց գտնուում է Եւրամիութեան եւ Լիտուայի խիստ վերահսկողութեան ներքոյ:

Հիւսիսային Աֆրիկայի ափին գտնուող Սեուտա եւ Մելիլյա իսպանական քաղաքները հաստատուն կերպով մնում են Իսպանիայի տիրապետութեան տակ՝ չնայած Մարոկկոյի պահանջներին: Իսպանիան երբեք թոյլ չի տուել միջանցքային ոճի որեւէ պայմանաւորուածութիւն, որը կթուլացնի իր ինքնիշխանութիւնը: Եւ, բնականաբար, երկուսի միջեւ Մարոկկոյի միջով միջանցք չկայ:

Օրինաչափութիւնը պարզ է. էքսկլավ ունենալը երկրին իրաւունք չի տալիս առանց կարգաւորման անցում ունենալ մէկ այլ ինքնիշխան պետութեան միջով: Այս հարցերը լուծուում են բանակցութիւնների, այլ ոչ թէ պարտադրման միջոցով: Մենք տնտեսական օգուտների վերաբերեալ փաստարկներ կլսենք, բայց ինքնիշխանութիւնը բանակցելի չէ, եւ լաւ բիզնեսը միջազգային նորմերի նման խախտումներ չի պահանջում:

Հայաստանը մանեւրելու շատ տեղ չունի: Սիււնիքի միջով անցնող իրական «միջանցքը» կթուլացնի նրա աշխարհաքաղաքական դիրքը, կկտրի Իրանից, կը վերաձեւաւորի Հարաւային Կովկասը եւ կդառնայ անհանդուրժելի նոր ոտնձգութիւն 2023 թուականին վիճելի Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի կորստից յետոյ։

Վերահսկողութեան զիջումը՝ խորհրդանշական կամ բառացի, ռազմավարական աղէտ կլինի։ Իրանը նոյնպէս զգուշացրել է, որ հայ-իրանական սահմանի ցանկացած փոփոխութիւն անընդունելի է։ Թեհրանը միջանցքի գաղափարը համարում է ուղղակի սպառնալիք Կովկասին իր հասանելիութեանը եւ ի պատասխան քօղարկուած սպառնալիքներ է հնչեցրել։

Ալիեւը փորձում է հրադադարի վերաբերեալ կէտը վերածել տարածքային ռեւիզիոնիզմի գործիքի։ Պատմութիւնը լի է անորոշ պայմանագրային լեզուի շահագործմամբ սկսուած պատերազմների օրինակներով։ Եթէ Հայաստանը ստիպուած լինի հարկադրանքի ներքոյ արտատարածքային հասանելիութիւն տրամադրել, դա վտանգաւոր նախադէպ կստեղծի։ Դա կպարգեւատրի հարկադրանքը, կխաթարի դիւանագիտութիւնը եւ ուղերձ կյղի այլ բռնապետներին. զաւթէք այն, ինչ ուզում էք, իսկ յետոյ դա միջանցք անուանէք։

Դա նաեւ կպարգեւատրի Բաքուի բռնապետական ռեժիմին, որն օգտագործում է իր էներգետիկ հարստութիւնը յայատյացութեան քողարկման համար։ Միջազգային հանրութիւնը պէտք է լուրջ վերաբերուի դրան։ Եթէ Թրամփը իսկապէս ցանկանում է ճանաչում ստանալ հայ-ադրբեջանական խաղաղութեան համար, նա պէտք է ստիպի Ալիեւին հրաժարուել «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու նկրտումներից։


Թարգմանութիւնը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Յօդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Share