Ադրբեջանը պաշտօնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հաւատարմագրուած հասարակական կազմակերպութիւնների յանձնաժողովին՝ ընդդէմ «Քրիստօնեական միջազգային համերաշխութիւն» (CSI) կազմակերպութեան, որը ՄԱԿ-ում խորհրդատուական կարգավիճակով ունեցող, մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւն է եւ աշխատանքներ է իրականացնում արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
Քանի որ կազմակերպութիւնը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումների եւ այլ յանցանքների մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչութիւնը կազմակերպութեանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողութիւններ» իրականացնելու մէջ եւ յանձնաժողովին խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երեւացող անհամապատասխանութիւնը» ՄԱԿ-ի պահանջներին։ ՄԱԿ-ում հաւատարմագրուած հասարակական կազմակերպութիւնների յանձնաժողովն Ադրբեջանի բողոքը եւ CSI-ի գրաւոր արձագանքը կքննարկի մայիսի 23-ին։
«Քրիստօնեական միջազգային համերաշխութիւնը» պարբերաբար ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում ուշադրութիւն է հրաւիրում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականութեան վրայ՝ հանդէս գալով յայտարարութիւններով եւ կազմակերպելով տարբեր միջոցառումներ։
ՄԱԿ-ում Ադրբջանի ներկայացուցչութեան կողմից սկսուած այս գործընթացի նպատակը CSI-ին ՄԱԿ-ում խորհրդատուական կարգավիճակից զրկելն է։ Սրա միջոցով վտանգւում է անկախ հասարակական կազմակերպութիւնների՝ ՄԱԿ-ի համակարգում ազատ արտայայտուելու իրաւունքը։
Անցեալ տարուայ յուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրաւունքների խորհրդում կազմակերպել էր հարակից ձեռնարկ՝ նուիրուած արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութեանը։ 2024թ․ հոկտեմբերի 1-ին եւ 2025թ․ մարտի 18-ին անցկացուել են միջոցառումներ, որոնց առանցքում են եղել Բաքւում պահուող հայ գերիների ազատ արձակման խնդիրը։
Ադրբեջանի բողոքում CSI-ին մեղադրւում է «անուաւեր կամ յօրինուած անուանումներ» օգտագործելու մէջ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անուանումը, ինչպէս նաեւ «Ադրբեջանի աղաւաղուած քարտէզ» ցուցադրելու մէջ, այսինքն՝ քարտէզ, որտեղ ընդգծուած է պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզը։
Ադրբեջանը նաեւ CSI-ին մեղադրում է «իրավիճակային փաստերը խեղաթիւրելու մէջ»՝ անդրադառնալով այն 16 հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնւում են դատաւարութեան փուլում։
Եթէ Ադրբեջանին յաջողուի հասնել CSI-ին խորհրդատուական կարգավիճակից զրկելուն, ապա դա կնշանակի՝ ոչ միայն մարդու իրաւունքների ոլորտում քննադատութեան սահմանափակում, այլեւ նոյնիսկ Լեռնային Ղարաբաղի գոյութեան մասին յիշատակման արգելք։ Տարածքը էթնիկ զտման ենթարկելով եւ մշակութային ժառանգութեան բազմաթիւ կոթողներ ոչնչացնելով՝ Ադրբեջանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրութեան յիշողութիւնից։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
23 մայիս, 2025